Հայաստանին սպասվում են շատ ծանր ժամանակներ. Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից դրա ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթի ժամանակ նախ անդրադարձավ երեկ կառավարության հարցուպատասխանին, որի ժամանակ տեղի ունեցածը նա անվանեց «թատերական ներկայացում»:

Ըստ նրա՝ այդ ներկայացման միակ նպատակն այն էր, որ ընդդիմությանը զրկեն կառավարությանը ժողովրդին հուզող հարցեր տալու հնարավորությունից, հարցուպատասխանի ողջ ժամանակը զբաղեցնելով հանրապետականների՝ նախապես պատրաստված գրավոր հարցերով: Լ. Զուրաբյանի խոսքով՝ ընդդիմությանը լռեցնելու այդ փորձի նպատակն այն էր, որ Հայաստանի տնտեսության վիճակն այնքան վատ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է՝ քողարկելու համար այդ իրողությունը:

«Պատահական չէր, որ ԱԺ այս քառօրյան սկսեցի՝ անդրադառնալով տնտեսության ողորմելի վիճակին: Թվերն ահավոր են. անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած, առևտրաշրջանառությունն ընկել է 28%-ով, արտահանումը՝ 25%-ով, ներմուծումը՝ 28.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝16%-ով, իսկ 19%-ով, ավելացել է գործազուրկների թիվը։ Հայաստանի միջազգային պահուստները պակասել են՝ հասնելով 1 մլրդ 260 մլն դոլարի, համարյա հավասարվելով ներմուծման երեք ամիսների ծավալի անընդունելի շեմին:

Տնտեսության գահավիժման այս ֆոնի վրա կառավարությունը 500 մլն-ով ավելացնում է պետական պարտքը, ցույց տալով, որ չունի տնտեսության առողջացման որևէ դեղատոմս, այլ՝ ընդամենը ժամանակավոր լուծումներ է փնտրում, որոնք էլ ավելի են ծանրացնելու հետագա անկումը»,- ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ տնտեսությունը փլուզվում է, որովհետև այն հիմնված է ոչ թե ՀՀ բնակչության կողմից գործարարության կամ արտադրության, այլ արտաքին ներարկումների հիման վրա գոյացող բնակչության գնողունակության վրա, իսկ իշխանությունները կիրառում են տարբեր հնարքներ: Պատգամավորը զգուշացրեց, որ եթե մոտակա ամիսներին չձեռնարկվեն արատավոր համակարգը կազմաքանդելու և մրցակցություն ապահովելու արմատական քայլեր, ապա Հայաստանին սպասվում են շատ ծանր ժամանակներ, տնտեսական փլուզում, հարվածներ մեր անվտանգությանն ու կայունությանը, որի ամբողջ պատասխանատվությունը կիսում է Սերժ Սարգսյանի իշխող ռեժիմը:

Լ.Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունեցել երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում: Ըստ նրա՝ նամակները շատացել են, որովհետև երբ իրավունք տրվեց ընդդիմադիրներին առաջնահերթ հարց հնչեցնել, մեծամասնության իրավունքը ոտնահարվեց:

«Դուք եք ոչ պրոֆեսիոնալ քաղաքական դաշտում, որովհետև չեք տարբերում ծրագիրը հաշվետվությունից ձեր բոլոր ելույթները միտումնավոր էին և ուղղված էին անձերին: Առանց ծրագիր քննարկելու դուք դատապարտում եք, կարծես գործը չի կատարվել»,- իր հերթին նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս