Բաժիններ՝

Գինովցած տղաները «Լաս» գիշերային ակումբի պարուհիներին ստիպել են պարել հատուկ իրենց համար

Եղբայրներ  Հրանտ և Մանվել Հարությունյանները և նրանց ընկեր Մուշեղ  Թադևոսյանը իրենց մեղավոր չեն ճանաչել խուլիգանություն կատարելու, գիշերային ակումբի աշխատանքը խաթարելու մեջ: Սակայն դատարանը Հրանտ  Հարությունյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն,  և դատապարտվել  5  տարվա  ազատազրկման։ Իսկ Մանվել  Հարությունյանը մեղավոր  է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն,  և դատապարտվել  ազատազրկման 1 տարի ժամկետով։ Նրանց ընկեր Մուշեղ  Թադևոսյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով։

Երկու եղբայրներն ու նրանց ընկերը գնացել են «Լաս» գիշերային ակումբ՝  զվարճանալու, որտեղ ցանկություն  հայտնել, որ պարուհիներն իրենց համար հատուկ  պարեն: Ցանկությունները չեն իրագործվել, այլ վերաճել են ծեծկռտուքի:

Նրանք հայտնել են, որ ակումբում որոշ ժամանակ մնալուց հետո ցանկացել են, որպեսզի ակումբի պարուհիները պարեն հատուկ իրենց համար, ինչի համար փորձել են խոսել ակումբի տնօրենի հետ։ Այդ ժամանակ իրենց է մոտեցել ակումբի մենեջեր, գործով տուժողը և իրենք էլ խնդրել են նրան դուրս գալ և զրուցել։ Մենեջերը շատ կոպիտ տոնով է խոսել իրենց հետ` պատասխանելով, թե «իրենք ով են, որ ինքն էլ մոտ գա ու խոսի հետները»։ Մենեջերը բարձրաձայն հայհոյել է իրենց,  ինչի պատճառով  քաշքշուկ է սկսվել։ Իրենք էլ փոխադարձաբար հայհոյել են մենեջերին,  ինչից հետո նա զենք է պահել իրենց վրա և ասել, որ ինքը ոստիկանության նախկին փոխգնդապետ է, իսկ նրա պապը գեներալ է և իրենից հեռու մնան։

Այդ խոսակցության հետևանքով սկսված քաշքշուկի  ընթացքում ակումբի խոհանոցի ափսեները և բաժակները թափվել են գետնին ու ջարդվել: Միաժամանակ ամբաստանյալները պնդել են,  որ իրենցից ոչ ոք տուժողին շշով կամ որևէ այլ առարկայով չի հարվածել։

Մենեջերը  նույնպես եղել է ալկոհոլ օգտագործած, իսկ Հրանտ Հարությունյանի ձեռքին եղել է գարեջրի շիշ, սակայն նա շիշը դրել է սեղանին և չի հարվածել մենեջերին։ Իրենք ոչ մի վիրավորական խոսք նրան չեն ասել:

Դատարանը, սակայն,  արձանագրել  է, որ ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված հանցանքները կատարելը հերքող նախաքննական և դատաքննականն ցուցմունքներն անարժանահավատ են, մտացածին և հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ:

Դատարանը հաստատված է համարել, որ երկու եղբայրները եղել են  1-ին աստիճանի, իսկ նրանց ընկերը՝ 2-րդ աստիճանի ալկոհոլային խմածության վիճակում,  2014թ. մարտի 13-ին` ժամը 23.00-ից մինչև 23.30-ի սահմաններում, «Լաս» գիշերային ակումբում շուրջ 30 րոպե տևողությամբ դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության, այդ թվում՝   ակումբի աշխատակիցների նկատմամբ, առանց որևէ առիթի, սեփական անձի առավելությունը ընդգծելու նպատակով՝ վիճաբանել են գործով տուժող, ակումբում աշխատանքի տեղավորվել ցանկացող Սարգիսի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջինիս և ակումբի աշխատակիցների հասցեին, իսկ այդ ընթացքում Հրանտ Հարությունյանը որպես զենք օգտագործված գարեջրի ապակյա դատարկ տարայով դիտավորությամբ հարվածել է մենեջերին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս