Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել. նա քաղաքում չէ

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ, իսկ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես՝ որպես քաղխորհրդի անդամ, կարող եմ ասել, որ առաջիկայում մենք կքննարկենք մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը և, անկեղծ ասեմ, ես չեմ կարծում, որ քաղաքական խորհրդում կգտնվի որևէ մեկը, որը կցանկանա, որ պարոն Օսկանյանը դուրս գա կուսակցությունից: Եվ մենք կհորդորենք, որ Վարդան Օսկանյանը մնա կուսակցությունում ու չլքի կուսակցության շարքերը: Իսկ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին խոսք չկա»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Հարցին, թե նախկինում Վ.Օսկանյանը նման ցանկություն հայտնե՞լ է, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ գրեթե ամեն օր հանդիպում է նրան, զրուցում են, բայց մանդատը վայր դնելու ցնակության մասին տեղեկություն չունի:

Ն. Զոհրաբյանը նշեց նաև, որ վաղը ԲՀԿ արտահերթ համագումարին Վարդան Օսկանյանը հնարավոր է չմասնակցի. «Քաղաքում չի լինելու, ես չգիտեմ՝ ինքը կհասցնի՞ վերադառնալ, մասնակցել, թե՞ ոչ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանին» անդամակցել է 2012թ. փետրվարին, իսկ մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով: Նա ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:

Տեսանյութեր

Լրահոս