Բաժիններ՝

Ֆիզկուլտուրան փրկում է սթրեսից և դեպրեսիայից

Ֆիզիկական վարժությունները նպաստում են օրգանիզմում նեյրոնների աշխատունակությանը

Սպորտն օգտակար է ոչ միայն մարմնի, այլև հոգու համար. ինչպես ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի: Հայտնի է, որ ֆիզիկական մարզանքներն օգնում են հաղթահարել սթրեսը և ազատվել տագնապի զգացողությունից, բայց միայն վերջերս մասամբ հնարավոր եղավ պարզել, թե ինչպես:

2013թ. Պրինստոնի համալսարանի աշխատակիցները «Journal of Neuroscience»-ում հրապարակեցին աշխատանք, որում նշվում էին «սպորտով զբաղվող» մկների վրա կատարված մի շարք փորձերի զարմանալի արդյունքները: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խթանում է ուղեղի այն նեյրոնների ակտիվությունը, որոնք հեշտ են գրգռվում և կարող են ավելացնել սթրեսի հանդեպ զգայունությունն օրգանիզմում, բայց խթանվում են նաև այլ՝ վերջիններիս ակտիվությունը նվազեցնող նեյրոններ: Հենց սրանց շնորհիվ էլ, անգամ, եթե տագնապի զգացողություն լինի, այն շատ արագ անցնում է:

Neuropharmacology-ում տպագրված ևս մի հոդվածում նշվում է նաև մեկ այլ հակասթրեսային մեխանիզմ, որ կապված է ֆիզիկական վարժությունների հետ: Ջորջիայի համալսարանից Ֆիլիպ Հոլմսն ու իր կոլեգաները նկարագրում են նեյրոպեպտիդ գալանինի աշխատանքը: Վերջինս նեյրոններն ու սինապսները պաշտպանում է սթրեսի վնասակար ազդեցությունից: Մի քանի տարի  առաջ գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզիկական վարժությունները մեծացնում են գալանինի քանակն ուղեղում, ընդ որում, հենց այն հատվածներում, որոնց հիմնական գործառույթը պայքարն է սթրեսի դեմ: Այս անգամ նրանք փորձեցին պարզել գալանինի, ֆիզիկական վարժությունների և սթրեսի կապը բջջային մակարդակում:

stress (2)Հայտնի է, որ սթրեսն ու դեպրեսիան առաջացնում են նեյրոնների ու սինապսների ատրոֆիա. նյարդային բջիջների միջև եղած կապերը թուլանում են և կտրվում, իսկ նոր կապեր չեն առաջանում: Ըստ այդմ, փոքրանում է ուղեղի սինապտիկ պլաստիկությունը, և նյարդային բջիջը դառնում է «ոչ կոնտակտային» և անպետք, ինչի հետևանքով էլ քչանում է ընդհանուր նյարդային շղթաների քանակությունը, վերջիններիս նվազումն էլ բերում է այնպիսի հետևանքների, ինչպիսիք են բարդ իրավիճակներից ելք չգտնելը և ճանաչողական հատկությունների կտրուկ վատթարացումը:

Փաստորեն, սթրեսը սկիզբ է տալիս մի փակ շղթայի. որքան շատ է սթրեսը, այնքան քիչ են դրան դիմակայելու ունակությունները՝ նվազող պլաստիկության հետևանքով:
Նեյրոնները կամ նյարդային բջիջներն ունեն ելուններ՝ դենդրիտներ, և այդ բջիջների միմյանց հետ կապեր առաջացնելու ունակությունը չափում են հենց այդ դենդրիտների ծայրիկներում գտնվող դենդրիտային «փշերով»:

Այդ հատվածներում կան սինապսի (երկու բջիջների միջև եղած տարածություն՝ կապող հատված) առաջացման համար նպաստավոր բոլոր մոլեկուլաբջջային գործոնները: Պարզվել է, որ ակտիվ կենսակերպ վարող առնետների մոտ այդպիսի դենդրիտային փշերն ավելի շատ էին, այսինքն՝ նրանց նեյրոններն ավելի պլաստիկ էին և ունակ տարբեր նյարդային շղթաներ առաջացնելու: Նույն էֆեկտը ստացվում էր գալանինի ներարկումից հետո: Ապա առնետներին տեղադրում էին բավիղի (лабиринт) մեջ և սթրեսի ենթարկում թույլ հոսանքով: Սթրեսի մակարդակն ու դրան դիմակայելու ունակությունը գնահատվում էր նրանով, թե կուսումնասիրի՞ կենդանին բավիղը, թե՞ կթաքնվի մի անկյունում: Ակտիվ կենսակերպ վարած առնետները համարձակորեն ուսումնասիրում էին նոր միջավայրը, չնայած հոսանքի հարվածներին: Այդպիսի վարք էին դրսևորում նաև առնետները, որոնց գալանին էին ներարկել: Բայց հետաքրքիր էր, որ երբ ակտիվ կենսակերպ վարած առնետներին ներարկում էին նյութ, որը կասեցնում է գալանինի ակտիվությունը, նրանց վարքը նմանվում էր մյուս՝ քիչ շարժուն առնետների վարքին, որոնք ավելի ընկալունակ էին սթրեսի նկատմամբ:

stress (1)Փորձի հեղինակները եզրակացրել են, որ ֆիզիկական վարժությունների հակասթրեսային ազդեցությունը պայմանավորված էր գալանինով: Այն պահում էր նեյրոնների սինապտիկ պլաստիկությունը, որն օգնում է հաղթահարել սթրեսը: Բնական է, որ հարց կարող է առաջանալ. արդյոք հնարավոր չէ՞ գալանինի առաջացումը խթանող նյութերի օգնությամբ դուրս բերել մարդկանց սուր սթրեսային վիճակներից: Չէ՞ որ հաճախ մարդիկ հայտնվում են այնպիսի ծանր վիճակներում, որ չեն կարող ֆիզիկական վարժություններ կատարել: Այս ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները դեռ փորձնական փուլում են, և մնում է միայն հուսալ, որ  կենդանիների վրա ստացված արդյունքները կհաստատվեն նաև մարդկանց դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս