Բաժիններ՝

Ինչպես է պոչն օգնում թիթեռին

Պոչը կարևոր նշանակություն ունի տարբեր կենդանիների կյանքում: Այն ղեկի դեր է կատարում, երբ կենդանին շարժվում է մեծ արագությամբ, կամ օգտագործվում է որպես տրամադրության ցուցիչ՝ կենդանիների շփման ժամանակ: Իսկ Actias ցեղի թիթեռները պոչն օգտագործում են հետապնդումից խուսափելու համար: Ի դեպ, այս դեպքում գործ ունենք ոչ թե իսկական պոչի, այլ հետին թևերի խիստ երկարաձգված ելուստների հետ:

Այն բանից հետո, երբ պարզվեց՝ այս ելուստները որևէ դեր չեն խաղում զուգավորման ժամանակ, գիտնականները ենթադրեցին, որ դրանք կարող են թիթեռներին օգնել գիշատիչներից պաշտպանվելու հարցում: Իսկ թիթեռների առաջին թշնամին չղջիկներն են: Այս վարկածը ստուգելու համար գիտնականներն իրականացրեցին հետևյալ փորձը. հավաքեցին մոտ 150 Actias luna տեսակի թիթեռ և կեսի պոչային ելուստները հեռացրեցին: Թիթեռներին առաստաղից կախելուց հետո այդ սենյակ բաց թողեցին չղջիկներ: Չղջիկները բռնեցին «անպոչ» թիթեռների 85%-ին, իսկ «պոչավորների»՝ 35%-ին: Հատուկ տեսախցիկի միջոցով հետազոտողները ձայնագրեցին չղջիկների հարձակումը «պոչավոր» թիթեռների վրա: Եվ պարզվեց, որ կեսից ավելի դեպքերում չղջիկները հարձակվում էին միջատների պոչային ելուստների վրա: Արդյունքում՝ գիշատիչները վրիպում էին, իսկ լավագույն դեպքում՝ վնասում միջատի պոչը:

Ենթադրվում է, որ երկար ելուստներն անդրադարձնում են չղջիկների արձակած ուլտրաձայնային ազդակներն այնպես, որ չղջիկները «պոչն» ընկալում են՝ որպես առանձին որս: Այսինքն՝ այս թիթեռները հարձակումը շեղում են սխալ ուղղությամբ: Հետագայում գիտնականները պլանավորում են պարզել՝ արդյո՞ք այլ տեսակի «պոչավոր» թիթեռները ևս կարող են ելուստների միջոցով խաբել չղջիկներին:

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս