Բաժիններ՝

«Սուրճ խմելու հարցում գերազանցում ենք Բալզակին»

Ասում է ամեն առավոտ մեզ բոլորիս «բարի լույս» մաղթող հաղորդավարուհի և
դերասանուհի Հերմինե Ստեփանյանը

– Հերմինե, կարո՞ղ եք ամենայն անկեղծությամբ ասել, թե որքանո՞վ է Ձեր գրավիչ արտաքինն օգնում հեռուստատեսային կարիերայի հարցում։

– Իրականում արտաքին տեսքն ամենակարևորը չէ հեռուստատեսությունում, անգամ կինոյում և թատրոնում։ Ավելին, կան տասնյակ օրինակներ, երբ գեղեցկության ընդունված չափանիշներին չհամապատասխանող կանայք լինում են էլ ավելի լսելի և հմայիչ, քան նրանք, որոնց մասին սովորաբար ասվում է` «Ախ, ինչ սիրունիկն է»։ Բացի այդ, գուցե և ծեծված հնչի, բայց գեղեցկությունն էլ, հմայքն էլ ներսից են գալիս։ Իսկ իմ արտաքինն օգնել է ինձ այնքանով, որ չի խանգարել։

– Ձեզ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ գիտեն, որ «խոսքի հետևից գրպան չեք մտնում»։ Լավ իմաստով` իհարկե։ Ձեր` դեռևս ուսանողական տարիներին ի հայտ եկած այդ սովորություն-առավելությունը պահպանո՞ւմ եք։

– Հատկապես ուղիղ եթերում և հարցազրույցի ժանրում աշխատելիս դու պարտավոր ես լինել այդպիսին։ Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Դա պարտադիր պայման է։ Սակայն դա չպետք է լինի դատարկաբանության ժանրից։ Այլ կերպ ասած, երբ ձեռքդ տանում ես գրպանդ` խոսքի համար, պետք է այնտեղ լավ պաշար ունենալ` պետք է լինի ընտրության հնարավորություն։ Դա նման է նրան, երբ գիտես, որ գրպանումդ գումար ունես, և որ պահին էլ անհրաժեշտություն լինի, կկարողանաս այն օգտագործել։ Դա ինքնավստահության համար է։

Hermine Stepanyan01

Hermine Stepanyan03

– Ի՞նչն եք համարում Ձեր հաջողության գրավականը հեռուստատեսությունում։

– Երևի անկեղծությունը։ Սիրում եմ իմ գործը։ Սիրում եմ մարդկանց, ովքեր հեռուստացույցի դիմաց նստած` նայում են ինձ։

– Արդեն երկար ժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերից մեզ բոլորիս «բարի լույս» եք մաղթում։ Հետաքրքիր է` Ձեր ամուսինն ու փոքրիկ բալիկը և՞ս եթերից են լսում Ձեր մաղթած «բարի լույսը»։

– Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ մեկ անգամ ունեցած իմ փորձից հետո որոշել էի երբեք չվարել առավոտյան հաղորդում։ Բայց այն նախագիծը, որն ինձ առաջարկվեց, գերեց ինձ` իր ձևաչափով, բովանդակությամբ և աշխատանքային սկզբունքներով։

Hermine Stepanyan2

Այո, այնպես է ստացվել, որ ընտանիքիս անդամներին ևս «բարի լույս» եմ մաղթում` հեռուստացույցից։ Իսկ այն օրերին, երբ Լիլիթն ու Վահեն են եթերում լինում և, բնականաբար, ես ընտանիքիս հետ եմ իմ առավոտյան սուրճը խմում, փոքրիկս նայում է էկրանին և ճանաչելով տաղավարը` անընդհատ կրկնում է` մամա, մամա…

– Ո՞վ է խնամում բալիկին, երբ Դուք աշխատանքի եք լինում։

– Երեխայի խնամքի հարցում ինձ շատ է օգնում ամուսինս։ Բացի այդ, փոքրիկս արդեն մանկապարտեզ է գնում, որտեղ իրեն չափազանց լավ է զգում։ Ներքին հանգստությունը, որ այդ մի քանի ժամը նա լավ դայակների մոտ է, և նրա օրը հագեցած և հետաքրքիր է, թույլ են տալիս ինձ աշխատել և ստեղծագործել։

Hermine Stepanyan4

Hermine Stepanyan8

Hermine Stepanyan7

– Գրեթե բոլոր մայրերն էլ ունենում են խղճի խայթ, երբ ստիպված են լինում փոքրիկին թողնել տանն ու գնալ աշխատանքի։ Ինչպե՞ս Դուք հաղթահարեցիք այդ դժվարին փուլը։

– Խղճի խայթ, կարոտ և, այնուամենայնիվ, մի փոքր անհանգստություն… Այո, այս ամենը չի կարող չլինել։ Բայց ինձ ուշքի է բերում այն միտքը, որ մանկապարտեզում փոքրիկս իսկապես շատ լավ ժամանակ է անցկացնում։ Երեխաների հետ է խաղում, շփվում, նոր հմտություններ է ձեռք բերում, էլ ավելի ինքնուրույն է դառնում։ Այս վերջինն ինձ համար շատ կարևոր է։

– Մինչև «խոր» հղիություն «Դար 21»-ում հաղորդում էիք վարում։ Կա՞ր արդյոք պայմանավորվածություն, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո կրկին կվերադառնաք «Դար 21»։

– Ավելին ասեմ` մինչև խոր հղիություն միանգամից երկու հաղորդում էի պատրաստում։ Դրանցից մեկն ամենօրյա խոհանոցային հաղորդում էր, մյուսը` «Մենք ենք, մեր հայերը», բավականին աշխատատար հաղորդաշար։ Օպերատորները հաճախ կատակում էին` ասելով, որ ինձ անմիջապես նկարահանման հրապարակից տանելու են ծննդատուն։

Hermine Stepanyan55

Երեխայիս լույս աշխարհ գալուց հետո մեկ այլ հաղորդում էի վարում` չափազանց թեթև գրաֆիկով, կրկին «Դար 21»-ում։ Նույնիսկ երբեմն փոքրիկիս էի ինձ հետ վերցնում։ Հատուկ որևէ պայմանավորվածություն երբևէ չի եղել իմ և հեռուստաընկերության միջև։

– Հեռուստադիտողները շատ անգամ զարմանում են` երբ իրենք դեռ չեն հասցրել անգամ լվացվել, հաղորդավարներն արդեն վաղուց «4 աչքով արթուն են», ունեն կատարյալ թարմ տեսք և այնքան զվարթ են բոլորիս «բարի լույս» մաղթում, որ մի տեսակ վատ են զգում, որ իրենք դեռ գիշերանոցով ենգ Ինչպե՞ս է հաջողվում հասցնել։

– Այո, ամեն առավոտ, երբ դեռ քնած են ոչ միայն մարդիկ, այլև քաղաքը, մենք արդեն հայտնվում ենք Նորքի բարձունքում։ Երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր աշխատակիցներից յուրաքանչյուրին շատ մեծ էներգիա է հաղորդում մեր մայրաքաղաքը։ Հետո սկսվում է պատրաստվելու գործընթացը։ Յուրաքանչյուրն անում է իր գործը, և դա շատ է օգնում մեզ` հաղորդավարներիս, արագ դառնալ այնպիսին, ինչպիսին եթերում ենք։ Նպաստում է նաև մեր գործընկերների հիմնականում բարձր տրամադրությունը։ Իսկ երբ բացվում են տաղավարի դռները ու օպերատորներն ասում են. «Ինչ հրաշալի տեսք ունես», միայն այդ բառերը բավական են, որ լայն ժպտամ ու ասեմ` «Բարի լույս»։

Hermine Stepanyan3

– Ճի՞շտ է, որ այդ զարմանալի թարմությունն ապահովելու համար Դուք` հաղորդավարներդ, մի քանի դույլ սուրճ եք խմում` եթերից առաջ, եթերի ընթացքում և եթերից հետո։

– Հը՛մ… Փաստորեն պետք է գտնել, թե ո՞վ է մեր մեջ դավաճանը։ Այո, ճիշտ է։ Ես սուրճի հետ հանդիպում եմ դեռևս տանը։ Ընկերներս մի մեծ ջերմակայուն բաժակ են նվիրել` 0,5 լիտր տարողությամբ։ Աչքերս դեռ չբացված` պատրաստում եմ սուրճս, և սկսվում է սուրճ խմելու «գործընթացը»։ Իմ հսկայական բաժակի պարունակությունը վերանում է մինչև տաղավար հասնելս։ Տաղավարում արդեն ինձ սպասում է նորմալ պատրաստված սուրճ, որը խմում եմ ողջ եթերի ընթացքում։ Այլ կերպ ասած` սուրճ խմելու հարցում գերազանցում ենք Բալզակին։

– Այս տարի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը Հ1-ն էր հեռարձակում` Ձեր և հաղորդավար Արման Մարգարյանի մենաբանությամբ։ Դուք և Արմանը բավական հետաքրքիր ֆոտոշարք էիք ներկայացրել` «Օսկարի» դասական ոճի մեջ։ Լուսանկարիչը Ձեր ամուսինն էր` Արմեն Աղայանը, իսկ ո՞ւմն էր մտահղացումը։

Hermine Stepanyan1

– Մտահղացումը Հանրային հեռուստաընկերությանն էր։ Այն չափազանց հետաքրքիր էր ստացվել և մեծ արձագանք ստացավ համացանցում։ Կարծես բոլորին այդ միտքը դուր էր եկել։

– Երբևէ չե՞ք ունեցել «կիսատ-պռատության» զգացողություն` այն առումով, որ սովորելով դերասանական բաժնում` այսօր բեմում չեք։

– Երբեմն պոռթկումներ լինում են, բայց ընդհանրապես էկրանային արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է։

– Ձեր լուսանկարիչ ամուսինը բավական գեղեցիկ լուսանկարների հեղինակ է` մեկը մյուսից տպավորիչ մոդելներով։ Նա՞ է գտնում հերոսուհիներին, թե՞ նրանք` իրենց «հեղինակին»։

– Երբեմն նա է գտնում, երբեմն` տվյալ գեղեցկուհիները, երբեմն էլ` ես։ Ավելին ասեմ, նրա լավագույն մուսաներին ես եմ գտել։

– Ձեր փոքրիկին պատկերացնո՞ւմ եք հեռուստատեսության կամ թատրոնի ոլորտում։

– Ես դեմ չեմ։ Թող լինի այնտեղ, որտեղ իրեն երջանիկ կզգա։

Hermine Stepanyan

– Ասում են` աղջիկներին հատուկ է կրկնել մայրերի սխալները։ Կա՞ մի սխալ Ձեր կյանքում, որ չէիք ցանկանա տեսնել, թե ինչպես է այն կրկնում Ձեր աղջիկը։

– Թող կրկնի իմ բոլոր սխալները, այս պահի դրությամբ ունեցածս սխալները։ Կհարցնեք` ինչո՞ւ։ Պարզապես ավելի սարսափելի սխալներ էլ կան, թող որ իմ աղջիկն իմ արած սխալներով բավարարվի։

Լուսանկարները` ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս