Ռուսաստանը քաղաքական պլանում չի կիսում մեր ջանքերը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը փոփոխության չի ենթարկվել, և որ Վրաստանը շարունակելու է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ իր համար կարևոր է այն, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ինչ են մտածում Վրաստանի գործընկերները և ոչ թե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա համակիրները:

Գարիբաշվիլին մանրամասնել է, որ իրենց համար կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի կառուցողական մոտեցման նկատմամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարծիքները:

Գարիբաշվիլին կարևորել է հակամարտության էսկալացումից խուսափելը: Նա ընդգծել է, որ իրենք իրենց կառուցողական մոտեցմամբ հասել են ռուսական շուկա վրացական արտադրանքի վերադարձին և տարածաշրջանում կայունության երաշխիքին.

«Դժբախտաբար, Ռուսաստանը նույն կերպ չի պատասխանել մեր կառուցողական ու առողջ քաղաքականությանը: Բացի առևտրային-տնտեսական հարաբերություններից, որոնք կարևոր են հասարակության համար, Ռուսաստանը քաղաքական պլանում չի կիսում մեր ջանքերը: Ընդհակառակը, մենք ունենք անհասկանալի համաձայնագրեր, որոնք երբևէ չեն համարվի լեգիտիմ»:

Տեսանյութեր

Լրահոս