Բաժիններ՝

««Ինչո՞ւ ամուսնության առաջարկն արեցի ուղիղ եթերում» հարցը, երբեմն թվում է՝ արդեն երազումս էլ եմ լսում»

Հարցազրույց երիտասարդ և չափազանց հմայիչ զույգի՝ հաղորդավարներ
Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի հետ

– Վահե, Դուք ավարտել եք կինոռեժիսուրայի բաժինը, սակայն կարծես թե Ձեզ գտել եք հեռուստատեսության ոլորտում, որտեղ բավականին հարմարավետ եք զգում: Այդպե՞ս է ստացվել, թե՞ պարզապես կինոն այլևս չի հետաքրքրում:

– Կինոն երբեք չի դադարի ինձ հետաքրքրել` ո՛չ որպես կարևորագույն արվեստ, ինչպես ասում էր Լենին պապիկը, և ո՛չ էլ հենց նկարահանումներն ու պատրաստման գործընթացը: Գուցե մի օր որոշեմ սկսել մի նոր ու մեծ նախագիծ, ամեն դեպքում, կինոարտադրությունից հեռու չեմ եղել ու պարբերաբար աշխատել եմ տեղական տարբեր նախագծերի շուրջ: Ես սիրում եմ փոփոխություններ:

– Վահե, երևի թե Ձեր «մաշկի» վրա զգացած կլինեք, որ Կինոյի ինստիտուտ ընդունվողների մեծ մասն ուսման առաջին երկու տարիներին իրեն զգում է առնվազն Փարաջանով կամ Ֆելինիգ Հետո արդեն թվացյալ էյֆորիան «բաց է թողնում», և ուսանողը քիչ-քիչ սկսում է զգալ իրականությունը… Հիշո՞ւմ եք Ձեզ այդ տարիներին:

Կարդացեք նաև

Vahe, Lilit Xanamiryan (14)

– Ինձ այդ տարիներին շատ լավ եմ հիշում ու մեր կուրսը` նույնպես: Սակայն Ձեր թվարկած իրավիճակները չեմ հիշում: Հավանաբար` դա մեր կուրսից էր և մեր ղեկավարից` Ռուբեն Գևորգյանցից: Նա մեզ միշտ շատ մոտ էր պահում իրականությանը և չէր թողնում, որ շատ տարվեինք մեր ամբիցիաներով, և օգնում էր, որ հավասարակշռված մնայինք:

– Ամուսնությունից տարիներ անց սովորաբար պարզվում է, որ ամուսիններից յուրաքանչյուրն առաջին հանդիպման մասին իր տարբերակն ունի: Իհարկե, Ձեր պարագայում դեռ վաղ է այդ տեսակ մոռացության մասին խոսելը: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ, որ Ձեզանից յուրաքանչյուրն իր հերթին` գրեր, թե ինչպիսին է եղել առաջին հանդիպումը:

Vahe, Lilit Xanamiryan (8)

Լիլիթ.- Հայտնի ասացվածքն ասում է` «Երբեք չես ունենա երկրորդ հնարավորությունը` առաջին տպավորությունն ունենալու համար»: Մեր դեպքում դա չխանգարեց` հետագայում առաջին տպավորությունը փոխելու համար:

Վահե.- Մեր առաջին հանդիպումը խիստ աշխատանքային էր, և այդ օրը ո՛չ ես, ո՛չ Լիլիթը չէինք էլ մտածի այսպիսի շարունակության մասին: Ես երկու առաջին հանդիպում եմ ունեցել, առաջինը` գործընկերուհուս հետ, երկրորդը` աղջկա, ում սիրահարված եմ:

Vahe, Lilit Xanamiryan (13)

– Հարցազրույցներից մեկում նշում եք, որ նման եք բնավորությամբ: Ի՞նչ տեսակ նմանությունների մասին է խոսքը: Եվ արդյո՞ք հենց այդ նմանությունը չի բերում հաճախակի վեճերի, երբ զգում եք, որ խոսում եք գրեթե նույն բանի մասին, սակայն տարբեր «լեզուներով»:

Լիլիթ.- Նմանությունը բնավորությունը չէ, այլ մարդկային տեսակն է, որը քեզ հարազատ է, քեզ մոտ է: Նույնը պետք է լինի ոչ թե բնավորությունը, այլ երկու տարբեր մարդկանց նույն ցանկությունը, նույն երազանքը, նույն նպատակն ունենալու գաղափարը: Ինչ վերաբերում է ընդհարումներին, ապա հստակ կարող եմ ասել, որ առանց դրա սերը գնալով չի մեծանա, և կապվածությունը գնալով չի ուժեղանա:

– Լիլիթ, Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե անտանելի բնավորություն ունեք: Անտանելի բնավորության դրսևորումներից մեկը կնշե՞ք:

Vahe, Lilit Xanamiryan (5)

Լիլիթ.- Մեկ անգամ ասացի նման բան և կրակն ընկա: Ես անտանելի բնավորություն չունեմ, Վահեն ավելի լավ կասի, պարզապես կային երեխայական կամակորություններ, որոնք ժամանակի հետ ինքնըստինքյան վերանում են:

– Սովորաբար մարդն իր տեսակով փորձում է հնարավորինս «բարի և պուպուշ» տպավորություն թողնել: Սակայն Դուք բարձրաձայն խոստովանում եք, որ անտանելի բնավորություն ունեք: Ինչի՞ համար եք այդպես վարվում:

Vahe, Lilit Xanamiryan (7)

Լիլիթ.- Վերջերս նայում էի Յուրի Յակովլևի վերջին հարցազրույցը, երբ թոռնուհին խնդրեց պապիկին, որ նա մի խորհուրդ տա բոլոր երիտասարդներին: Յակովլևը մի պահ լռեց, հետո ասաց. «Չնայած ամեն բանի, մնացեք այնպիսին, ինչպիսին որ կաք, ունեցեք Ձեր կարծիքը և Ձեր դիրքը»: Կարծես շատ հասարակ խոսքեր են, ո՞վ չգիտի, որ պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ կա, բայց քանիսի՞ն է դա հաջողվում: Քչերին, շատ քչերին: Ես չեմ տառապում դուր գալու մոլուցքով և չեմ կարող հաճոյանալ բոլորին: Իհա՛րկե, դա մարդկանց դուր է գալիս, բայց արդյոք արժե՞ խեղկատակ դառնալ: Իհա՛րկե ոչ, թող ես չլինեմ շատ հայտնի, փոխարենը` այն փաստը, որ գիտեն` ինձ ենթարկել չի լինում, դա ավելի հաճելի զգացողություն է:

Վահե.– Չհիմնավորված ժպիտն ինձ զայրացնում է: Քծնող մարդկանց ես չեմ ընկալում: Ծռմռվող, տեղավորվող, անցյալը մոռացող մարդիկ ժամանակի քննությանը չեն դիմանում: Ամենից շատ գնահատում եմ, երբ մարդը չի գերագնահատում իր կարողություններն ու արժանապատվության գնով չի շարունակում նպատակակետին հասնելու ճանապարհը: Մեր օրերում գուցե ճիշտ չէ նման դիրքորոշումը, սակայն յուրաքանչյուրն ինքն է ընտրում` ինչպես ապրել:

Vahe, Lilit Xanamiryan (10)

Vahe, Lilit Xanamiryan (9)

Vahe, Lilit Xanamiryan (11)

– Լիլիթ, տեսակով ենթարկվո՞ղ եք: Ի՞նչ սրտով եք եկեղեցում ասել` «հնազանդ եմ»:

Լիլիթ.- Ենթարկվում են հիմարները, ես լսում եմ, հասկանում, ընդունում և զիջում: Հնազանդ եմ` սիրում եմ, ներում եմ և միշտ կողքիդ եմ:

– Ասում են, որ տղամարդիկ տեսակով սեփականատեր են: Դա այդպե՞ս է, թե՞ միայն «խեղճ» տղամարդկանց անունն է դուրս եկել:

Լիլիթ.- Մարդը միայն ինքն իրենն է, կյանքը, որը տրվել է, միայն քոնն է, տղամարդը տեր է, տեր է ամեն պահի և ամեն հարցում, բայց սեփականատեր չէ: Տղամարդը եկեղեցում կնոջը դարձնում է իր կինը, իր մի մասնիկը, այլ ոչ թե պայմանագրով գնում է:

Վահե.- Կարծում եմ, այս դեպքում կարելի է հումորով անդրադառնալ այս երևույթին: Այո, նման զգացողություն ունեմ, բայց դե ո՞վ գիտե, թե դա ճիշտ է սեփականատիրությո՞ւն անվանելը, թե՞ մեկ այլ բան:

Vahe, Lilit Xanamiryan (1)

– Վահե, ինչո՞ւ որոշեցիք ամուսնության առաջարկն անել ուղիղ եթերում:

– Այս հարցը մեկ-մեկ երազումս էլ եմ լսում: Որովհետև կյանքը պետք է հետաքրքրացնել, որ մի օր էլ հանգիստ շունչ քաշես ու ասես. «Օ՜ֆ, լավ էր, մի հատ էլ կապրեի նույնից»:

– Լիլիթն այդ պահին հուզմունքից շնչակտուր էր լինում: Իսկ Դուք այնքան վստահ էիք և պրոֆեսիոնալ կերպով թաքցնում էիք Ձեր հուզմունքը: Երկա՞ր ժամանակ էիք հայելու մոտ փորձել:

– Ես հուզված չէի, այլ անչափ ուրախ և ոգևորված ու ոչ մի անգամ չեմ փորձել:

– Շատերը խուսափում են իրենց անձնական կյանքն ի ցույց դնել: Իսկ Դուք ոչ միայն չեք թաքցնում, այլև թվում է` մեծ հաճույքով կիսվում եք Ձեր զգացմունքներով:

Լիլիթ.- Եթե խոսքը համացանցում նկարներ տեղադրելու մասին է, ապա դա անձնական կյանքն ի ցույց դնել չէ, մեր անձնականը մնում է անձնական:
Մենք անձնական կյանքն իրականում ի ցույց չենք դնում: Ամեն բան չափ ու սահման ունի:

Vahe, Lilit Xanamiryan (12)

– Ձեզ համար կարևո՞ր է, որ բոլորն իմանան, թե որքան շատ եք Դուք իրար սիրում:

Լիլիթ.- Իսկ Ձեր համար կարևո՞ր է, թե մենք իրար որքան շատ ենք սիրում: Ո՛չ ես և ո՛չ էլ Վահեն սիրո պակաս չունենք, և սերը, ինչպես և ամեն ինչ այս կյանքում, հարաբերական է: «Ուտեմ մռութդ, կյանքս, արևս, իմաստս» և այլ նման մեկնաբանություններ իրար նկարների տակ գրելով` սերն ավելի չի ուժգնանում: Մենք երկու տարբեր մարդիկ ենք, ովքեր որոշել են միանալ, որովհետև սիրում ենք:

Վահե.- Մեր ընտանիքի կայացման գործում հասարակության տեղեկացվածությունը` մեր սիրո ուժգնության մասին, դեր չի խաղում:

Vahe, Lilit Xanamiryan (4)

– Կարծեմ` կարևոր կանոն ունեք` աշխատանքից հետո աշխատանքի մասին չխոսել: Ստացվո՞ւմ է պահպանել այդ կանոնը:

Լիլիթ.- Իհա՛րկե ոչ:

Վահե.– Ես չեմ սիրում խոսել, բայց դե միշտ չի ստացվում:

– Նկարահանվել եք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում, որտեղ ևս ամուսնանում եք: Կպատմե՞ ք այդ մասին:

Լիլիթ.- Այո, սա մեր առաջին փորձն էր ֆիլմում, ես դերասան չեմ և հուզիչ դերասանական խաղով չեմ փորձել խաբել մարդկանց, սակայն կարծում եմ` իմ առջև դրված խնդիրը կատարել եմ: Սա ինձ համար շատ մեծ հոգեբանական սթրես էր, քանի որ ֆիլմում կան դրվագներ, երբ ես իմ անձը դրել էի մի կողմ և «ենթարկվում էի» ռեժիսորին: Թիմը շատ պրոֆեսիոնալ էր, ինչը հուսադրող էր:

Vahe, Lilit Xanamiryan (6)

Վահե.- Ես նույնպես երբեք չէի նկարահանվել ֆիլմում, ու ինձ համար էլ անչափ հետաքրքիր ու նոր փորձ էր: Ֆիլմի սցենարի հեղինակ ու ռեժիսոր Մ. Մկրտչյանի հրավերով հանդիպեցի իրեն, առաջարկեց մասնակցել, կարդացի սցենարը ու շատ հավանեցի այն: Երեկոյան զանգահարեցի ու ուրախությամբ տվեցի համաձայնությունս:

Իսկ հաջորդ օրը նորից զանգ ստացա, այս անգամ առաջարկեցին, որ նաև Լիլիթը նկարահանվի: Այս առաջարկը քննարկվեց մի քանի օր, երկար-բարակ մտածելուց, ծանրութեթև անելուց հետո համաձայնեցինք նաև այս առաջարկին: Ես մարմնավորել եմ Արթուրին, ով ֆիլմի երկու գլխավոր հերոսների որդին է, ում մարմնավորել են Նազենի Հովհաննիսյանն ու Մկրտիչ Արզումանյանը, իսկ Լիլիթը` Արթուրի կնոջը:

Անհամբերությամբ սպասում եմ արդյունքին ու հավատում եմ, որ հիանալի կինոնկար է սպասվում մեզ բոլորիս` լի հումորով և, միևնույն ժամանակ, հուզիչ ճակատագրական պատմություններով:

– Ամուսնությունից «կես ժամ» հետո, ծանոթ-անծանոթ սովորաբար իր պարտքն է համարում հարցնել` «հղի չե՞ս»: Ձեզ հաջողվե՞լ է խուսափել այդ հարցերից:

Լիլիթ.- Ես ոչ թե խուսափում եմ այդ հարցից, այլ մարդիկ խուսափում են ինձ տալ այդ հարցը: Կարծում եմ` ավելի անտակտ հարց չկա, քան` «հղի չե՞ս»-ը:

– Առհասարակ պլանավորո՞ւմ եք ապագայում ծնող դառնալ, թե՞ դեռ «ձեզ համար կապրեք»:

Լիլիթ.- Մենք էլի մեզ համար կապրենք, իհա՛րկե ուզում ենք, Աստված առաջ:

– Երևի թե տեսել եք «Война Роз» ֆիլմը, որտեղ անգամ իրար համար խելքահան լինող ամուսիններն են վերջում «շատ սիրելուց» ոչնչացնում իրար: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն սահմանը, որ սիրող ամուսիններին տանում է դեպի ատելություն:

Vahe, Lilit Xanamiryan (3)

Լիլիթ.- Սահմանը` սահման չունենալն է, յուրաքանչյուրը պետք է ունենա մի բան, ինչը միայն իրենն է:

– Վահե, ինչո՞ւ են ասում, որ Դուք երբեմն ծերուկի եք նման:

Վահե.- Չգիտեմ, ամեն դեպքում արտաքնապես, փառք Աստծո, դեռ չեմ ծերացել:

Լիլիթ.- Նման բան ասաց Հրաչուհին` «Սպիտակ անկյուն» հաղորդման ժամանակ: Վահեն կարող է երբեմն լինել նույնիսկ անտանելի, բայց հավատացեք` ոչ ծերուկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս