Տեր-Պետրոսյանը խախտեց խոստումը. նա նորից հիշեց «մարգինալներին»

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած հանրահավաքի ժամանակ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ նախ` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ ունեցած իր մտահոգություններին, ինչպես նաև` երկրի ներքին քաղաքական զարգացումներին։

Ի՞նչ մեսիջներ կային առաջին նախագահի այս ելույթում, և ի՞նչ եզրահանգումների կարելի է գալ` ՀԱԿ-ի հետագա անելիքների վերաբերյալ։

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը նշեց, թե Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը բաց խոսք էր` առանց մեսիջների։ Նրա խոսքով` Տեր-Պետրոսյանը խոսելով 2008թ. մարտի 1-ի մասին` ասաց, որ ՀԱԿ-ը հետ չի կանգնելու մարտի 1-ի ոճիրը դատապարտելու իր ուղուց, բացի այդ, ըստ նրա` այդ ելույթում նա գնահատականներ հնչեցրեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության գործընթացների վերաբերյալ։ «Այսինքն` այդտեղ ինչ-որ թաքնված մեսիջ չկար»,- նշեց փորձագետը։

Իր ելույթում խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին` Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ ինքը զերծ կմնա որևէ գնահատական տալուց, որովհետև «իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում», իսկ ինքը հապշտապ դատողություններ անելու և «ոտքի վրա» որոշումներ կայացնելու սովորություն չունի։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդի հայտնի հայտարարությունից և փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց հետո` առաջին նախագահը «Սրտիս պարտքը» վերնագրով հոդված էր հրապարակել` խոսելով ԲՀԿ առաջնորդի մասին։ Ա. Բադալյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է, որ այն ժամանակ առաջին նախագահը կարողացավ նման արագ ձևով հոդված հրապարակել, իսկ հիմա ասում է, թե սովոր չէ հապշտապ դատողություններ անել։ Փորձագետը պատասխանեց, որ մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունի.

«Սա առաջին հերթին` նշանակում է այն, որ, ինչպես ինքը նշեց, չի կարող գնահատական տալ ԲՀԿ-ի վերաբերյալ, և դա տրամաբանական է, որովհետև ԲՀԿ-ի վերաբերյալ անգամ ԲՀԿ ղեկավար գործիչներն այսօր չեն կարող ասել, ըստ իրենց ելույթների` պատկերացում չունեն, թե ԲՀԿ-ում ինչ է լինելու, ինչ է սպասվում ԲՀԿ-ին։ Եթե իրենք չեն պատկերացնում, ինչպե՞ս կարող է այլ քաղաքական գործիչն ինչ-որ պատկերացում ունենալ, թե ինչ է լինելու ԲՀԿ-ի հետ։

«Սրտիս պարտքը»-ի մեջ հատված կար նաև ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ կատարված ճնշումների մասին, և այդ տեսակետն առաջին նախագահը հանրահավաքի ժամանակ կրկնեց` ասելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ տեղի են ունեցել բռնություններ, բայց ԲՀԿ-ն ինչպե՞ս դրանից դուրս կգա, և ի՞նչ քաղաքական ապագա կունենա` դա կախված է ԲՀԿ-ից»։

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը խոստացել էր «փակել մարգինալների թեման և այլևս երբեք չանդրադառնալ դրան` նույն բանն ակնկալելով նաև իր գործընկերներից». «Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք»։

Սակայն մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ այլ ընդդիմադիր ուժերին, այս անգամ` կոդավորված։ «Եվ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «1+1» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում` որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»,- ասել էր Տեր-Պետրոսյանը։

Armen BadalyanՄեր հարցին` այդ «լրջագույն գործը», որի մասին խոսում էր առաջին նախագահը, ավարտվա՞ծ է, եթե` ոչ, ինչո՞ւ նորից անդրադարձ կատարվեց այդ ընդդիմադիր ուժերին, Ա.Բադալյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ամբողջովին այլ էր, քան այս տարվա մարտի 1-ի կտրվածքով, որովհետև անցյալ տարվա հոկտեմբերին եռյակն ինչ-որ գործընթաց էր սկսել, ինչպես իրենք էին անվանում` իշխանափոխության գործընթացը, իսկ մարտի 1-ի դրությամբ, բնական է, որ այդ գործընթացն առաջ չի ընթանում` կապված ԲՀԿ-ի նկատմամբ իշխանությունների իրականացրած այդ քաղաքականության հետ։

Հասկանալի է, որ իրավիճակներն ամբողջովին այլ են, և այն ժամանակ, երբ իշխանափոխության գործընթաց էր տեղի ունենում, և եռյակի անդամները, ամենայն հավանականությամբ, ենթադրում էին, որ իրենք հաջողություն կունենան, նրանք չէին ցանկանում ուշադրություն դարձնել այդ ուժերի վրա։ Քանի որ հիմա այդ գործընթացը առժամանակ կանգնեցվել է, նաև հաշվի առնելով, որ մոտակա 2 ամսվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հիմնականում զբաղված է լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանրային միջոցառումներով, և այդ հարցն է հիմնականում քննարկվելու ինչպես` Հայաստանի ներսում, այնպես էլ` դրսում, ապա, ինչպես առաջին նախագահը նշեց, այստեղ իրենք առժամանակ կանգնեցնում են իրենց ակտիվ գործունեությունը։

Եվ, բնականաբար, նորից այն ուժերը, որոնց ինքը ժամանակին մարգինալ էր անվանում (որը, ես չեմ կարծում` ճիշտ տերմինաբանություն է), կարող են նորից ասպարեզ մտնել և փորձել այստեղ իշխանափոխություն անել` մինչև ապրիլի 24-ը։ Այսինքն` հակասություն չկա, իրավիճակը փոխվեց»։

Տեսանյութեր

Լրահոս