Նոր ընդդիմադիր ուժերին, գաղափարախոսությունից բացի, պետք է նաև ֆինանսավորում

Ընդդիմությունն այս պահին շատ թույլ է, հասարակությունը 2008թ. օրինակով կորցրել է վստահությունն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Վերլուծելով հասարակության կողմից վերջին օրերին հնչող գնահատականները, քաղաքագետը տեղեկացրեց, որ վերջին շրջանի քաղաքական զարգացումները հասարակության կողմից բնութագրվում են այսպես՝ Գագիկ Ծառուկյանն իր ձեռներեցությունը փրկելու համար գնաց կապիտուլյացիայի:

«Ընդդիմությունը Հայաստանում մեծ վստահության չի արժանացել. անցած նախագահական ընտրություններից, ՀՀԿ-ի սոցիալական վիճակը ծայրահեղության տանող քայլերից հետո ԲՀԿ-ն հասարակության համար դարձավ ընդդիմություն, մինչդեռ իրենք իրենց անվանում էին 3-րդ ուժ: Այս կուսակցության որոշ գործիչների ելույթներում միայն վերջին շրջանում ընդդիմության նշույլներ երևացին»,- ասաց Համբարյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթում նստակ նշվեց, որ ԲՀԿ-ն իշխանության «պրոյեկտն» է, իրենք ստեղծել են, իրենք էլ կարող են սահմանափակել կուսակցության գործունեության շրջանակները:

«Գագիկ Ծառուկյան գործարարին իրենք դեմ չեն, դեմ էին նրա քաղաքական գործունեությանը: Այս օրերին մենք տեսնում ենք՝ ինչպես է այս կուսակցությունը կազմաքանդվում, իսկ ահա մարտի 5-ի նիստից հետո պարզ կդառնա կուսակցության ապագան: Ընդհանուր առմամբ, ընդդիմությունն այժմ նոկդաունի է ենթարկվել, և իշխանության հասցրած հարվածի հետևանքներն այս կուսակցությունը դեռ երկար ժամանակ կկրի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Հասարակության ներսում առաջացած վստահության ճգնաժամը, ըստ մասնագետի, դեռ երկար ժամանակ չի հաղթահարվի, որովհետև առաջացած վակուումը լցնելու համար նոր ընդդիմադիր ուժերին, բացի գաղափարախոսությունից, անհրաժեշտ է նաև ֆինանսավորում. «Խոշոր ընդդիմադիր ուժեր չեմ տեսնում, կան մի քանի խարիզմատիկ քաղաքական գործիչներ, ովքեր կարող են ընդդիմություն դառնալ, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ թե քիչ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, քիչ հավանական է ՀՅԴ-ն, որտեղ ինտելեկտուալ կորիզ կա: Լրատվական դաշտում շրջանառվում են նաև Պարույր Հայրիկյանի և այլ գործիչների անուններ, սակայն հիմա նրանք շատ թույլ են և չեն կարող իրական ընդդիմություն դառնալ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ապագային՝ Համբարյանը նշեց, որ, եթե մարտի 5-ից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից, կուսակցության անդամներից շատերը կլքեն ԲՀԿ-ն, քանի որ մեր երկրում կուսակցությունները, ցավոք, իրենց լիդերով և ոչ թե գաղափարախոսությամբ են ընդունվում հասարակության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս