Ճակատագիր, որում ինքդ մեղավոր չես

Մարտիկը 11 տարեկան է, հիմա պետք է 5-րդ դասարանում սովորեր, բայց 4-րդ դասարանում է։ Թեև դպրոց գնում է, սակայն չի սիրում ներկայիս դպրոցն ու դասարանը. դասընկերներն իրեն «անշնորհք» բաներ են ասում, ինչպես մայրն է ասում` «Երեխայիս բոմժի տեղ են դնում»։

Մարտիկն ապրում է մոր, երկու փոքրիկ քույրիկների ու ծեր տատիկի հետ։ Ընտանիքում հայր չկա. Մարտիկի ծնողները բաժանված են։ Հայրը շատ վատ էր վարվում ընտանիքի հետ, փոքր տարիքում տղային այնքան է ծեծել, որ երեխան էպիլեպսիա հիվանդությունն է ձեռք բերել։ «Ինձ չէր ծեծում, էրեխուն էր ծեծում, ինձ միշտ հալածում էր, ինչ ասես` ասում էր։ Խմած մարդու դեմ ես չէի կարողանում, հիմա էրեխուս դեմքին ամբողջությամբ շռամներ են, էդ հիվանդությունն էլ էս ամենից հետո առաջացավ»,- պատմում է Մարտիկի մայրը` Գայանեն։

Gayane Martik (8) Gayane Martik (5) Gayane Martik (4) Gayane Martik (7)

Մարտիկի ընտանիքը հիմա շատ վատ պայմաններում է ապրում. մայրը չի աշխատում, փոքրիկ քույրիկը 2 տարեկան է, և ուրիշ խնամող չկա։ Տատիկն էլ շատ վատառողջ է, և եթե առաջ մայրն աշխատում էր հյուրանոցում` որպես հավաքարար, մատուցող, ինչ ձեռքից գալիս էր` անում էր, հիմա էլ չի կարող աշխատել։ Տատը մեկ-մեկ շշեր է հավաքում, որ ընտանիքը պահի, բայց Գայանեի սրտով չէ, ամաչում է այդ վիճակից։ Հիմա նրանք ապրում են «Փարոս» սոցիալական ծառայությունից տրվող 35 հազար դրամ նպաստով, 17 հազար դրամ էլ տատիկի թոշակն է կազմում, ու վերջ, մեկ էլ հազվադեպ բարի մարդիկ են օգնում` ինչով կարողանում են։ Նրանք ապրում են Մալաթիա թաղամասի Շրջանայինի 2/5 հասցեում։

Կարդացեք նաև

Տան տղամարդը 11-ամյա Մարտիկն է։ Հիմա նա մշտապես տանն է, առաջ գիշերօթիկ դպրոց էր հաճախում, այնտեղ շատ ավելի լավ էր, քան այժմյան դպրոցը, բայց դուրս եկավ այնտեղից, քանի որ հեռու էր շատ, Էջմիածնում էր։ «Մարշրուտկայի փող էինք տալիս 600 դրամ, գնում էի` 300 դրամ, հետ էի գալիս շաբաթվա վերջ, ու էլի 300 դրամ։ Էն դպրոցն ավելի լավն էր, էս մի դպրոցը չեմ սիրում»,- մեզ հետ զրույցում ասում էր Մարտիկը։ Մայրը միջամտեց մեր զրույցին` պատմելով. «Տղայիս այս դպրոցում բոմժ են ասում, շատ հաճախ ծեծում են, նույնիսկ արյուն էին բերել քթից…»։

Մարտիկը մեկ տարի ուշ է գնացել դպրոց, գումար չունեին ու շատ վատ վիճակում էին ապրում, մայրը դպրոց չտվեց առաջին տարում։ Հիմա նա գերազանցիկ չի սովորում, բայց հարվածային է, դպրոց հաճախել էլ չի սիրում, եկեղեցի է սիրում։ Հոգևորական մի խմբակ է հաճախում, այնտեղ լիքը ընկերներ ունի, շաբաթական մի քանի անգամ է գնում, երբեք չի բացակայում, միայն 2 անգամ է բացակայել, այն էլ` հիվանդ էր։ Բակի տղաներն էլ էին առաջ իր հետ այդ խմբակ հաճախում, բայց հիմա մենակ է գնում. «Էլ իրենք չեն գալիս, ես գնում եմ։ Աստծո մասին են պատմում, ու ես էլ ուշադիր լսում եմ, երգում ենք, կարդում, աղոթում… Ծնունդս էլ եմ այնտեղ նշել, տորթ էին բերել, գրքեր նվիրեցին»։

Gayane Martik (1)

Gayane Martik (2)

Gayane Martik (12)

Gayane Martik (11)

Մարտիկն իր ծննդյան կապակցությամբ մանկական Աստվածաշունչ է նվեր ստացել, արդեն սկսել է կարդալ, գիշերներն է կարդում, շատ է դուր գալիս։ Զրույցի ընթացքում գնաց գրքերը շալակած բերեց, մի մեծ արկղի մեջ էր տեղավորել, սկսեց հերթով ցույց տալ, մեկ էլ լսեցի. «Այս գրքից երկու հատ ունեմ, մեկը նվիրում եմ ձեզ, ինձ պետք չի։ Հա՜, մեծական գրքեր էլ ունեմ, էլի կարամ ձեզ տամ, ինձ ասել են` մենակ մանկականները կարդամ»։ Հրաժարվեցի նվերն ընդունելուց, ասացի` պետք կգան դրանք քեզ, պնդեց, որ 2 հատ ունի ու մեծ սիրով է ուզում նվիրել։ Դժվար եղավ Մարտիկին մերժելը։

Մարտիկը շատ ուշադիր հետևում էր քույրիկներին, որպեսզի իմ ու մայրիկի զրույցին չխանգարեն։ Մայրն ամուսնուց սկսեց պատմել, ասաց` հիմա նա գրեթե չի օգնում, մեկ-մեկ հեռախոսին հաղորդագրություն է ուղարկում, ուզում է տեսնել նրանց, բայց երեխաները չեն ցանկանում. «Ասում ա` զրկում ես ինձ իմ երեխաներից, ոչ մի բանով չի օգնում, ուզում ա տենա, էրեխեքս չեն ուզում, ես կարա՞մ իրանց ստիպեմ»։ Գայանեն երկրորդ անգամ էլ է ամուսնացել, որպեսզի կողքից «ավել-պակաս» բաներ չխոսեին, հետո փոքրիկին ունեցավ` նա էլ իրեն լքեց, ընտանիքին միացավ։ «Ասել էր` ամուսնալուծված եմ, խաբնվեցի…»,- ասում է Գայանեն։

Gayane Martik (16)

Gayane Martik (13)

Այս տանը նրանք բնակվում են 4 տարի, մինչ այս Շամշադինում էին ապրում, դրանից առաջ էլ Գյումրիում էին ապրել, երկրաշարժից հետո են տեղափոխվել։ Շամշադինի տունը Գայանեի եղբոր տունն է, այնտեղ էլ չէին կարող երկար ապրել, տեղափոխվեցին Երևան. «Հիմա ուզում եմ գոնե օգնեն` մի դոմիկ լինի, ես էլ վարձ չտամ, էդ վարձի գումարով երեխայիս դեղերն էլ կգնեմ, սնունդ էլ կհայթայթեմ»։

Դեղորայքն իրենք են գնում, պետք է հետազոտություն անցնի Մարտիկը, որպեսզի հետո թոշակ ձևակերպեն, գումար չունեն վերջին կարևոր հետազոտության համար. մոտ 80 հազար դրամ է հարկավոր, եթե դա լինի` երեխայի դեղերն անվճար կլինեն։ «Ամեն օր դեղ չեմ խմում, հենց վատանում եմ` էդ օրերին»,- ասաց Մարտիկը։ Մայրն էլ շարունակեց. «Պետք է ամեն օր խմի, բայց… Ամսական երկու անգամ վատանում է, որ ներվայնացած է լինում` նույնիսկ երեք անգամ»։

Ընտանիքը վարձով է ապրում` ամսական 30 հազար դրամ տան վարձ են տալիս, այս բակում բոլորն են վարձով ապրում, իրար նման շատ փոքրիկ տներ են ու պատկանում են մեկ մարդու։ Բոլորն են վարձերն ուշացնում, շատերի վրա է բարկանում տանտերը, բայց Գայանեի վրա` ոչ։ «4 ամսվա վարձ պարտք ունեմ, տանտերը շատերի վրա է խոսում, բայց ինձ վրա չի խոսում, ասում է` գիտեմ, որ հիվանդ երեխա ունես ու տվող ես, ես էլ, հենց գումար է ընկնում ձեռքս` իրեն եմ տալիս, որպեսզի շատ պարտքեր չկուտակեմ»,- ասում է Գայանեն։

Մարտիկին հարցրեցի` ի՞նչ ես ուզում դառնալ ապագայում, աչքերը կախեց, ու լռություն տիրեց, հարցս նույնիսկ մի քանի անգամ տվեցի, չպատասխանեց, հետո թեման փոխեց ու մայրիկի հետ սկսեց զրուցել։ Սկսեցի նրանց լուսանկարել ու նկատեցի Մարտիկի ուշադիր հայացքը, հետո դերերով փոխվեցինք, սկսեց նա ինձ հարցեր տալ` ինչպե՞ս եմ նկարում, ո՞ր կոճակին է անհրաժեշտ սեղմել նկարելու համար, ու այդ պահին առաջարկեցի իրեն մեկ անգամ փորձել։

Gayane Martik (3)

«Չէ, պետք չի, չեմ ուզում»,- ասաց տղան։ Պնդեցի (ինչպես նա ինձ գրքերը նվիրելու հարցում պնդեց), ու ֆոտոխցիկս ձեռքն առավ, իմ օգնությամբ մի քանի անգամ նկարեց, ու աչքերը սկսեցին շողալ, հետո հանձնեց ինձ, ու գործս շարունակեցի։ Մի քանի նկարներ անելուց հետո Մարտիկն ինձ խոստովանեց` հեծանիվ վարել է շատ սիրում ու լուսանկարել, կուզենար լուսանկարիչ դառնալ։ Նաև պատմեց` առաջ հեծանիվ ուներ, մեկը տվել էր իրեն, կիսաքանդ վիճակում էր հեծանիվը, 2000 դրամ էր հավաքել ու վերանորոգել էր, բայց հիմա այդ հեծանիվն էլ չկա, տան կողքի անպետք իրերի մեջ էր թաղվել։

Նվիրած գրքերը ձեռքն առավ, ու տանից դուրս եկանք երկուսով` բակը նկարելու, ու Մարտիկն ինձ ասաց. «Կտա՞ք, մեկ անգամ էլ նկարեմ»։ Այս անգամ արդեն առանց իմ օգնության էր նկարում, «չըխկ-չըխկ»` ֆոտոխցիկիս ձայնն էր անընդհատ լսվում…

Լուսանկարները՝ հեղինակի

Տեսանյութեր

Լրահոս