«Երևի Մանվել Գրիգորյանը չհասկացավ՝ ես ինչ նկատի ունեի». Կոմանդոս

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) վերջերս կարծիք էր հայտնել, որ մինչև ապրիլի 24-ը սահմանում անընդհատ լարված իրավիճակ է լինելու՝ կապված Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:

168.am-ն ազատամարտիկից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի գործողությունները՝ հաշվի առնելով, որ մի կողմից՝ մեզ ձեռնտու չէ, որ սահմանում լինի լարված վիճակ, մյուս կողմից էլ՝ հայկական կողմը կարող է անպատասխան թողնել ադրբեջանական կողմի հարձակումները:

Կոմանդոսը նշեց, որ Պաշտպանության նախարարության աշխատողներն այդ ուղղությամբ աշխատում են. «Ձեր անհանգստությունը մեր ամբողջ ազգի անհանգստությունն է, բոլորն էլ այդ մասին են մտածում, դրա համար հիմա Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ այդ ամսի 24-ը հանգիստ անցնի, որ իրենք իմանան, որ մենք պատրաստվել ենք և չենք թողնի, որ իրենք այնտեղ ինչ-որ գործողություններ անեն, անեն այն, ինչ մտածել են: Իրենք ծրագրավորել են, որ այդ ամսի 24-ին չթողնեն մեզ՝ հանգիստ նշենք Ցեղասպանության100-րդ տարելիցը»:

Ըստ Կոմանդոսի՝ այդ օրերին չի կարելի պատասխան տալ, մենք պետք է զգոն լինենք ու չթողնենք, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին անցնի ու ունենա հաջողություն. «Մենք պետք է այս օրերին Պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատենք: Ես այսօր եղել եմ Պաշտպանության նախարարությունում, տեսա, որ ամեն վարչություն աշխատում է այդ հարցով, որ ամեն ինչ նորմալ լինի»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոմանդոսը հայտարարել էր, որ իրատեսական ծրագիր է, որ փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ և երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները:

Իսկ երեկ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը նրան պատասխանել էր. «Կոմանդոսն ինքը ԵԿՄ-ի անդամ է, ու եթե ինքը տենց ա գտնում հարմար, ուրեմն թող ինքը գնա-կանգնի, ու հետո երկրապահը օրը 24 ժամ սահմանին ա: Պայմանագրայինների 95%-ն ու սպայական կազմը մեր երկրապահներն են: Պաշտպանության նախարարության 15 գեներալներ մեր վարչության անդամն են: Երևի Կոմանդոսի գիտակցությունը տեղը չէ: Հետո ինքն ո՞վ ա, որ ասի՝ ԵԿՄ-ն ինչ անի… ու հետո Կոմանդոս-մոմանդոս, որ տենց բան կասեն` դու հարցրու, թե ինքն իրավունք ունի՞ երկրապահի փոխարեն որոշել` ով ինչ անի»:

Մենք հետաքրքրվեցինք, թե Կոմադոսն ի՞նչ է մտածում Մ. Գրիգորյանի՝ իրեն ուղղված այս խոսքերի մասին, որին Կոմանդոսն այսպես պատասխանեց. «Երևի Մանվել Գրիգորյանը չհասկացավ՝ ես ինչ նկատի ունեի, ես նկատի ունեի, որ ինչ-որ լրացուցիչ ուժեր էլ գնան սահման»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ոչ թե ազատամարտիկներին նկատի ունեիք, այլ ավելի փորձառու մարդկա՞նց, Կոմանդոսն այսպես պատասխանեց. «Այո, ավելի փորձառու մարդկանց, բայց սխալ հասկացվեց: Ես ասում էի, որ մի քիչ փորձառու մարդիկ այնտեղ գնան այդ ժամանակ, տղերքին հավաքենք, մի փոքր խմբեր կազմենք, ու մեր հերոսական տղերքի, որոնք այնտեղ սահմանում կանգնած են, նրանց կողքին լինենք»:

Հարցին՝ Դուք ինքներդ է՞լ էիք պատրաստ գնալ այդ խմբերի հետ ու սահմանում լինել, Կոմանդոսը պատասխանեց, որ եթե «մի բան ասում ես, ուրեմն՝ պետք է ինքդ պատրաստ լինես, ոչ թե ուրիշին ուղարկես»:

Նա նշեց, որ տեղեկացել է, որ վաղվանից սկսելու են խմբեր պատրաստվել, որ գնան, սահմանում աջակցեն զինվորներին:

Նա նշեց, որ թեև ինքն այդ խմբերի մեջ չի լինելու, բայց ինքն էլ է պատրաստվում առաջիկայում գնալ:

 

Տեսանյութեր

Լրահոս