Բաժիններ՝

Եվրամիությունում անօրինական կեցության ռիսկերը

Ըստ վիճակագրական տվյալների` ամեն տարի մոտ 500,000 անօրինական միգրանտ է ձերբակալվում Եվրամիության (ԵՄ) տարածքում։ Նրանց մեծ մասը ԵՄ-ն լքելու հրաման է ստանում և իրենց երկիր վտարվում։ Կեղծ փաստաթղթերի համար վճարելը կոտրած տաշտակի առաջ է կանգնեցնում։ Միգրանտները պարտքեր են կուտակում և ձեռնունայն վերադառնում հայրենիք։

Ամբողջությամբ գործող երկկողմ և բազմակողմ աշխատանքային պայմանագրերի բացակայության պատճառով մարդիկ դիմում են անկանոն ճանապարհով արտագաղթին։ Անօրինական է համարվում այն միգրանտը, ով չի բավարարում տվյալ երկիր մուտք գործելու կամ այնտեղ մնալու պահանջներին։ Անձը կարող է կեղծ փաստաթղթերով կամ թաքուն հատել ԵՄ սահմանը, բայց կարող է նաև ճամփորդել օրինական վիզայով, սակայն անօրինական միգրանտ դառնալ` վիզայի ժամկետը լրանալուց հետո երկրում մնալու դեպքում։ Անօրինական է նաև այն միգրանտը, ով ապաստանի հայցադիմումի մերժումից ու երկիրը լքելու կարգադրությունից հետո շարունակում է մնալ տվյալ երկրում։

Անօրինական միգրանտները մուտքի երկրներում կարող են բախվել զանազան դժվարությունների։ Նրանք սովորաբար ունենում են կացարանի խնդիր։ Միգրանտի ոչ օրինական կարգավիճակից օգտվելով` տանտերը կարող է շահագործել նրան, շատ թանկ վճար պահանջել մի փոքր տարածքի համար, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում։

Անօրինական միգրանտները չունեն նաև աշխատելու իրավունք։ Նրանք փորձում են աշխատանք գտնել և գումար վաստակել սև շուկայում, որտեղ շահագործման վտանգը մեծ է։ Անօրինական լինելու փաստն օգտագործվում է շահագործողների կողմից անօրինական միգրանտներին ավելի խոցելի վիճակի մեջ դնելու, նրանց նկատմամբ ազդեցության մեխանիզմներ կիրառելու, նրանց, այսպես ասած, «ապօրինի գտնվելը շահարկելու» և Ոստիկանություն հանձնելու վախով սպառնալու համար։ Այսպիսով` միգրանտներն աշխատում են վատ պայմաններում և ստանում փոքր վարձատրություն։

Կարդացեք նաև

ԵՄ երկրներում ապաստանի համար դիմելը բավական չէ աշխատելու իրավունք ստանալու համար։ Անօրինական աշխատելու դեպքում Ոստիկանությունն իր պարբերական ստուգայցերի ժամանակ կարող է ձերբակալել միգրանտին ու վտարել երկրից։ Եվ եթե ապաստան հայցելն ընդամենը պատրվակ է Եվրոպայում մնալու համար, ապա միգրանտի դիմումը չի բավարարվի, ու նա ստիպված կլինի լքել ԵՄ-ն։

Բելգիայի Ներքին գործերի նախարարության Ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենն իր հարցազրույցում, որ ներկայացված է «Միգրացիայի կողմնացույց» կայքում, նշում է, որ անօրինական միգրանտին մշտապես ուղեկցող մեկ այլ ռիսկ բացահայտվելու վախն է։ ԵՄ անդամ շատ երկրներում Ոստիկանությունը պարբերական ստուգայցեր է անցկացնում հանրակացարաններում, կայարաններում, հասարակական տրանսպորտում, նաև այն աշխատավայրերում, որտեղ ավելի հաճախ են լինում անօրինական աշխատողներ` ռեստորաններ, խանութներ, պահեստներ, շինհրապարակներ։

e

Իսկ ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը նույն կայքում տեղ գտած իր հարցազրույցում ասում է. «Ամենամեծ վտանգը, որը սպառնում է հայերին ԵՄ մեկնելիս և այնտեղ անօրինական աշխատանք իրականացնելիս, անօրինական միգրացիայի կազմակերպման կամ ապօրինի սահմանահատման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգն է, ինչպես նաև` նրանց արտաքսելու խնդիրը, որովհետև, եթե իրենք գտնվում են անօրինական հիմքերով, ԵՄ անդամ պետությունը միանշանակ կկիրառի այդ դեպորտացիայի մեխանիզմը նրանց նկատմամբ։ Սա էլ խնդիր կառաջացնի նրանց հետագայում ԵՄ անդամ ցանկացած պետություն մուտք գործելու առումով»։

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԹՈԽՈՒՆՑ
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ըստ «Միգրացիայի կողմնացույց» կայքի նյութերի
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս