Բաժիններ՝

Փաստաբանը հայտարարել է, որ Ֆլորա Մարտիրոսյանի որդին մեքենայի ղեկին չի եղել

Օրեր առաջ Լոս Անջելեսում ձերբակալել են ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած Հենրի Մայքլ Գևորգյանին։ Հենրի Գևորգյանը հայտնի երգչուհի, վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանի որդին է։ Հենրիի մայրը՝ Ֆ. Մարտիրոսյանը, մահացել էր 55 տարեկան հասակում՝ 2012թ. նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, լեղապարկի վիրահատությունից հետո: Իսկ Հենրիի հայրը՝ Հրահատ Գևորգյանը, մահացել էր կնոջ մահվանից ուղիղ մեկուկես տարի անց. նա առողջական խնդիրներ ուներ: Los Angeles times-ը` վկայակոչելով ոստիկան Էնդրյու Սմիթին, գրել էր, որ Լոս Անջելեսում, Չեթսվորթ կոչվող տեղամասում փետրվարի 26-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի հեղինակ հայազգի 21-ամյա Հենրի Մայքլ Գևորգյանը շաբաթ օրը` փետրվարի 28-ին, ձերբակալվել է: Նա Լոս Անջելեսի ոստիկանության կողմից որոնվում էր «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայով ավտոարշավի ժամանակ երկու անձանց մահվան և մեկին ծանր վնասվածք պատճառելու համար:

Henri-Florai txa (2)Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ապօրինի ավտոարշավի ժամանակ մեքենան կորցրել է վերահսկողությունը, դուրս եկել մայթ և ներխուժել մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով երկուսը մահացել են, մեկը ստացել է վնասվածքներ: Չկարողանալով կառավարել մեքենան՝ հարվածել է կանգնած մարդկանց, այնուհետև՝ պատնեշին, և վնասվել: Վրաերթի պատճառով մահացածներից մեկը 26-ամյա Էրիկ Սիգերան (Eric Siguera) է և 20-ամյա մի երիտասարդ, իսկ 21-ամյա Լուիս Անտոնիո Գոնսալեզը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել էր «Մուստանգի» վարորդի ինքնությունը, որն ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ փախել էր՝ չօգնելով տուժածներին։ Չեթսվորթ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Բիլ Բասթոսը հեռուստաեթերով դիմել էր փախուստի մեջ գտնվող Գևորգյանին՝ կոչ անելով գալ և ներկայանալ Ոստիկանություն։ Շաբաթ երեկոյան Հենրի Գևորգյանն ինքնակամ գնացել և ներկայացել է Ոստիկանություն և կալանավորվել: Դատարանը նրա համար 2 մլն դոլար գրավ է պահանջել:
Հենրի Գևորգյանի փաստաբանը, սակայն, հայտարարել է, որ իր պաշտպանյալը «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի ղեկին չի եղել: NY Daily News-ի փոխանցմամբ, փաստաբանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Հենրի Գևորգյանն ավտոարշավի ժամանակ եղել է ճանապարհի մեջտեղում կանգնած և ոչ թե՝ մեքենայի ղեկին. նա տվել է մեքենաների ընթացքի մեկնարկը:

«Հենրին շատ ծանր վիճակում է: Նա ցանկանում է, որ ամեն ինչ ճիշտ լինի»,- լրատվամիջոցին ասել է փաստաբան Քեյթ Հարդին (Kate Hardie)՝ նշելով, որ իր պաշտպանյալը «շատ լավ տղա է»:

Տարածված տեսանյութը, որում Հենրի Գևորգյանը երևում է ավտոարշավի մեկնարկային կետում, այս օրերին տարածվել է սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերը #FreeHendo հեշթեգով և Հենրիի նկարով տեղեկացնում են, որ Հենրին վրաերթի պատճառ դարձած մեքենայի ղեկին չի եղել: Daily Mail-ը տեղեկացնում է նաև, որ Գևորգյանը նախկինում ձերբակալված կամ դատապարտված չի եղել: Ըստ լրատվամիջոցի՝ Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք մինչև ձերբակալելը տեղյակ են եղել տեսանյութի գոյության մասին: Եթե հայազգի երիտասարդին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 33 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս