Նոր ռադիկալ ուժեր կամ անհատներ կարող են ի հայտ գալ… նման պայմաններում ոչ մի թիկնազոր, աշխարհազոր չի կարող փրկել. Գառնիկ Իսագուլյան

Այս նոր քաղաքական իրավիճակում, իշխանությունն ամենաշատը պետք է մտահոգվի: 168.am-ի հետ զրուցում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա համոզված է, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կտա. «Տարբեր տեսակետները ԲՀԿ-ի ղեկավարման բուն աղբյուրի մասին դեռևս ասեկոսեներ են, Հայաստանը բավականին փոքր երկիր է, եթե ինչ-որ ստորջրյա հոսանքներ կան, դրանք շատ արագ կբացահայտվեն»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի մյուս հավանական դերակատարներին, ապա Գ. Իսագուլյանը հայտենց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բուն ակտիվացման փուլն ացնել է, բացի դրանից՝ ինքը 2013թ. ընտրություններից հետո հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու ընտրությունների. «Եվ քանի որ նա պարկեշտ մարդ է, իր խոսքի տերն է լինելու, նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, սակայն նոր շարժման փուլը նրա համար արդեն անցավ»:

Նրա խոսքով, Հայաստանում բոլոր ընդդիմադիր ուժերն ինքնաբավության խնդիր ունեն, դա շատ կարևոր է, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ձևավորել: Գ. Իսագուլյանի դիտարկմամբ՝ եթե ՀՀ-ում իրավիճակը նույնությամբ շարունակվի՝ անպայման ծնվելու են նոր ուժեր, որոնք գնալու են ավելի ռադիկալ ճանապարհով, և հենց դա պետք է անհանգստացնի իշխանություններին:

«Ես երբեք չեմ բացառել կուսակցությունների, մեզ դեռևս անհայտ մարդու հնարավորությունը քաղաքականության մեջ, եթե ինչ-որ մեկը չգա ժողովրդին առաջնորդի, եթե նոր անհատներ չլինեն Հայաստանում՝ իրավիճակը չի փոխվի»,-ընդգծեց նա:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ իշխանությունների հասցրած վերջին հարվածը շատ կոշտ էր և ընդդիմադիր դաշտում դեռևս երկար ժամանակ կպահանջվի նոր խաղացողների ի հայտ գալու համար, Գ. Իսագուլյանը պատասխանեց,թե Հայաստանը մեծ երկիր չէ, մեծ ռեսուրսներ, երկար ժամանակ պետք չէ գործընթացների զարգացման հնարավոր սցենարների համար. «Պետք է նայել այդ ուղղությամբ, քանի որ չօգտագործված ուժեր դեռ կան, ամեն ինչ բացառապես կախված է իշխանության գործունեությունից»:

Ինչ վերաբերում է առաջացած խորը հուսահատությանը, նրա խոսքով, դա, որպես կանոն, բերում է ռադիկալ քայլերի, ժողովուրդը որոշում է, որ ստեղծված իրավիճակում կան մեղավորներ. «Նման պայմաններում ոչ մի թիկնազոր, աշխարհազոր չի կարող փրկել, այս մասին ամենաշատը պետք է մտածեն իշխանություները, ես չեմ կարծում, որ կյանքը հանգիստ կընթացա»:

 

Տեսանյութեր

Լրահոս