Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունը երկու ամսում մրցույթ կհայտարարի Ստամբուլի ջրանցքի մասշտաբային նախագծի համար

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչապետության ժամանակ առաջ քաշված Ստամբուլյան ջրանցքի նախագծում նոր զարգացումներ են սպասվում: Ակնկալվում է, որ կառավարությունը երկու ամսվա ընթացքում մրցույթ կհայտարարի՝ նախագիծը կյանքի կոչելու համար:

Ստամբուլյան ջրանցքը պետք է կառուցվի Ստամբուլ քաղաքից հյուսիս և միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը՝ դրանով իսկ թեթևացնելով Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը: Ջրանցքի երկարությունը կազմելու է 45 կիլոմետր, լայնությունը՝ 400 մետր: Ջրանցքի վրա կառուցվելու է 6 կամուրջ, նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար:

Էրդողանն այդ նախագծի մասին բարձրաձայնել էր 2011 թվականին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ: Պլանավորված է նաախագիծն իրագործել մինչև 2023 թվականը, երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանը հրահանգել է արագացնել Ստամբուլի ջրանցքի կառուցումը:

Էրդողանի երազանքների թվում է նաև սևծովյան Սամսունից մինչև միջերկրածովյան Յումուրթալըք ջրանցք փորելը, ինչի մասին նույնպես հայտարարվել է 2011 թվականին: Պլանավորված է, որ Փոքր Ասիա թերակղզու մեջտեղով անցնելիք այդ ջրանցքով («թուրքական Սուեզի ջրանցք») միաժամանակ կարող են երթևեկել միջին մեծության երկու նավեր: Ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն և 22 մետր խորություն:

Ջրանցքը մեկնարկելու է սևծովյան Սամսուն քաղաքից 15 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածից, ապա անցնելու է Քայսերի քաղաքից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածով և ի վերջո հասնելու է Յումուրթալըք քաղաք` Միջերկրական ծով: Նախագիծը կարող է կյանքի կոչվել մինչև 2023 թվականը: Էրդողանի խոսքերով՝ ջրանցքը փորելիս կարող են հայտնաբերվել օգտակար հանածոներ, ինչը կփոխհատուցի ֆինանսական ծախսերի մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս