Բոլորն՝ ընդդեմ Սէֆիլյանի

«100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումն ապրիլի 24-ից շուրջօրյա և անժամկետ բողոքի ակցիաներ է սկսելու: Ու թեև շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը շեշտում է, որ հավաքները լինելու են խաղաղ` չխոչընդոտելով ապրիլքսանչորսյան միջոցառումները, ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը չի աջակցում Սէֆիլյանի շարժմանը։

Ավելին` այդ օրն անհնազանդության միջոցառումներ սկսելը խորհրդարանական ընդդիմադիրներն անվանում են «քաղաքական օրակարգից զուրկ» ու «ազգային միասնության պառակտում»:

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, թե «Հիմնադիր խորհրդարանի» գործունեության մեջ քաղաքական օրակարգ չի տեսնում, մինչդեռ այն, ինչ անում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Նիկոլ Փաշինյանը, լի է քաղաքական օրակարգով, վերլուծական միտք ունի, բոլոր գործողությունները բացատրվում են: Ըստ նրա` ցանկացած միավոր, որն ուղղակի գործողություններ է առաջարկում, որոնք անհասկանալի են, հանրային քննարկումների կարիք ունի: Թ.Պողոսյանը նշեց, որ ամեն օր կոչով հանդես գալը, երբ կոչը չունի մեծ արձագանք, իմաստ չունի: Թ.Պողոսյանի կարծիքով՝ կարելի է նստել ու քննարկել, բայց առնվազն քննարկման համար կա 2 նախապայման. առաջինը` մինչև ապրիլի 24-ը կամ հենց այդ օրը չի կարելի որևէ բան նախաձեռնել, քանի որ այդ օրը հատուկ օր է բոլորի համար, և պետք է առաջնորդվել օրվա խորհրդով:

Երկրորդ նախապայմանը, ինչպես նշեց Թ.Պողոսյանը, այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ չպետք է ներգրավված լինի ներհայաստանյան հարցերի քննարկմանը. «Եթե այդ 2 նախապայմանները կատարվեն, ցանկացած գործողություն կարելի է քննարկել, բայց դրա մեջ պետք է լինի միտք և քաղաքական օրակարգ, որն այսօր ես չեմ տեսնում»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ցանկացած ապակայունացման փորձ անընդունելի է համարում. «Կարող է` մղումներն ազնիվ լինեն, բայց ձևը, ոճը, գործողություններ կատարելու ռեալ արարքներն անընդունելի լինեն: Ես կողմնակից եմ, որ գնանք համոզելու ճանապարհով: Երկրում կա ներքին և արտաքին անվտանգության ապահովման խնդիր: Եթե իրավական ընթացակարգից դուրս բան է կատարվում, ես դեմ եմ»: Ըստ նրա՝ ամեն մի հեղափոխություն անողից հետո նոր հեղափոխություն անող է գալիս. «Դա ավանդություն չի կարելի դարձնել: Անհնազանդությունն օդից չի գալիս: Ժողովրդի շարժման այդքան բյուրեղացում եղավ, ինչո՞ւ չեկան ուրիշ առաջնորդներ, որ գային, շարժումն առաջ տանեին: Ժողովուրդը, գաղափարներից բացի, անձերին հավատալով է գնում: Դժգոհություն կա ներսում, բայց իրացման հետ կապված խնդիր ունենք»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս դեմ արտահայտվեց ապրիլի 24-ը քաղաքական պայքարի հետ կապելուն. «Սա մեր չուզողների խնդիրն է, ուզում են ապրիլի 24-ի միջոցառումների այս ամբողջ շարքը հարամեն: Բացարձակապես անհասկանալի են մոտիվները: Պետք է ցույց տալ, որ հարյուր տարի անց էլ հայությունը կանգնած է մի մարդու նման: Չի կարելի պառակտել մի բան, որ սրբության սրբոց է: Մենք ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք»: Նա կոչ արեց Սէֆիլյանին` զերծ մնալ այդ գաղափարից: Ըստ նրա` իրենք կարող են շարունակել իրենց պայքարը, ամեն մեկը կարող է իր տեսակետն ունենալ, բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի. «Եթե իրենք այդ նպատակն ունեն, ես ի՞նչ գործ ունեմ մի ուժի հետ, որ գալիս է պառակտելու ազգային միասնությունը»:
Ա.Ռուստամյանն անգամ կողմ արտահայտվեց, որ իշխանությունը հակաքայլեր ձեռնարկի ու կանխարգելի նման զարգացումները. «Քրեական օրենսգրքում հոդված կա, որ ավելի մեծ վտանգից խուսափելու համար արվում են քայլեր` ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: Ամբողջ աշխարհում սա ընդունված է: Իրենք ազատամարտիկներ են, հարգված մարդիկ են, իրենք չպետք է էնպես անեն, որ բիծ լինի իրենց վրա»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ակցիաների նախաձեռնողներն իրենց չեն դիմել. «Մեր օրակարգը մենք ենք թելադրում և մեր որոշումները, մեր քայլերը մեր նախաձեռնությամբ են»:
Շարժումը հրավեր չի ուղարկել նաև ՕԵԿ-ին: Նշելով այս մասին` խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու օրն է. «Այդ օրը ՀՀ-ն լինելու է տարբեր միջազգային կազմակերպությունների ու հանրության ուշադրության կենտրոնում: Սա սգո օր է: Պետք է նաև հիշենք մեր այն հայրենակիցներին, որ զենքը ձեռքին զոհվեցին»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` ցույցերն ընդհանրապես պետք է կրեն խաղաղ բնույթ, հակառակ դեպքում, սադրիչ գործողությունների պարագայում հակաքայլեր պետք է լինեն: Վ.Բաղդասարյանը որակում չտվեց Ժ.Սէֆիլյանի որոշմանը. «Ապրիլի 24-ին գործողություններ անող անձին հանրությունը պետք է գնահատական տա»: Իշխանության կանխարգելիչ քայլերի մասին Վ.Բաղդասարյանը լռեց, միայն նշեց, որ իր կարծիքով` մինչ այդ Ժիրայր Սէֆիլյանն ինքը կգիտակցի, գուցե և հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ որևէ հավաքի ժամանակ, որին երկուսն էլ հրավիրված կլինեն:

Մեզ հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը «քաղաքական օրակարգի բացակայությունն» անվանեց «պրիմիտիվ» արտահայտություն: Ըստ նրա, շարժումը համակարգափոխության օրակարգ է առաջարկում, և ոչ թե պալատական խաղեր տալիս. «Եթե պալատական խաղեր տալն է քաղաքական օրակարգ, խնդրեմ, իրենց համար երևի Սերժ Սարգսյանը պետք է ասի, թե որն է քաղաքական օրակարգ, որը՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, իրենք դրանով են առանձնացվում»:

Վ. Ավետիսյանի խոսքով՝ իրենց կոչերի արձագանքը դեմ արտահայտվող պատգամավորները չեն չափել. «Իրենք առհասարակ պալատից դո՞ւրս են գալիս, որ իմանան՝ ժողովուրդն ինչո՞վ է ապրում, ինչո՞վ է շնչում: Կուլիսների հետևում բոլորն ինտրիգներով ու քաղաքական առևտրով են զբաղված, բոլոր քաղաքական կուսակցությունները: Եվ ի՞նչ, քաղաքականությո՞ւն է դա: Առհասարակ, մենք այն համոզմունքին ենք, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները՝ չնչին բացառություններով, քաղաքական գործակալների թիմի անդամներ են, նույն ակումբի անդամներ են, և իրենք շահագրգռված են, որ այս համակարգը մնա, իրենք զբաղված են հակահայ և հակապետական, հակաազգային գործունեությամբ, իրենց վերջը շուտով գալու է»:

Վ. Ավետիսյանի կարծիքով` իրենք Սերժ Սարգսյանի, Ռուստամյանի, «թևանների» և մյուսների հետ միասին լինելու ոչ թե ցանկություն չունեն, այլև դա մահացու է իրենց համար. «Այդ գործակալական ակումբի հետ հայ ժողովուրդը ոչինչ ընդհանուր չունի և, այո՛, մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որ իրենց հետ չլինի, իրենց կողքին կանգնել, նշանակում է` լեգիտիմացնել Ցեղասպանությունը, իրենք հիմա զբաղված են սպիտակ ցեղասպանությամբ, շարունակում են ցեղասպանությունը, մեր ժողովրդի չուզողներն իրենք են: Պետք է պարզել, թե «մեր չուզող» ասելով` ո՞ւմ նկատի ունեն, եթե քաղաքական գործակալների ակումբին՝ ուրիշ հարց է»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս