Բաժիններ՝

Ըստ Մարկ Դեյվիսի՝ 21 բանկը շատ է Հայաստանի համար. Banks.am

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը  Banks.am-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀ տնտեսական հեռանկարների, բանկային համակարգի և այլ հարցերի մասին։

Մասնավորապես, մեկնաբանելով ՀՀ Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ բանկերը 2 տարվա ընթացքում պետք է 6 անգամ ավելացնեն ընդհանուր կապիտալի չափը, Մ. Դեյվիսն ասել է.

«Այս առումով երկու մտահոգություն կա, որոնք, իմ կարծիքով, անիմաստ են: Առաջինն այն է, որ սա կհանգեցնի մրցակցության նվազեցմանը, քանի որ կլինեն ավելի քիչ բանկեր: Իրականում՝ հակառակը: Բանկերի միավորումը կտանի դեպի ավելի քիչ, ուժեղ, արդյունավետ եւ փորձառու բանկերի գործունեությանը: Այդպիսի բանկերը կկարողանան ավելի էժան ֆինանսավորում գտնել, իրենց կապիտալի համեմատ ավելի քիչ վարչական ծախսեր իրականացնել, եւ բացի այդ՝ հաճախորդներին կկարողանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկել՝ ավելի երկար մարման ժամկետով: Զարգացումը նաեւ կնպաստի ավելի բարձրորակ վարկային պորտֆելի, շուկայական դիրքերի ավելի արդյունավետ մոնիտորինգի եւ վարկային նոր պրոդուկտների առաջացմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կընդարձակի հաճախորդների բազան եւ կնվազեցնի ռիսկերը:

Կարիք չկա ունենալու 21 բանկ՝ մրցակցություն ծավալելու համար, մասնավորապես՝ Հայաստանի մասշտաբի երկրի համար: Ավելի մեծ եւ լավ բանկերը կմրցեն միմյանց հետ եւ կնվազեցնեն փոխառության ծախսերը:

Շրջանառվող երկրորդ մտահոգութունն այն է, որ ԿԲ-ի որոշումը մասամբ նշանակում է, թե այն ընդունում է Հայաստանի բանկերի «թերի կապիտալացված» լինելը:

Սակայն դա այդպես չէ: ԿԲ-ն ասում է, որ բանկերը պետք է ունենան կապիտալի նվազագույն սահման, որպեսզի շարունակեն գործել: Դա նշանակում է, որ նրանք կարիք ունեն ավելի մեծանալու:

Այսպիսով, սահմանված նվազագույն կապիտալից ցածր մակարդակ ունեցող բանկերը ստիպված կլինեն կամ ավելի շատ սեփական կապիտալ ներդնել` ներքին ներուժով աճ ապահովելու համար, կամ էլ գնել կամ միաձուլվել այլ բանկերի հետ, վաճառվել մեկ այլ բանկի կամ լքել շուկան:

Սա վերաբերում է կապիտալի նվազագույն ընդհանուր չափին, սակայն վերը նշված բոլոր դեպքերում, իհարկե՝ բացի բանկը փակելու դեպքից, բանկի հաշվեկշռի ակտիվների հատվածը եւս կաճի: Ռիսկով կշռված ակտիվների համեմատ նվազագույն պահուստային կապիտալի պահանջը բոլորովին այլ հայեցակարգ է, որին հայկական բանկերն արդեն իսկ համապատասխանում են, իսկ ԿԲ-ն միանշանակ պահանջելու է, որ սա բոլոր դեպքերում շարունակվի:

Բանկային համակարգի ամրապնդումը վաղուց հասունացել է: 21 բանկը չափազանց շատ է Հայաստանի համար: Դա ստեղծում է պակաս արդյունավետություն, եւ չի նպաստում զարգացմանը, հանգեցնում է վարկային պորտֆելի բարձր վարչական ծախսերի եւ բերում է բարձր տոկոսադրույքների պահպանմանը: Վերջիններս առավել ցածր կլինեին ավելի փոքրաքանակ, սակայն խոշոր ու լավ բանկերի դեպքում, որոնք ի վիճակի կլինեն ավելի ցածր ծախսատար ֆինանսավորում ստանալ (ներքին եւ արտաքին աղբյուրներից) եւ մրցել ավելի բարձրորակ վարկային պորտֆելներ ապահովելու համար: Բնականաբար, ակնկալվում է, որ ավանդները, իրենց հերթին, ավելի ապահով կլինեն»:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս