Միքայել Մելքումյանը՝ Բորիս Նեմցովի սպանության մասին. «Ընդդիմադիր հայացքների տեր մարդուն ֆիզիկապես ոչնչացնելը իշխանությանն օգտակար բան չէ»

«Ցանկացած պարագայում` ինչ գաղափարախոսություն էլ լինի, մարդու սպանությունը, բնականաբար, բացարձակ անընդունելի և ժխտելի է, դրա մասին խոսք չկա»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Նախնական տեղեկություններով, Նեմցովի վրա չորս կրակոց է արձակվել սպիտակ ավտոմեքենայից, որը կրակոցներից հետո փախուստի է դիմել։ Բ. Նեմցովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Հարցին՝ հաշվի առնելով Բ. Նեմցովի ընդդիմադիր հայացքները, ինչպես նաև այն, որ հենց սպանության օրը տրված հարցազրույցում նա կոչ էր արել միանալ մարտի 1-ին կայանալիք «Գարուն» երթին՝ տեսնո՞ւմ եք քաղաքական դրդապատճառներ այդ սպանության մեջ, Մ.Մելքումյանը պատասխանեց՝ հիմա շատ բարդ է ասելը՝ եղե՞լ են քաղաքական դրդապատճառներ, թե՞ ոչ.

«Պրիմիտիվ կարող է լինել, որ այդ «Գարուն» երթի համար իրեն սպանեին: Իմ անձնական տեսակետով՝ եթե եղել է քաղաքական դրադապատճառ, ոչ  կոնկրետ երթի հետ կապված է եղել, որովհետև այդ երթից ոչինչ առանձնապես չէր փոխվելու: Ընդհանուր առմամբ՝ ես Նեմցովին հիշում եմ, երբ երկրի փոխվարչապետն էր, նա առաջին դեմոկրատական ալիքի ընդգծված դեմքերից մեկն է եղել: Որևէ բան ես չեմ բացառում, որ կարող է լինել քաղաքական դրդապատճառ: Բայց, իհարկե, դա ցանկացած իշխանության համար օգտակար բան չէ, այսինքն՝ որ երկրում էլ լինի, ընդդիմադիր հայացքների տեր մարդուն ֆիզիկապես ոչնչացնելը իշխանությանն օգտակար բան չէ: Այսինքն՝ իշխանությունը շահագրգռված չէ… Հետո էլ՝ այդ որակի ընդդիմությունն այն ընդդիմությունը չէ, որ այսօր Ռուսաստանի իշխանությունների համար վտանգ ներկայացնի: Այսինքն՝ մեկնաբանությունն այն է, որ դա ձեռնտու չէ իշխանություններին»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս