«Դրանից, կոպիտ ասած՝ վատ սովետական հոտ է գալիս». Ռուբեն Բաբայանը՝ «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման նախաձեռնության մասին

«Ես կողմնակից չեմ, որ ինչ-որ բաներ կապեն ինչ-որ տարեդարձի կամ տարելիցի հետ: Կոպիտ ասած` վատ սովետական հոտ է գալիս դրանից»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման՝ իշխանափոխություն իրականացնելու նախաձեռնությունների մասին՝ ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ իշխանափոխությունը, մնացած բոլոր պրոցեսների նման, պետք է լինի բնական՝ անկախ նրանից՝ այս տարի Ցեղասպանության 100-ամյա՞կն է, թե՞ ոչ. «Չի կարելի կապել մեկը մյուսի հետ: Ոչ կարելի է կապել՝ ասելով՝ այս տարի 100-ամյակն է, եկեք ընդհանրապես տեղից չշարժվենք, ոչ էլ կարելի է ասել՝ 100-ամյակին գալու ենք, հեղափոխություն անել: Այսպես չի լինում: Սրա մեջ կա ոչ ռեալ կյանքի ընկալում, ինչ-որ ռոմանտիկա կա, իրականում լուրջ մարդիկ են խոսում, և հասկանում ես, որ այդտեղ կա նաև ավանտյուրայի և խաբեբայության որոշակի էլեմենտներ, որովհետև ռեալ չէ, կյանքը ցույց է տալիս, որ այդպես տեղի չի ունենում»:

Ռ. Բաբայանի կարծիքով՝ վերջին իրադարձությունները փայլուն իրադարձություններ էին, որոնք ցույց տվեցին, որ, «երբ ժողովուրդը սկսում է գնալ փրկիչների հետևից (իսկ մեր պարագայում մեր փրկիչն արդեն կերակրողն է), շատ շուտ այդ ամեն ինչը քանդվում է, որովհետև այդ փրկիչն էլ փրկիչ չէ, տերն էլ տեր չէ, շատ շուտ փլվում է, ու պարզվում է, որ այդ փրկիչը բոլոր դեպքերում՝ իր անձնական բիզնեսի մասին ավելի շատ է մտածում, և դա բնական է»:

Նա նշեց, որ ինքը ֆրանսիական լուսավորիչների կողմնակից է՝ երկրի փոփոխության միակ ճիշտ ճանապարհն ինքը տեսնում է լուսավորության մեջ:

Կարդացեք նաև

«Մեզ մոտ կրթությունը կրթությունով չի զբաղվում, կարծես կան դպրոցներ, բայց դրանց խնդիրը կրթությունը չի, խնդիրը մենք գիտենք՝ ընտրություններն են: Մեզ մոտ դատարաններն արդարադատությունով չեն զբաղվում: Կարծես բոլոր կառույցները կան, բայց այդ խնդիրը դրված չէ:

Ես շատ քիչ հույսեր եմ կապում քաղաքական գործիչների հետ և ավելի մեծ հույսեր եմ կապում հասարակ մարդկանց հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս