Բաժիններ՝

Փաստաբանը պարզաբանում է, թե ինչ կարող է լինել, եթե քաղաքացիները հետևեն Ժիրայր Սէֆիլյանի կոչին և 6 ամիս տուգանքները չվճարեն

Երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ էր արել «հանցավոր իշխանությունների դեմ պայքարելու համար» դիմել զանգվածային անհնազանդությունների, մասնավորապես՝ կոչ էր արել չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:

«Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից: Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը»,- ասված է Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում «ԱՐԵՍ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ 6 ամիս տուգանքները չվճարելու պարագայում տուգանքները կկրկնապատկվեն, իսկ հետագայում կարող են նույնիսկ հնգապատկվել՝ համապատասխան ժամկետում չվճարելու հետ կապված.

«Դրա հետ մեկտեղ այդ տուգանքները չվճարելու համար այսօրվա դրութամբ օրենսդրության փոփոխության արդյունքում՝ Ճանապարահային ոստիկանությունը (ՃՈ) դիմում է ԴԱՀԿ ծառայությանը, որպեսզի հարկադիր կատարողներն իրականցանեն բռնագանձում: Առաջ մեր օրենսդրությունը այսպես էր՝ դիմում էին դատարան, դատարանը արձակում էր վճարման կարգադրություններ, որի հիման վրա նոր ԴԱՀԿ ծառայությունը իրականացնում էր համապատասխան գործողություններ: Հիմա ՃՈ-ն առանց դատարան դիմելու՝ միանգամից այդ որոշումները ուղարկում է ԴԱՀԿ ծառայությանը, որից հետո իրենք արդեն սկսում են բռնագանձման պրոցեսը, ու այդ բռնագանձման պրոցեսի արդյուքնում, բացի տուգանքի գումարից և ՃՈ-ի հաշվարկած տույժերից՝ նաև ավելանում են հարկադիր կատարողների ծախսերը:

Կարդացեք նաև

Այսինքն՝ կատարողական գործողության արդյունքում՝ առաջացած ծախսերը, որոնք հիմնականում, ասենք, գումարի 5 տոկոսն է, որը չի կարող պակաս լինել քան 5000 դրամը: Ասենք, եթե 5000 դրամ տուգանքն է, եթե դա ուղարկվում է հարկադիր կատարողներին, հարկադիր կատարողները նաև իրենց ծախսերն են պահանջում, որը էլի կազմում է 5000: Եթե ավել գումարներ են լինում, արդեն այդ գումարի 5 տոկոսը»:

Փաստաբանի խոսքով՝ 6 ամիս որևէ տուգանք չվճարելու դեպքում՝ քաղաքացիները կծանրաբեռնվեն նաև այդ ավել գումարներով. «Այսինքն՝ հետևանքը սա՝ տուգանքներին ավելանում են չվճարման արդյունքում առաջացած համապատասխան տույժեր, բայց նաև երբ այդ տուգանքները ուղարկվում են ԴԱՀԿ ծառայությանը, ապա բնականաբար այնտեղ առաջանում են նաև կատարողական ծախսեր, որոնցով նույնպես քաղաքացիները ծանրաբեռնվելու են: Այսինքն՝ արգելանքներ են դրվելու իրենց գույքի վրա, եթե իրենք դրամային հաշիվներ ունեն՝ միանգամից այդ դրամային հաշիվներից այդ գումարները փոխանցելու են հարկադիր կարգով և այլն, և այլն»:

Հարցին՝ 6 ամսից հետո այդ տուգանքների վճարումը միանգամից պետք է լինի՞, թե՞ քաղաքացիները կարող են փուլերով վճարել, փաստաբանը պատասխանեց, որ նրանք կարող են դիմել Ճանապարահային ոստիկանությանը, որպեսզի համապատասխան գումարը վճարեն ինչ-որ փուլերով, իրենք ինչ-որ համաձայնագիր են կնքում և այդ ժամկետում հետագայում սկսկում են կատարել համապատասխան վճարումներ, այսինքն՝ դա հնարավոր տարբերակ է»:

Փաստաբանի վերոնշյալ պարզաբանումների վերաբերյալ փորձեցինք զրուցել են նաև Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն Հիմնադիր խորհրդարանի գրասենյակից ասացին, որ դա հնարավոր կլինի ավելի ուշ: Ժ. Սէֆիլյանի հետ կապ հաստատելուց հետո կներկայացնենք նաև նրա տեսակետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս