Բաժիններ՝

Տեղի է ունեցել «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի ղեկավար խմբի 4-րդ նիստը

Մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի ղեկավար խմբի 4-րդ նիստը: «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագիրը ներառում է բարեփոխումների երկու գործողությունների ծրագիր` ուղղված ՓՄՁ ագրոբիզնեսին և շինարարական նյութերին, և իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) գործընկերությամբ, այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Եվրոպական գործընկերության ՓՄՁ բաժնի շրջանակներում:

Նիստը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նիստին ներկա էին էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՓՄՁ ԶԱԿ գլխավոր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ՏՀԶԿ Եվրասիայի մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը, ԳՄՀԸ մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում թիմի ղեկավար Կոռնելիա Սկոկովը, Եվրոպական հանձնաժողովի և շահագրգիռ կառույցների այլ ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ՏՀԶԿ Եվրասիայի մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը ներկայացրել է ծրագրի երկու բաղադրիչներին` ագրոբիզնեսին և շինարարական նյութերին առնչվող հրապարակված ձեռնարկները, որոնք անկախ փորձագիտական գնահատման էին ենթարկվել ՏՀԶԿ Եվրասիայի մրցունակության հարցերով կլոր սեղան քննարկման ընթացքում 2014թ-ին Փարիզում: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև վերոնշյալ երկու ոլորտներում առկա մարտահրավերները և ծրագրի կողմից առաջարկվող լուծումները` մասնավորապես Հայաստանի ՓՄՁ-ներին ագրոբիզնեսի ոլորտում արտահանման խթանմանն ուղղված ջանքերի բարելավում և արտահանման մասով հմտությունների տարածում, մաքսային ընթացակարգերի, սերտիֆիկացման և արտահանման ենթակառուցվածքների բարելավում և այլն, շինարարական նյութերի ոլորտում` կարգավորման, վարչարարության և արտահանման մասով տեղեկատվության հավաքագրման բարելավում, ներդրումների խթանման աշխատանքների կատարելագործում և այլն:

Նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը աշխատում է դիվերսիֆիկացված արտահանման մոդելի վրա` նաև ագրոբիզնեսի ոլորտում և կոչ է արել ծրագրի շրջանակներում ակտիվորեն համագործակցել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ:

Համաձայն օրակարգի` նիստի մասնակիցները շարունակելու են քննարկումները աշխատանքային ձևաչափով և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս