Ինչ ուղերձներ է հղում իշխանությունը` ըստ Արմեն Մարտիրոսյանի

Նոր քաղաքական իրավիճակն ակներև է, միևնույն ժամանակ` բարդ, դժվար է ընդդիմադիր դաշտի համար կանխատեսումներ անել: 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով, եղած ընդդիմադիր ուժերը ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային ռեսուրսներ չունեն նոր շարժումներ ծավալելու համար:

«Անցյալ ընտրությունների ժամանակ էլ, հերթական ընտրությունների ժամանակ էլ շնորհավորում եմ ՀՀԿ-ի ընտրություններում տարած հաղթանակը, որը լինելու ձայնագողության և բազմաթիվ կեղծիքների միջոցով: Մինչ ընտրություններ երկրում կմա 1,5 մլն բնակչություն, սակայն ընտրությունների ժամանակ կպարզվի, որ ընտրելու իրավունք ունի 1,6 մլն քաղաքացի: Այս պարզ ճանապարհով էլ տեղի կունենա նրա վերարտադրությունը»,- նկատեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, որ ՀՀ քաղաքացիները սպասում են, որ լինի մի գերհզոր և կայացած ուժ, որպեսզի իրենք նոր հրապարակային ակտիվություն ցուցաբերեն՝ մոռանալով, որ ամենաուժեղ ռեսուրսն իրենք են. «Ինչքան էլ ընդդիմությունն ուժեղ լինի՝ առանց քաղաքացիների հրապարակ դուրս գալու ոչ մի արդյունքի չի հասնի»:

Նման քաղաքական իրավիճակ էր նաև 2013 թվականին, երբ, ըստ Ա. Մարտիրոսյանի, ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մնաց առանց քաղաքական ու հասարակական աջակցության:

«Պարզ ձայնագողությությամբ նորից վերարտադրվեց ՀՀԿ-ն, ինչը բերեց նրան, որ իշխանությունը 50 տոկոսանոց կեղծիքները մարսեց և այսօր գնում է վերատադրության գերագույն ճանապարհով, այն ինչ որ մենք ասում էինք հարևան Ադրբեջանի համար, որտեղ, ի դեպ, եթե բնական ռեսուրսներ կան, ապա այս դեպքում դուք պատկերացրեք՝ ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին, Ա. Մարտիրոսյանը ասաց.

«Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը չէր տեղավորվում իշխանության կողմից մինչ այս տեղի ունեցած գործողությունների հետ: Սերժ Սարգսյանը հայտնի խոսքում ամբողջովին Սահմանադրությունը ոտնահարեց, հստակ ուղերձ եղավ, որ ընդդիմադիր քաղաքական ուժին պետք է պատժել պետական լծակներով, չարաշահելով դրանք՝ ոչնչացնել այդ քաղաքական ուժը»,- ասաց նա:

Իշխանության ուղերձը, ըստ Մարտիրոսյանի, հետևյալն էր՝ ոչ մի բանի առջև կանգ չառնել իշխանությունը պահելու համար, առավել ևս որ արտաքին խանգարող հանգամանքներ չկան: Սակայն կային նաև այլ ուղերձներ. «Հաջորդ ուղերձն այն էր, որ Հայաստանում ամեն ինչի մեղավորն ընդդիմություն է, աղքատության, կոռուպցիայի, արտագաղթի, հատկապես փորձագիտական դաշտն անընդհատ դրա մասին էր բարձրաձայնում, սլաքներն ուղղում են ոչ թե ԲՀԿ-ին, այլ ընդհանուր ընդդիմադիր դաշտին»:

Ինչ վերաբերում է հնարավոր նոր շարժումների ձևավորմանը, ապա, մեր զրուցակիցը նկատեց, որ դժվար է ինչ-որ սցենարներ առանձնացնել: Միժամանակ նա նկատեց, թե հաջորդ շարժումների համար կարող են «հող» հանդիսանալ, մարդկանց սոցիալական իրավիճակի առավել սրացումը, Արցախի հարցը և այլն: Բոլոր դեպքերում նա կարծում է, որ առաջիկայում ևս իշխանությունները չեն հրաժարվելու իրենց որդեգրած քաղաքականությունից և եղած կամ նոր ընդդիմությունն առանց քաղաքացիների չի կարող երկրում ոչինչ փոխել:

Տեսանյութեր

Լրահոս