Բաժիններ՝

ԿԲ-ն մեկնաբանել է, թե ինչու են բանկերը նվազեցրել դրամային վարկավորման ծավալները. Արմենպրես

Ֆինանսական համակարգում բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կճշգրտեն իրենց վարկային քաղաքականությունը, և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի Կենտրոնական բանկից:

Հարցին, թե ինչպես է ԿԲ-ն գնահատում բանկերի այն գործելաոճը, որ վերջիններս պակասեցրել են դրամային վարկերի տրամադրումը և հաճախ խուսափում են հայկական արժույթով վարկեր տրամադրել, Հայաստանի գլխավոր դրամատունը հայտնում է, որ տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերը պետք է վերագնահատեին իրենց ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական:

«Այս զարգացումները որոշակիորեն դանդաղեցրել են հատկապես դրամային վարկավորման գործընթացը: Սակայն ԿԲ գործողություններն ուղղված են դրամավարկային պայմաների թուլացմանը. փուլ առ փուլ նվազեցվում են լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ինչպես նաև ավելացվում են առևտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները: Այս գործողությունները կկրեն շարունակական բնույթ, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում (օրինակ՝ առավել երկարաժամկետ գործիքների առաջարկի ընդլայնում` նվազեցնելով վերջինների վարկային ռիսկը), և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա»,- պատասխանել են Կենտրոնական բանկից:

Անդրադառնալով դրամային վարկերի տոկոսադրույքների աճին, գլխավոր դրամատունը հայտնում է, որ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը:

«Դրամավարկային քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկի վերջին գործողությունները չեն հանգեցրել արտարժույթային վարկերի տոկոսադրույքների աճի, սակայն հասկանալի է, որ դրանք որոշակի լագով ազդեցություն կունենան դրամային միջոցների տոկոսադրույքների վրա: Սակայն ներկայում ԿԲ կողմից կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցմանը զուգահեռ՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը»,- նշել են ԿԲ-ից:

«Բացի այդ՝ վերջերս Կենտրոնական բանկի կողմից բանկային կարգավորման դաշտում իրականացվել են որոշ փոփոխություններ, որոնք նույնպես կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը, մասնավորապես, արդյունքում կնվազեցվեն արտահանողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ինչպես նաև՝ 2015թ. մարտի 1-ից բանկերի համար երկարաժամկետ միջոցների ներգրավման ծախսերը: Այս միջոցառումն երի արդյունքում կաշխուժանա ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկավորումը»,- վստահեցրել են գլխավոր դրամատնից:

ԿԲ-ն անդրադարձել է նաև  բանկերի կապիտալի նվազագույն շեմի բարձրացման խնդրին։ Այդ մասին կարող եք կարդալ սկզբնաղյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս