Ինչու «միայնակ» մնաց ՀԱԿ-ը

Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի վերջին շրջանի, իր իսկ բնորոշմամբ, «բուռն» քաղաքական իրադարձությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գործադրված «վայրագ հաշվեհարդարի», ընդդիմության հետագա ծրագրերի և, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ կապված գնահատականներ գրեթե չհնչեցրեց: Եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորելով՝ հայտարարեց, որ առնվազն մինչև ապրիլի 24-ը ՀԱԿ-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից։

Մինչ այդ քաղաքական դաշտում ջրերը, թերևս, քիչ կզուլալվեն: Համենայն դեպս, ԲՀԿ-ն ստիպված կլինի բարձրաձայն հստակեցնել իր դիրքավորումը: Չնայած, դատելով Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից, արդեն իսկ ամեն ինչ պարզ է, «վայրագ հաշվեհարդարն» ավարտված է, և ՀԱԿ առաջնորդն առաջիկա ծրագրերը մտորելու է միայնակ:
«…ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»,- հանրահավաքում ասել է Լ.Տեր-Պետրոսյանը։

«168 Ժամի» հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, դեռևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց մեկնաբանել Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկումը, որ ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում կրկին միայնակ է մնացել: «Անկեղծ ասած՝ ինձ չի հետաքրքրում` ՀԱԿ-ն ինչ է որոշել: Ես չեմ մեկնաբանել, չեմ մեկնաբանում և չեմ պատրաստվում մեկնաբանել այլ քաղաքական գործիչների գործողություններ կամ, առավել ևս, արտահայտություններ: Դիմեք Տեր-Պետրոսյանի լիազորված անձանց»,- ասաց նա:

UrixanyanՀարցին` արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կշարունակվի՞, Տ.Ուրիխանյանը պատասխանեց, որ չգիտի՝ կլինի՞, թե՞ չի լինի.

Կարդացեք նաև

«Դա միանձնյա որոշելու հարց չի: Եթե կլինի` կլինի, եթե չի լինի՝ ուրեմն չի լինի»: Նա նաև խուսափեց պատասխանել, թե արդյոք վերջին շրջանում, մասնավորապես` փետրվարի 20-ից հետո, Եռյակի լիդերների կամ ՀԱԿ և ԲՀԿ լիդերների հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ՝ պատճառաբանելով, թե դա իր «կոմպետենտության հարց չէ»:

Ի դեպ, երբ փորձեցինք ճշտել, թե ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է ռեժիմի դեմ պայքարը, Տ.Ուրիխանյանը շտապեց հակադարձել` «ռեժիմ» եզրույթն իրենը չէ և իր ոճաբանությունը չէ, և հարկ չհամարեց անդրադառնալ` արդյոք իշխանությունների դեմ պայքարը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Մինչդեռ ավելի վաղ, փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց հետո, մեզ հետ զրույցում Տ.Ուրիխանյանը պնդել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է Հայաստանում կյանքի որակի փոփոխություն, կառավարման պատասխանատուների փոփոխություն պահանջող և այդ գործընթացը շարունակող քաղաքական ուժ մնալ:

Հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը խոսել է նաև ընդդիմության դաշտը «խարդախությամբ» սեփականաշնորհելու մասին և «կոդավորված» կսմիթներ ուղղել «իշխանափոխության փոխարեն» «հրատապ ընդդիմափոխության» խնդիր լուծողներին. «գսիրահոժար կերպով այդ ուժերին է տրամադրում մարտի 2-ից մինչև մարտի 16-ն արտոնված իր բոլոր տասնհինգ հանրահավաքները:

Վստահ եմ, որ իշխանությունները ոչ միայն խոչընդոտներ չեն հարուցի, այլև ամեն ինչ կանեն այդ հանրահավաքների բազմամարդությունն ապահովելու համար: Եվ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում` որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը:

Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև»:
Այս կսմիթների հասցեատերերից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նպատակահարմար չի համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին, ու նշել է.

«Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Լ.Տեր-Պետրոսյանի ելույթին հակադարձել էր լռությամբ: Նա նպատակահարմար է գտել Ֆեյսբուքի իր էջում միայն սեփական ծրագրերի մասին գրել, մասնավորապես` այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում և, բնականաբար` առաջ բերել բազմաթիվ հարցեր: Իսկ թե ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը և ի՞նչ ժամկետներում, ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից, ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել և ինչո՞ւ, ո՞ւմ հետ չի պատրաստվում համագործակցել և ինչո՞ւ, և բազմաթիվ նմանօրինակ հարցերին պատասխանելու համար Ն.Փաշինյանը նախաձեռնում է հանդիպումների շարք «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում:
Թե ինչո՞ւ ՀԱԿ-ը ռեժիմի դեմ պայքարը չի էլ փորձի շարունակել «Ժառանգության» հետ, Լ.Տեր-Պետրոսյանը չի ասել: Ավելին` իր ելույթում նա չի էլ հիշատակել Եռյակի երբեմնի դաշնակցին: Միայն, թերևս, «Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ» արտահայտությունն է հասցեագրվում Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Տեր-Պետրոսյանի ելույթը դասել է «հրապարակային բամբասանքի» ժանրին ու նշել, որ ՀԱԿ ղեկավարը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ է պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս