Բաժիններ՝

«Մինչև վերջին րոպեն բուժօգնություն է ցուցաբերվել Ալեգրովային, սակայն նա այդպես էլ չկարողացավ բեմ դուրս գալ». համերգի կազմակերպիչ

«Իրինա Ալեգրովային մինչև վերջին րոպեն բուժօգնություն է ցուցաբերվել, որպեզի նա կարողանա բեմ բարձրանալ և ելույթ ունենալ իր սիրելի հանդիսատեսի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Forpostart Production»- ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը:

«Իրինա Ալեգրովային դիմավորել ենք երևանյան ժամանակով 16:30-ին, արդեն երեք օր է՝ նա հիվանդ է, 39 աստիճան ջերմություն ունի, դեղեր էր ընդունում և ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանար ելույթ ունենալ, քանի որ նա առանձնակի կարոտով էր սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը»,- պարզաբանեց Զ. Մխեյանը:

Նրա խոսքով՝ երաժիշտները սկսել էին փորձերը, սակայն  երգչուհին այդպես էլ չկազդուրվեց և հնարավոր չեղավ բեմ դուրս գալ.

«Նա խնդրում է հասկանալ իրավիճակը, ըմբռնումով մոտենալ: Նա համաձայնել է համերգը տեղափոխել ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Մենք 25 տարի է՝  համերգներ ենք կազմակերպում, և սա առաջին դեպքն է… խնդրում ենք հասկանալ իրավիճակը»:

Զ. Մխեյանի խոսքով՝ Իրինա Ալեգրովան շատ էր սպասում այս համերգին, և նրա համար  շատ դժվար էր համերգը հետաձգելու մասին որոշում կայացնելը:

«Առավոտյան պայմանագիր կկնքվի՝  համերգը ապրիլի 6-ին  տեղափոխելու համար: Մարդիկ հնարավորություն կունենան արդեն գնված տոմսերով մասնակցել ապրիլի 6-ի համերգին, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանա ներկա լինել այդ համերգին, տոմսերի գումարը հետ կվերադարձվի»,- նշեց նա:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե համերգը չի կայացել, քանի որ երգչուհու հոնորարն ամբողջովին չի վճարվել, Զառա Մխեյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը. «Նման դեպքերում կատարողը պայմանագիր է կնքում, երբ 100 տոկոսանոց վճարում է լինում»:

Նշենք, որ ավելի վաղ տարածվել էր Իրինա Ալեգրովայի հայտարարությունը, որտեղ նա ներողություն էր խնդրում  հանդիսատեսից՝ հորդորելով նրանց պահպանել արդեն իսկ ձեռք բերած տոմսերը՝ ապրիլի 6-ի համերգին ներկա լինելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս