Բաժիններ՝

«Շահութահարկի մասին» օրենքը 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրվեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը նվազեցնել մինչև 2%:

Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ հրապարակեց ՀԱԿ դիրքորոշումը, ըստ որի՝ օրինագիծը վտանգավոր, կոռուպցիոն ռիսկերով լի, արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ է: Նա կոչ արեց բոլորին հասկանալ այն պատասխանատվությունը, որ կրում են պատգամավորները՝ հորդորելով վերանայել այն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե քանի որ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ օրենքին, կքվեարկեն ձեռնպահ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ անցած անգամ սեղանին երեք նախագիծ կար, և այժմ պարզ չէ, թե որին են քվեարկում: Նրա խոսքով՝ ներքին և արտաքինը շուկայում մեր արտադրողներին մեծ հարված են հասցնում, որովհետև անհատը չի կարող մրցակցել դրսում աշխատող գրասենյակի հետ:

Կարդացեք նաև

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ 5 րոպե առաջ զանգում են ու ասում նիստ կա, երբ հնարավոր չէ հասցնել ու մասնակցել, մինչդեռ անցած շաբաթ ԱԺ նախագահը կարգադրել էր քննարկումներ կազմակերպել: Նա նկատեց, որ ժամանակը կգա և շահութահարկն ընդհանրապես կհանեն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն մնում է իր կարծիքին և այս օրեննքների փաթեթը զարկ է տալու արտահանմանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ քննարկում եղել է, բայց առաջարկները չեն ընդգրկվել օրինագծում. «Այս տեսքով այն օրենք է արտահանման մոնպոլիզիացիայի համար և շուկայական հարաբերությունների հետ աղերս չունի: Ես դեմ եմ քվեարկելու»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ եթե օրենքը բոլորին վերաբերի, ապա ներքին շուկայի պաշտպանության խնդիր կառաջանա, և ապրանքների արտահանումը անպայման պետք է գտնվի կառավարության հսկողության ներքո:

Ի վերջո, օրինագիծը դրվեց քվեարկության և 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս