Բորիս Նեմցովի դուստրը պատմել է` ինչի համար են սպանել հորը

Սպանված ռուս գործիչ Բորիս Նեմցովի դուստր Ժաննան The Times պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ իր հոր սպանությունը վրեժ էր քաղաքական գործունեության համար, և կասկածանք է հայտնել, որ հանցագործներին պատասխանատվության կենթարկեն:

«Գիտեմ, որ շատերը սիրում էին նրան: Ես նրան առավել ուժեղ եմ սիրել, քան որևէ այլ մեկը: Ինձ համար շատ դժվար է հիմա»,-Ժաննայի խոսքը մերջբերում է Корреспондент-ը:

«Բանտ ուղարկել նրան չէին կարող, քանի որ նա շատ ազնիվ մարդ էր… Չէին կարող առիթ գտնել… Կարծում եմ` դա պատվերով սպանություն է եղել` քաղաքական շարժառիթներով… Որևէ մեկին մեղադրելու համար ապացույցներ են պետք, իսկ ես որևէ ապացույց չունեմ: Դրանք միայն իմ զգացողություններն են, սակայն վստահ եմ, որ նա դարձել է սեփական սկզբունքների ու գործողությունների զոհը: Ինձ հայտնի է, որ պաշտոնական անձինք կարծիք են հայտնել, որ նա վտանգավոր չէր, սակայն հանուն ինչի՞ սպանել ընդդիմության առաջնորդին, եթե նա իրենից վտանգ չի ներկայացնում: Կարծում եմ` նրա դաժան ու անամոթ սպանությունից հետո ռուսական ընդդիմությունը գլխատվել է», -ասել է Նեմցովան՝ հավելելով.

«Նախկինում մարդիկ վախենում էին, այժմ նրանք վախենում են 100 անգամ ավելի շատ… Ես վստահություն չունեմ պաշտոնական հետաքննության հանդեպ»:

Ինչպես գրում է The Times-ը` «Բորիս Նեմցովը սպանության պահին Ռուսաստանում առավել նշանավոր ընդդիմադիր գործիչն էր նրանցից, ովքեր ձերբակալված չէին և չէին լքել երկիրը»:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում: Նրա վրա կրակել են վեց անգամ: Սպանության պահին ընդդիմադիր գործիչը քայլելիս է եղել Մեծ Մոսկվորեցկի կամրջով` ուկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայայի ընկերակցությամբ:

Թարգմանությունը՝ tert.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս