Բաժիններ՝

Պերմյակովն Ավետիսյանների տանը չի եղել: Ինչ-որ կարևոր բան են թաքցնում. lragir.am

lragir.am զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ

– Պարոն Բաղդասարյան, փաստաբանները որոշակի մանրամասներ հրապարակեցին՝ կապված ստացված փորձաքննությունների արդյունքների հետ: Նշվեց, որ դեպքի վայրում հայտնաբերված ծխուկների վրա առկա թուքը նույն խմբի արյուն ունեցող մարդու է պատկանում, ինչպիսին Պերմյակովինն է, կամ որ հագուստի վրա մազեր են հայտնաբերվել, որոնք Պերմյակովինն է: Այս ամենից ի՞նչ եզրահանգման կարելի է գալ: 

– Այն, որ դրանք Պերմյակովինն են, այդ թվում ծխախոտն ու կոշիկները, կարելի է հավատալ փորձագետներին, որ դրանք նրան են պատկանում, բայց դա չի նշանակում, որ Պերմյակովն ինքն է եկել ու ինքն էլ այդ ամենը թողել այնտեղ: Դա նշանակում է, որ շատ հնարավոր է դրանք «ես եմ» տարել այնտեղ թողել, կամ ինչ-որ մեկը:

Երկրորդ՝ բացահայտ չի համապատասխանում մարդկային հոգեբանական առումով այն հանգամանքը, որ սպանդ իրականացնող անձնավորությունն այդ արարքը կատարեր եւ առնվազն երեք ծխախոտ ծխեր: Այդ սիգարետի մնացորդները որ այնտեղ են, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը եղել է, ով այդ տղայի ծխախոտները տարել, գցել է այնտեղ: Ես չեմ ուզում փորձագետների աշխատանքը քննադատել կամ որեւէ գնահատական տալ, ես այդ գործում չկամ, բայց եթե նույնիսկ հավատում ենք իրենց արած աշխատանքին, ապա չենք հավատում այն ռեալ հնարավոր իրականությանը, որ հնարավոր է մարդը, ենթադրենք կատարած «աշխատանքից» հետո ծխի, չգիտեմ, «բավարարվածություն» է ստանում, կամ հակառակը, ուզում է սիրտը հանգստացնել կամ չգիտեմ ինչ… մեկ անգամ մեկ ծխախոտ հնարավոր է, որ ծխեր, բայց մարդը կանգնի ու նայի, երեք ծխախոտ ծխի՞… դա առնվազն մի կես ժամ ժամանակ պետք է անցնի, առանց մտածելու, որ պետք է գան իրեն բռնե՞ն… Ինքնին, սիգարետների գոյությունը խոսում է այն մասին, որ այդ մարդը այնտեղ չի եղել:

– Հունվարի 12-ին տեղի ունեցած սպանությունից բավական ժամանակ է անցել, սակայն հստակ ոչինչ հայտնի չէ ոչ սպանվածների հարազատներին, ոչ էլ հասարակությանը: Ինչո՞վ եք պայմանավորում գործի հետ կապված այս անորոշությունը: Ի՞նչ եք կարծում, չի՞ անցել այնքան ժամանակ, որ արդեն ինչ որ հստակ ասելիք լիներ հանրությանը: 

– Եթե հանրությանն ինչ որ մի բան տալու լինեին, ինչո՞ւ էին գործը վերցնում ռուսական ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջպետական համաձայնագիրը խախտելու եղանակով: Ռուսական կողմին գործը տալու նպատակը ուրեմն մեկն է եղել՝ հանրությանը հեռու պահել ռեալ տեղեկություններից: Սա հարցի լիակատար պատասխանն է: Եթե ռուսական կողմը որեւէ խնդիր չուներ այս գործը պարտակելու առումով, ռուսական կողմը չէր գնա միջպետական համաձայնագիրը խախտելուն: Ի դեպ, Ռուսաստանը խախտել է ոչ միայն այդ համաձայնագիրը, այլ  նաեւ խախտել է սահմանապահ զորքերի վերաբերյալ համաձայնագիրը, որովհետեւ եթե ինքը պահում է իր երկրի քաղաքացուն իր մոտ, եթե իր սահմանադրությունն իսկապես գերակա է ամբողջ աշխարհի տարածքում, ինչպես հղում էր անում ՀՀ գլխավոր դատախազը, դա նշանակում է՝ ինքը չպետք է ստորագրեր այդ համաձայնագիրը: Որովհետեւ այդ համաձայնագրի 6-րդ հոդվածը  ասում է չէ՞, որ եթե բազայից դուրս է կատարվել հանցագործությունը, ուրեմն ՀՀ իրավապահ մարմինները պետք է այդ աշխատանքները կատարեն: Այսինքն, ինքը ի սկզբանե մի համաձայնագիր է ստորագրել, որը հակասում է իր սահմանադրությանը, որը չպետք է կատարեր: Սա արդեն հնարավորություն է տալիս հայկական կողմին (ես էլի հիպոթետիկ բաներ եմ ասում, մի քիչ անհնար), բայց նորմալ երկրում, համաձայն միջազգային պայմանամագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի, պետք է այդ պայմանագրերը անվավեր ճանաչվեն: Սա հետագայի խնդիր է: Կանեն, թե չեն անի, դա արդեն ուրիշ խնդիր է: Ռուսաստանը նպատակ ուներ կոծկել այդ ամեն ինչը, դրա համար տարել է իր մոտ: Ռուսաստանը նպատակ ուներ հայությանը որեւէ բան չասելու, կամ պարզապես իր տարածած ինֆորմացիան, կամ իր ուզած ինֆորմացիան Հայաստանում տարածելու, դրա համար հարցի քննությունն այսպես է գնում…

– Սա արդյոք չի՞ ենթադրում, որ ինչ-որ շատ ավելի սարսափելի բան կա այս գործի մեջ թաքնված, դատելով նաեւ հենց այն հանգամանքից, որ ամեն կերպ քողարկվում ու ծպտվում է ամեն ինչ: 

– Իմ անձնական կարծիքն է, որը դեռեւս հունվարին եմ ասել, միշտ այն մտքին եմ եղել, որ դրա տակ շատ ավելի կարեւոր բան կա թաքնված, քան Ավետիսյանների ընտանիքը, բայց թե ինչ՝ ես կդժվարանամ ասել… Ցավոք սրտի, այդպես է:

Երբ որ այս ամենի մեջ խառնվեցին քաղաքական մարմիններ, այն մարմինները,  որոնք ի պաշտոնե օժտված չէին նման լիազորություններով, մարմիններ, որոնք ոչ միայն քրեական գործի քննությամբ չէին զբաղվում, այլ նույնիսկ քաղաքական հայտարարություններ անելու իրավունք էլ չունեին, ոստիկանապետը շտաբ էր ստեղծել, եւ այդ շտաբը մեծագույն  հաճույքով հնարավորություն ընձեռեց ռուսական կողմին հայտնաբերելու, չգիտեմ չակերտների մեջ ասեմ, թե ոչ, որովհետեւ եթե իրականում այդ տղան սահմանի մոտ էր հայտնաբերվել, հայկական կողմը պետք է քրեական գործ հարուցեր ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարելու համար, սա պարտադիր  հանգամանք էր: Փորձեք սահմանը հատել, դեռ սահմանին չհասած՝ ձեզ կձերբակալեն… Եթե քաղաքական ենթատեքստն էլ կար, միեւնույն է, նույնիսկ քաղաքական ենթատեքստով էլ հարցը չլուծվեց:

Դեռեւս որոշ փորձաքննությունների արդյունքները հայտնի չեն: Արդյոք այսքան ժամանակը բավարար չէր, որ տրվեին փորձաքննությունների պատասխանները:

Սովորաբար, փորձաքննությունները տեւում են մինչեւ մեկ ամիս: Բայց կարելի է ենթադրել, որ հայկական կողմը բավական ուշ է դրանք ուղարկել փորձաքննության: Ես որքան հասկացա, միջնորդություններից հետո են ուղարկել փորձաքննության: Լինում է այդպես… Գուցե եղել են փորձաքննություններ, որ դարձյալ հետ են ուղարկել, որ ճշմարտացի պատասխան ստանան: Ես ձեզ մի ուրիշ բան ասեմ, որ չի հրապարկվել, բայց դա այդպես է: Այդ ջահել հարսի՝ երեխաների մոր ձեռքերն էլ են սվինով քերծված, ճղված եղել: Սա էլ ինչ որ բանի մասին պետք է խոսի, ես չգիտեմ՝ քննչական մարմինը դրանով զբաղվում է, թե չէ… Այդ տեղեկությունը Գյումրիից է: Թաղման արարողության ժամանակ էլ տեսել եմ, որ ձեռքերի վրա վնասվածքներ կան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս