Բաժիններ՝

Անահիտ Բախշյանը՝ 12-ամյա պարտադիր կրթության առաջարկի մասին

ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել 12-ամյա պարտադիր կրթություն: Այսօր ԱԺ նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխությունները, որը սահմանում է, որ միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունն անվճար է և պարտադիր մինչև սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը խոսելով 12-ամյա պարտադիր կրթությանն անցելու նախագծի մասին՝ նշեց, որ այդ նախագծի դրականն այն է, որ հիմնական դպրոցից հետո, այսօրվա վիճակագրությամբ՝ մոտ 4000 երիտասարդ ոչ մի ձևի կրթություն չի ստանում, իսկ հիմա այդ պարտադիր պահանջը կպարտադրի երիտասադներին անպայմանորեն կրթություն ստանալ:

«Կրթություն ստանալը միայն բուհին չի վերաբերում, դրանք մասնագիտացված քոլեջներն են, դրանք արհեստագործական ուսումնարաններն են: Ես կարծում եմ՝ սա ևս 4000 երիտասարդի համար կրթության շարունակականությունն ապահովելու ձև է: Ես կողմնակից եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ այդ 12-ամյա կրթության պահանջը ենթադրում է, որ պետությունը պետք է լուրջ վերանայի նախամասնագիտական կամ արհեստագործական ուսումնարանների, քոլեջների կրթության որակը և այն մասնագիտացումները, որոնք այսօր տնտեսությանն անհրաժեշտ են, քանի որ նաև «արտագաղթի պատճառով՝ այդ մասնագիտությունների վարպետների մեծ պակաս կա Հայաստանում»:

Հարցին՝ եթե Ձեր նշած բարեփոխումները չիրականացվեն և հենց այս մակարդակով մնան այդ նախամասնագիտական ուսումնարանների կամ ավագ դպրոցների կրթական համակարգը, արդյունավետ չի՞ լինի 12-ամյա կրթական համակարգին անցնելը, Ա. Բախշյանը պատասխանեց, որ կարծում է՝ արդյունավետ չի լինի:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ դա կնշանակի, որ պետությունը ևս 3 տարվա գումարը բյուջեից ծախսելու է. «Որովհետև 12 տարվա պարտադիր՝ նշանակում է՝ պետական բյուջեի վրա բեռ, և եթե այդ բյուջեի ծախսն այսօրվա, հատկապես՝ տարբեր մասնագիտության վարպետների պակասը չլրացնի, կնշանակի, որ անարդյունավետ է այդ բեռը ծանրանում բյուջեի վրա:

Եթե այդ պարտադիր 12-ամյան չնպաստի, որ ուսումնարանները բացեն նոր մասնագիտացումներ, և պետությունն այդտեղ գումար դնի, կլինի հերթական ինքնանպատակը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս