Բաժիններ՝

Իսրայելը կարող է արտադրել ջրածնային ռումբ. Պենտագոն

Newsru.co.il-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնազերծել են Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը, որոնցում խոսք է գնում 1980-ական թվականների երկրորդ կեսին ատոմային ռումբեր ստեղծելու Իսրայելի հնարավորությունների մասին:

Պենտագոնը հրապարակել է «Իսրայելի ու ՆԱՏՕ-ի երկրների տեխնիկական զարգացումը» խորագրով փաստաթուղթ, որում սակայն գաղտնազերծվել են միայն Իսրայելի վերաբերյալ տեղեկությունները, ինչը չի կարելի ասել նաև ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրների համար:

Հրապարակված տեղեկությունների համաձայն` Իսրայելը 1987 թվականին մշակել է համակարգ, որը հնարավորություն կտա արտադրել ջրածնային ռումբ: Նրանք ընդգծում են, որ Իսրայելը հազիվ թե գնա այդ քայլին, քանի որ իսրայելական միջուկային զենքի նախագիծը շատ պահպանողական է:

Զեկույցում ընդգծվում է, որ իսրայելական տեխնոլոգիաները հասել են 1955-1960 թվականներին ամերիկյան մակարդակին, երբ ԱՄՆ-ն աշխատում էր այդ սպառազինության ուղղությամբ:

Կարդացեք նաև

Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ իսրայելական լաբորատորիաներն իրենց հնարավորություններով համապատասխանում են Լոս Ալամոսում և այլ վայրերում գտնվող ամերիկյան հետազոտական կենտրոններին:

Ընդ որում, ԱՄՆ-ն ընդունել է, որ Իսրայելն իր նկատմամբ որոշակի գերազանցություն ունի ռազմական էլեկտրոնային համակարգերի մշակման հարցում:

Դա մասնավորապես վերաբերվում է բոլոր զորատեսակների համար միասնական համակարգ ստեղծելուն` առանց ռազմաօդային, ռազմածովային ու ցամաքային ուժերի տարանջատման:

ԱՄՆ-ի հրապարակած այս փաստաթուղթն ուշագրավ է այն առումով, որ Իսրայելն ավանդաբար հերքում է իր միջուկային պոտենցիալի մասին հաղորդումները, այդ թվում նաև տարածաշրջանում միջուկային մրցավազք չհրահրելու համար:

Ընդգծվում է, որ զեկույցը հրապարակվել է փետրվարի սկզբին` ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս