«Աշխարհը մտնում է պոստպուտինյան ժամանակաշրջան». Արամ Կարապետյան

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը քաղաքական բացատրություն չի տեսնում, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված չէր Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ կան շատ դեպքեր, որոնց մեջ քաղաքականություն փնտել պետք չէ: «Պարզ է, որ գնալու էր արժույթի մասին խոսակցություն, պարզ է, որ որոշակի առումով ԵՏՄ-ում հիմա բարդ է կացությունը, պետք է քննարկումներ գնար, և այլև, պարզ էր, որ թե՛ Նազարբաևը, թե՛ Լուկաշենկոն հիմա մտնում են ընտրական ցիկլերի մեջ, պետք է Պուտինին հրավիրեին,  ցույց տային, որ այդ ընկերությունը շարունակվում է, ամեն ինչ սերտ է, ջերմ է, նորմալ է, բայց այդտեղ էլ քաղաքականություն չկա, որովհետև թե՛ մեկում, թե՛ մյուս երկրում, թե՛ Նազարբաևին, թե՛ Լուկաշենկոյին ռեալ ալտերնատիվներ չկան, որպեսզի օգտագործես այդ ամենը»,- նշեց Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ կարծում է՝ կան անձնական որոշակի խնդիրներ, որոնք քաղաքականությունից դուրս են: Ա. Կարապետյանի տպավորությամբ՝ դատելով նրանից, որ Վ. Պուտինը երկար ժամանակ հիվանդացավ, բայց գնաց հանդիպման, ու այդ ընթացքում միայն եղավ հեռախոսազրույցը «հիվանդ Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև», դա ցույց է տալիս, որ «Պուտինն ամեն ձևով փորձեց ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններում խնդիրներ չկան, բայց կան խնդիրներ, որոնք ծագել են տեղում»:  «Իմ մտքով անցել է 2 տարբերակ: Երևի Նազարբաևը կամ մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ հանդիպումները, ուզում են ինչ-որ բաներ ցույց տալ թուրքական, ադրբեջանական ֆակտորին»:

Հարցին՝ իսկ Վ. Պուտինն ինչո՞ւ է ընդգրկվել այդ ամենի մեջ, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ այս հարցում ևս ինքն ունի 2 տարբերակ. «Առաջինն այն է, որ Պուտինն արդեն այն Պուտինը չէ, որ կարողանա բոլոր հարցերը լուծել: Կամաց-կամաց պետք է մենք արդեն նկատի ունենանք, որ աշխարհը և տարծաշրջանն արդեն մտնում են պոստպուտինյան դարաշրջան: Անպայման չէ, որ մենք տեսնենք Պուտինի՝ իշխանությունից դուրս գալը, կամ որևէ բան կատարվելն իր հետ, ու դրանով որոշենք, որ պոստպուտինյան  ժամանակաշրջան է: Այսինքն՝ կան նախանշաններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանը, Ռուսաստանը և ընդհանրապես աշխարհն այդ առումով մտնում է պոստպուտինյան ժամանակաշրջան»:

Երկրորդ տարբերակը, թե ինչու Վ. Պուտինն ընդգրկվեց այդ գործընթացում, ըստ Ա. Կարապետյանի՝ այն է, որ միգուցե Պուտինն էլ այնքան դեմ չէր, որ Սերժ Սարգսյանը չմասնակցեր այդ հանդիպմանը. «Եվ այստեղ հարցն ավելի շատ պետք է ուղղել Հայաստանի Արտգործնախարարությանը, նախագահի աշխատակազմին, նրա ղեկավարին, որ միշտ ներկա են նման հանդիպումներին: Միգուցե կա անվստահության մթնոլորտ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս