Պարույր Հայրիկյանը՝ Հիմնադիր խորհրդարանին. «Փորձի պակասից է գալիս, որ մարդիկ մտածում են՝ տղա-աղջիկ հանդիպեցին, միանգամից պետք է որոշեն՝ ամուսնանո՞ւմ են, թե՞ ոչ»

«Ես հարգանքով եմ վերաբերվում իրենց, իրենք այդ հանդիպումներից, հավանաբար, սպասում էին իրենց ծրագրերի ընդունում, իսկ իմ հրավիրած հանդիպումները խորհրդատվական էին՝ ոչ թե այս կամ այն ուժի ծրագրերն ընդունել, այլ բոլորի ծրագրերը մատուցել և ծանոթանալ առաջին աղբյուրից, որը շատ օգտակար էր նաև իրենց համար»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հիմնադիր խորհրդարանի տարածած հայտարարության մասին, թե իրենք այլևս չեն մասնակացելու Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին՝ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ ինքը որպես դատավոր չի նախաձեռնել այդ միջոցառումը. «Մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, բայց նրանք ճանապարհ պետք է անցնեն չէ՞, որ իմ փորձն ունենան: Ես դա վիրավորելու համար չեմ ասում»:

Նա նկատեց, որ իր նախաձեռնած այդ հանդիպումներին չմասնակցելը Հիմնադիր խորհրդարանի անդամների իրավունքն է, որովհետև հնարավոր է հանդիպումների մասնակիցների քանակն ավելանալ, կամ՝ պակասել.

«Բայց մենք ստեղծեցինք ամբիոն ու հարթակ, որտեղ ամեն ինչ քննարկվում է: Այնտեղ կան նաև որոշակի ենթակայական, սուբյեկտիվ բաներ, որոնց մեջ չխորանալով՝ տեղեկանում եմ, բայց որոնց մասին բարձրաձայնողը չէի ուզենա ես լինել, որովհետև ես դա բնական եմ համարում, ամեն մարդ պետք է իր սուբյեկտիվ ընկալումն ունենա»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ նրանք նախապես զգուշացրե՞լ էին Ձեզ իրենց քայլի մասին կամ ինչ-որ նախապայման դրե՞լ էին հանդիպումների ժամանակ, Պ.Հայրիկյանն այսպես պատասխանեց.

«Իհարկե, հենց սկզբից ոչ թե ինձ, այլ մյուս ուժերին Գարեգին Չուգասզյանը ասում էր, որ իրենք գործնականություն են փնտրում: Մյուսներս գործնականությունը չենք բացառում, բայց հավաքել ենք խորհրդատվության համար, քաղաքական ուժերին ի մի եմ բերել փոխադարձ խորհրդատվական մտքերի փոխանակության համար, բայց այնտեղ մենք որոշել էինք, որ որոշակի դեպքերում, եթե հնարավոր է՝ կարող ենք նաև միասնական հանդես գալ: Բայց իրենք մի քիչ հրատապ էին ուզում: Դե, իրենք ծրագիր ունեին ապրիլի 24-ին: Հետևաբար՝ հենց առաջին հանդիպման ժամանակ Չուգասզյանը, դիմելով բոլորին, ասաց, որ այսպիսի հանդիպումները նպատակահարմար են, եթե դրանցում գործնականություն կլինի: Բայց փորձի պակասից է գալիս, որ մարդիկ մտածում են՝ տղա-աղջիկ հանդիպեցին, միանգամից պետք է որոշեն՝ ամուսնանո՞ւմ են, թե՞ ոչ: Փորձառու մարդիկ գիտեն, որ կհանդիպեն, կշփվեն, կխոսեն, կլսեն իրար… Այնպես որ՝ ես մի փոքր քննադատական խոսք հնչեցրի համբերության իմաստով, բայց հարգանքով եմ վերաբերվում իրենց որոշմանը»:

Պ. Հայրիկյանի խոսքով՝ ինքը ստեղծել է մի բան, որի կարիքը մեր հանրությունը շատ է զգում՝ գաղափարակից ուժերի համատեղում. «Սա ոչ միայն խորհրդատվական հանդիպում է, այլև գաղափարակից ուժերի, և, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ եվորպական կողմնորոշմամաբ ուժերի (բացառությամբ՝ Նախախորհրդարանի) համատեղում է: Նախախորհրդարանը ինքնիշխան Հայաստանի կողմնակից է, բայց այն մակարդակին դեռ չեն հասել, որ հասկանան, որ ինքնիշխան Հայաստանի երաշխավորը քաղաքակիրթ աշխարհն է, իսկ քաղաքակիրթ աշխարհը մենք գիտենք՝ որն է:

Ամեն դեպքում, ես իրենց հետ հարաբերությունները ոչ միայն չեմ խզել, այլև հետո բավական երկար խոսել ենք, բացատրել եմ իրենց նաև ենթակայական նկատառումները: Այնպես որ՝ մենք թշնամացած չենք»:

Տեսանյութեր

Լրահոս