Բաժիններ՝

Տարածաշրջանի գնաճի չեմպիոնը

Վիճակագրական ծառայության վերջին երկու հրապարակումները բավական հարցերի պատասխան տվեցին: Նախ` պարզ դարձավ, թե ինչու տեղեկատվական դաշտում տնտեսական լուրեր համարյա չկան: Տնտեսության կրճատման տեմպերի հետ շուտով ո՛չ տնտեսություն կմնա, ո՛չ էլ տնտեսական լրատվություն:

Մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները տարօրինակ են: 2015թ. առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա համեմատ, համարյա ամեն ինչ կրճատվել է: Արդյունաբերությունը՝ մոտ երկու տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 16,4 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառությունը պակասել է համարյա 28 տոկոսով:

Ընդ որում՝ արտահանումը կրճատվել է մեկ քառորդով, իսկ ներմուծումը` մոտ 29 տոկոսով: Այս ընդհանուր պատկերի վրա, իհարկե, մեր ազգային վիճակագիրներին հաջողվել է 2,5 տոկոսանոց աճ արձանագրել (հիմա դա տնտեսական ակտիվության ցուցանիշ է կոչվում): Եթե դիտարկենք այն փաստը ևս, որ նույնիսկ առևտուրն է մեկ տարում կրճատվել յոթ տոկոսով, ապա այդ աճի ցուցանիշի մասին պաշտոնական պնդումը տրամաբանությունից փոխանցվում է հավատի ոլորտ:

Իսկ հավատն ու հավատքը քննելը ոչ տրամաբանական զբաղմունք է, ոչ էլ` ազնիվ: Դա կարելի է թողնել միայն հրապարակողների ու այդ հրապարակումն ընթերցողների ազատ կամքին: Հատկապես, որ Վիճծառայության երկրորդ հրապարակումը վերաբերում է մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճին: Մեր վիճակագիրները մեր իսկ տնտեսությունն ամփոփելիս սիրում են այն համեմատել միջազգային ցուցանիշների հետ: Օրինակ, երբ հրապարակում են «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում», վերջում նաև ներկայացնում են «Սպառողական գների ինդեքսը Եվրամիության, ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրներում»: Այս անգամ սոսկալի էր: 40 երկրի գնաճի ցուցակ է հրապարակվել: Հայաստանն առաջին տեղում չէ: Այսինքն` ամենաբարձր գնաճը մեր երկրում չի արձանագրվել:

ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի խոսքերով` «բզիկ-բզիկ եղած տնտեսություն ունեցող երկրին»` Ռուսաստանին է բաժին ընկել առաջին տեղը` գնաճի 3,9 տոկոսանոց ցուցանիշով: Երկրորդ «պատվավոր» հորիզոնականում քաղաքացիական պատերազմով բզկտված ուկրաինական տնտեսությունն է` 3,1 տոկոս: «Թանկացող» երկրների եռյակը եզրափակող մեր տնտեսության ցուցանիշն ավելի համեստ է` 2,5 տոկոս: Իսկ մեզ հաջորդողը Եվրասիական միության գործընկեր Բելառուսն է` 2,4 տոկոսով: Ահա այս փառահեղ ցուցանիշների կողքին Վիճծառայությունը մանրամասնել է տարվա առաջին երկու ամսվա գնաճի մեր թվերը՝ նախորդ տարվա նույն ժամանակի հետ համադրելով: Այս հարաբերության մեջ գների դիտարկումն ավելի պարզ ու հասկանալի է դարձնում գնաճի իրական ծավալները, քան այն տարեկան կտրվածքով ներկայացնելը:

Որովհետև գնաճի կատաղի տեմպը բաժին ընկավ 2014-ի դեկտեմբերին ու 2015-ի հունվարին: Թվերը տարեկան կտրվածքով ներկայացնելը «լղոզում» ու պուճուրացնում է իրական պատկերը: Գազար-բողկ-սխտոր ու այլ պարենամթերքներ հատ-հատ վերլուծելով` մեզ տեղեկացնում են, որ նախորդ տարվա համեմատ` պարենային ապրանքների գներն աճել են 6,2 տոկոսով: Ընդ որում, ամենակատաղի աճ արձանագրել են հենց հիմնական սննդամթերքները: Հացամթերքի գնաճը մեկ տարում կազմել է համարյա 10 տոկոս, իսկ մսամթերքինը` 8 տոկոս:

Սրանց կողքին ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ավելի ցածր գնաճը թույլ մխիթարություն է: Կամ` չէ՛ բոլորովին: Հատկապես, որ համաշխարհային գործընթացները տրամագծորեն հակառակ են: Եվրամիության անդամ համարյա բոլոր երկրներում 2014-ին գնանկում է արձանագրվել: Ի տարբերություն Եվրասիական միության անդամ երկրների: Իսկ մենք արդեն կայացրած քաղաքական որոշում ունենք, թե տնտեսական որ համակարգի մաս ենք կազմելու: Տնտեսական իրավիճակը ներկայացնելիս` մեր վիճակագիրները չեն մոռացել նաև հաշվել միջին անվանական ամսական աշխատավարձը: Այն 2014-ին անշեղորեն աճում էր ամսական համարյա մեկ տոկոսի չափով: Եվ ահա տարին ամփոփելիս հայտարարվեց, որ միջին ամսական աշխատավարձն աճել է 11 տոկոսի չափով: Սա հավանաբար լավ ցուցանիշ կարելի էր համարել: Եթե, իհարկե, «Արժույթի շուկա» բաժնում չնշվեր` «2015թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,4 դրամ, ինչը 16,2 տոկոսով գերազանցել է 2014թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (411,54 դրամ)»:

Ակնհայտ է, որ աշխատավարձերի աճն ամբողջությամբ կլանել է դրամի արժեզրկման գործընթացը: Պարզ ասած, անգամ աշխատավարձերի աճի պարագային բնակչությունն ավելի է աղքատացել: Իսկ դա պարզ նկատելի է առևտրի ոլորտի կրճատման ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` առևտրի շրջանառությունը նվազել է մոտ 7 տոկոսով: Դա, իհարկե, չի խանգարի մեր ազգային վիճակագիրներին` շարունակել տնտեսական աճ արձանագրել մնացած բոլոր տասը ամիսների ընթացքում:

Հատկապես, որ 2015-ի տնտեսական վիճակագրությունը մի տարօրինակ ու երկար սպասված դրական փաստ է արձանագրել: Վերջին տարիներին շինարարության ոլորտը կայուն տեմպով կրճատվում էր: Նախորդ յոթ տարիների համեմատ` այս տարում առաջին անգամ արձանագրվում է, որ շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել: Ավելին՝ այն 0,8 տոկոսով աճել է: Բայց դժվար է միանշանակ նման պնդում անելը: Որովհետև այդ աճը կարող է պայմանավորված լինել նույն դրամի արժեզրկմամբ: Ճիշտ այնպես, ինչպես արդյունաբերության ոլորտում:

Մեր վիճակագիրները ոչ թե արդյունաբերության ֆիզիկական ծավալների աճի մասին են խոսում, այլ արդյունաբերական ապրանքների գների ինդեքսի աճի մասին: Այն կազմել է 4,8 տոկոս: Գնի ինդեքսով բոլոր ոլորտներում էլ աճ կարելի է արձանագրել: Դա իրական տնտեսության հետ համարյա կապ չունի, և մեթոդաբանության ու, եթե կուզեք, ճաշակի հարց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս