Բաժիններ՝

Կյանքը՝ առանց ծնողների ու գումարի

Տիկին Անահիտի այժմյան կացարանը բակում հայտնի է` որպես «զույգերի տուն», քանի որ այստեղ ապրում են բակի միակ զույգ քույրիկները` 12-ամյա Զարուհին և Անահիտը, նրանք նաև մեծ եղբայր ունեն` 15-ամյա Էրիկը։ Երեխաները ծնողներ չունեն, որբ չեն, պարզապես 4 տարի է` հայրն ու մայրը հեռացել են տանից, ու երեխաները ոչ մի լուր չունեն նրանցից, տատիկի ու պապիկի հետ են ապրում` իրենց խնամակալներն են։ Երեքն էլ դպրոց են հաճախում ու լավ են սովորում, քույրիկների վարքը նույնիսկ չափազանց օրինակելի է համարվում դպրոցում, ու դասղեկն էլ իրենց շատ է սիրում։ Երբ դասարանի երեխաներով որևէ տեղ են գնում` մանկական սրճարան, կինո կամ թատրոն, տիկին Անահիտի թոռնիկները չեն միանում իրենց դասընկերներին։ Ցանկությունը շատ մեծ է, բայց գումար չկա։

Տիկին Անահիտի ընտանիքն ապրում է Մալաթիա վարչական շրջանի Շրջանայինի 2/5 հասցեում։ Այստեղ նրանք վարձով են ապրում` ինչպես իրենց բոլոր հարևանները։ Այս բակում մոտ 10 ընտանիք է ապրում, բոլորն էլ սոցիալապես անապահով վիճակում են, տներն էլ շատ փոքրիկ են ու անհարմար, միայն 2 տուն զուգարան ունի հենց տան ներսում, մնացածինն ընդհանուր է, «Զույգերի տունն» էլ բացառություն չի կազմում։ «Լողանալու տեղ չկա, մինչև տանում եմ դուրս էրեխեքին, լողացնում եմ, սառում-մրսում են, տեղաշորն էլ` խոնավ, ամբողջ տունը խոնավգ»,- ասում է տիկին Անահիտը։

soc-Amali (8)

soc-Amali (3)  soc-Amali (9)

Կարդացեք նաև

Այս ընտանիքը մշտական վարձով է ապրել, սրանից առաջ այս բակի կողքի բարձրահարկ շենքերից մեկում էին ապրում, վատ տուն չէր, սակայն տեղափոխվեցին այս բակ, որովհետև այնտեղ վարձավճարը շատ թանկ էր, ձմռանը նույնիսկ 80 հազար դրամ էին վճարում։ Հիմա այս տան համար ամսական 30 հազար դրամ են վճարում։ Տուն էլ չես կոչի, մի խոնավ սենյակ է, ու վերջ, նունիսկ սանհանգույց չկա ներսում։
Տարիներ առաջ մի մեծ ընտանիք մեկ հարկի տակ էր ապրում, լավ պայմաններում չէին ապրում, բայց ընտանիք էին կոչվում, արդեն չորս տարի է` տատիկն ու պապիկը վերածվել են խնամակալների, իսկ ծնողներն անհետացել են երեխաների կյանքից։

Հայրը Ռուսաստան է գնացել ու այնտեղ ամուսնացել է, նոր ընտանիք կազմել, ոչ լուր կա իրենից, ոչ էլ որևէ օգնություն։ Տիկին Անահիտի հարսը նույնպես ընտրեց ամուսնու տարբերակն ու հեռացավ նրանցից, մայրիկից էլ լուր չունեն` չգիտեն` որտե՞ղ է ապրում, արդյոք Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ…

soc-Amali (1)

soc-Amali (2)

Տանը ոչ ոք չի աշխատում, պապիկը մեծահասակ է` մոտ 76 տարեկան, ու հիմա ոչ ոք նրան աշխատանքի չի ընդունում, տատիկն էլ ինչպե՞ս աշխատի, ինչպես ասում է տիկին Անահիտի ամուսինը` «եթե աշխատի, բա ո՞վ էրեխեքին պահի»։

Տիկին Անահիտը դեռ թոշակ չի ստանում` 61 տարեկան է, միայն ամուսինն է ստանում` 35 հազար դրամ, «Փարոս» սոցիալական ծառայությունից տրվող նպաստն էլ 33 հազար դրամ է կազմում, ու վերջ. «Թոշակը տալիս եմ տան վարձի փող, «Փարոսն» էլ` լույսի փող, ու վերջ, էրեխեքս մնում են սոված։ Դպրոց են գնում, հագնել ա պետք, վառելիք չունենք, պլիտեն միացնում ես` փողը գնում է, որ մի տուն լիներ, վարձ չտայինք, էրեխեքիս յոլա կտանեի»։

Տիկին Անահիտն այսօր հուսահատվում է ոչ միայն իրենց սոցիալական վիճակից, այլև երկրում կատարվող անարդարություններից, շատ անգամներ է հիասթափվել ու անարդարությունների բախվել։ Պետության վրա էլ ամենևին հույս չի դնում, միևնույն է, կարծում է` միայն ծանոթով է ամեն ինչ լինում։ «Էնքան եմ լսել, որ ասեն` թաղապետարանն ինչ-որ բան ա բաժանում, բայց բոլորին հասնում է, ինձ` չէ։ Գիտեմ` սպիտակեղեն էին տվել, ուտելիք, հագուստեղեն, ոչ մի բանի երեսը չտեսա, նույնիսկ ասել էին` վատ ապրող ընտանիքներին լվացքի մեքենա էին բաժանելու, դրանից էլ խաբար չեղա։ Բաժանում են հարուստներին, իրանց ծանոթներին, իսկական վատ ապրողներին ոչ մի բան էլ չեն տալիս։ Օգնություն միայն Սամվել Ալեքսանյանից եմ ստացել. Նոր տարվա կապակցությամբ երշիկ, հավ ու արաղ ստացանք»։

Անահիտի մեծ թոռնիկը` Էրիկը, որոշել է` զինվորական է դառնալու, պատրաստվում է ընդունվել Հոկտեմբերյանում գտնվող «Տիգրան Մեծ» վարժարան։ Քույրիկները միայն դպրոց են գնում, խմբակներ չեն հաճախում, բայց ցանկությունը մեծ է, ուզում են պարի խմբակ հաճախել, սակայն լավ գիտակցում են` ընտանիքում գումար չունեն նման բաների համար։ Մեզ հետ զրույցում տատիկը պատմեց` մեկը խոստացել է երեխաներին անվճար պարի դասերի կանչել, բայց դեռ ոչ մի լուր չունեն դրանից։ «Թոռնիկս մի համակարգիչ էլ չունի, մեծ տղա է, հիմա դասերն էլ սկսել են համակարգչով անել, մենակ մի ջարդած հեռախոս ունի»,- պատմում է տատիկը։

soc-Amali (10)

Երեխաները, ծնողներից զրկվելուց բացի, զրկվել են նաև լավ ապրելու հնարավորությունից, անհոգ ու խաղաղ մանկությունն իրենց համար չէր ասված, պատանեկության տարիներն ավելի դաժան են հիմա, իսկ ապագան էլ անորոշ է, անգամ չգիտեն` վաղը ճաշի համար որևէ բան կունենա՞ն ուտելու, թե՞ ոչ։ Պապն էլ անդադար հին օրերն է հիշում, առաջ վատ չէին ապրում` աշխատանք էլ կար, գումար էլ, իսկ հիմա օր օրի է կյանքը վատանում։

Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս