Գյումրիի վերականգնման նոր մեծամասշտաբ նախաձեռնություն է հասունանում

Շուտով Գյումրիում կմեկնարկի մեծամասշտաբ վերականգնողական և շենացման ծրագիր, որի անունն է «Հույս»: Ծրագրի նպատակն է կազմել և իրականացնել Գյումրիի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր, որը Գյումրիի վերակառուցման շուրջ կհամախմբի անհատների և կազմակերպությունների սփյուռքից, միջազգային կազմակերպությունների և Գյումրիի քաղաքապետարանին:

«Երկրաշարժից հետո 27 տարի է անցել, և Գյումրին վաղուց պետք է այս վիճակից դուրս եկած լիներ: Գյումրիի վերակառուցման թեման գնալով ավելի օրհասական և առաջնահերթ խնդիր է դառնում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի մեր բարեկամների շրջանում: Այն բանից հետո, երբ «ԴԵՊՈՊ» (www.depop.am) հետազոտական խումբն ավարտեց «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտությունը, հետազոտական խումբը ձեռնամուխ եղավ Գյումրիի ռազմավարական զարգացման ծրագրի ստեղծմանը: Արտագաղթի հիմնախնդիրն ուսումնասիրող հետազոտության մեջ Գյումրին առանձնանում էր, որպես առավել անտեսված և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաք, ինչի արդյունքում արտագաղթի հիմնախնդիրն այնտեղ ավելի սուր էր: Որպես դրական փոփոխություն իրականացնելու աշխատանք, մենք առաջարկեցինք ձեռնամուխ լինել Գյումրիի շենացմանը»,- հայտնում է Կամո Մայիլյանը, ով ներկայումս Տորոնտոյի «Գոլոլեան հիմնադրամի» անունից նշված ծրագրի տնօրենն է:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի զարգացման համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ին Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է Գյումրիում տիրող իրավիճակը և քաղաքին արտոնությունների տրամադրման խիստ անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ քաղաքապետը ներկայացրեց, թե քաղաքին հատուկ կարգավիճակի տրամադրումը և նոր ներդրումներին առավելություններ առաջարկելը ինչքանով կարող են նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը պատմեց նաև Վահան Գոլոլեանի հետ իր ունեցած հանդիպման և Գյումրիում «Հույս» ծրագրի մեկնարկի մասին:

«Գյումրիում իրավիճակն այնքան սուր է, որ անգամ ցավալի է պատկերացնել, թե մարդիկ ինչպե՞ս կարող են ապրել նման պայմաններում: Մանր սոցիալական խնդիրները լուծելով՝ ընդհանուր հիմնախնդրից չենք կարող ազատվել: Մեզ գլոբալ լուծումներ են պետք: Գյումրիում ներդրում կատարող բիզնեսներին հարկային արտոնությունների տրամադրումը մեծ քայլ է: Նույնկերպ, մենք կարող ենք երեսուն տարով հիփոթեքային վարկեր տրամադրել աշխատող ընտանիքներին, և դրանով մենք կկարողանանք մարդկանց օգնել տուն գնել և դուրս գալ ժամանակավոր կացարաններից: Սա հնարավոր է, և նման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ կարող են գտնվել»,- նշեց Գյումրիի քաղաքապետը:

Կարդացեք նաև

Սամվել Բալասանյանը ներկաներին պատմեց ներկայումս Գյումրիում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Վահան Գոլոլեանի հետ իր հանդիպման և «Հույս» ծրագրի հետ Գյումրիի շենացման նպատակով համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին: «Վահան Գոլոլեանը և Ռուբեն Վարդանյանը ներկայումս տարածաշրջանի զարգացման համար Գյումրիում ծրագրեր են իրականացնում: Ծրագրերից մեկը նպատակ ունի զարգացնել տուրիզմը, իսկ մյուսը պատրաստվում է Գյումրիի համար երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակել: Այս ծրագիրը մեզ թույլ կտա հավաքել 2002 թվականից մինչ օրս առկա բոլոր ծրագրերը և դրանք համախմբելով ստեղծել զարգացման ռազմավարությունը, որը մեզ ցույց կտա այն քայլերը, որոնք կբերեն քաղաքի զարգացմանը»:

Գյումրիի քաղաքապետն ակնկալում է, որ Ազգային Ժողովն այս հարցում կաջակցի և հատուկ կարգավիճակի տրամադրման միջոցով կնպաստի Գյումրին ներկայիս վիճակից դուրս բերելուն: Ներկայումս Գյումրիի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում կառավարության հետ, և մոտ ապագայում ակնկալում է Գյումրիին հատուկ կարգավիճակ ընձեռնող համապատասխան նախաձեռնություն մտցնել ԱԺ:

«Մեզ ձեր աջակցությունն է պետք աշխատատեղեր ստեղծելու և Գյումրին զարգացնելու համար»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով, որ ԱԺ-ն անտարբեր չի գտնվի և կնպաստի Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս