Բաժիններ՝

Երեխային դաստիարակելու 8 ոսկե խորհուրդներ Մայր Թերեզայից

1. Ուշադի՛ր եղեք նրան, թե ինչ եք դուք ասում երեխային:

Մեծերը այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:

2. Մի՛ վախեցրեք երեխային հրեշներով, գայլերով, ոստիկանով: Դա նրանց չի դարձնի ավելի խելացի կամ բարի:

3. Դաստիարակե՛ք երեխային՝ ցույց տալով նրան սեփական անթերի օրինակը: Երեխաները չեն սիրում կարգադրություններ և ցուցումներ, նրանք ուզում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր բառերը:

4. Բոլոր իրավիճակներում աշխատեք երեխայի աչքերում մնալ ձեր բարձրունքի վրա: Ի ցույց մի դրեք ձեր թերություններն ու թուլությունները: Երբ ծնողները թույլ են տալիս երեխային տեսնելու իրենց թուլությունը, երեխան անհանգստանում է, կորցնում է կողմնորոշումը, քանի որ նա այլևս ոչ ոքի վրա հույսը դնել չի կարող:

5. Երեխան, լինելով փոքրիկ և թույլ էակ, ցանկանում է իր մեջքի հետևում ունենալ իրեն պաշտպանող անվիճելի հեղինակություն: Երեխան միշտ ծնողից սպասում է ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածություն: Եթե երեխան ականատես է լինում ծնողների միջև վեճերի, անախորժությունների, տեսնում է սուտ և անարդարություն, ապա ինչպե՞ս կարող են ծնողները ակնկալել, որ իրենց կհաջողվի լավ դաստիարակություն տալ երեխային: Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը կամ մայրը իրենց սխալ են պահում, նա կորցնում է ինքն իրեն և ընդդիմանում, «ապստամբում» է: Սա շատ դժբախտությունների պատճառ է ինչպես ընտանիքներում, այնպես էլ հասարակությունում:

Մայր Թերեզա6. Լավ կլինի, որ երբեք երեխայի վրա ձեռք չբարձրացնեք: Ծայրահեղ դեպքում, եթե նա դրան արժանացել է, արեք դա պարզապես թեթև, առանց ցավ պատճառելու, բայց զգո՛ւյշ եղեք: Երբեք մի՛ պատժեք երեխային, երբ դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողնեք ատելության, զայրույթի և ոչ թե արդարության տպավորություն: Իսկ իսկական դաստիարակության մեջ երեխան պետք է զգա, որ դուք արդար եք և դրա համար էլ ճիշտ եք, երբ պատժում եք նրան:

7. Ահա թե ինչու, եթե նույնիսկ դուք ստիպված եք պատժելու երեխային, ձեր հայացքը չպետք է արտահայտի ո՛չ զայրույթ, ո՛չ թշնամանք. երեխան արագ կմոռանա և ապտակը, և պատիժը, բայց երբեք չի մոռանա ձեր հայացքը՝ լի ատելությամբ և զայրույթով: Ձեր պատիժը պետք է թելադրվի ոչ թե նրա համար, որ ձեր համբերության բաժակը լցվեց, այլ նրանով, որ երեխային հասկացնեք, որ իր իսկ սեփական լավի համար կան կանոններ, որոնց պետք է հետևել:

8. Երեխաները պետք է անսահման վստահեն և ենթարկվեն իրենց ծնողներին: Համերաշխ և սիրող ընտանիքներում սա երեխայի դաստիարակության հիմնական կանոններից է:

Թարգմանությունը` protestant.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս