Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ-ն կարող է խաղաղեցնել` տեղակայելով խաղաղապահ ուժեր ԼՂ-ում, եթե կողմերը ցանկանան. Խուդյակով

168.amի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը:

– Պարոն Խուդյակով, Հայաստանը ԵՏՄ անդամ է, որն ըստ էության պետք է երաշխավորեր Հայաստանին անցանկալի անակնկալներից, այնինչ օրերս պարզվեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են գազի սակագնի շուրջ, թեև 2013թ. խոստումներ էին հնչել, թե գազի սակագինն առնվազն 5 տարի չի բարձրանա: Ինչո՞վ եք սա բացատրում:

– Ես գիտեմ, որ Հայաստանի և Բելառուսի համար գազի սակագնի բարձրացում չի նախատեսվում: Ես կողմնակից չեմ ՌԴ ռազմավարական գործընկերների և ԽՍՀՄ կազմ ընդգրկված երկրների համար գազի սակագնի բարձրացմանը, բացի Մոլդովայից և Ուկրաինայից, որոնք հակառուսական ուղի են որդեգրել, այդ երկրների համար գները պետք է բարձրացնել, քանի որ նրանք հանդես են գալիս ընդդեմ Ռուսաստանի: Նրանց դեպքում պետք է առանձին քաղաքականություն մշակել գազի սակագնի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Բելառուսին, Հայաստանին, մենք մեկ ժողովուրդ ենք, կապված են ամուր կապերով, կապված ենք անցյալով, ուստի պետք է հարգենք միմյանց և աջակցենք:

– Այսինքն` բացառում եք, որ ՌԴ-ն գին բարձրացնի Հայաստանի համար:

– Այո:

Պարոն Խուդյակով, խոսեցիք աջակցության մասին: Տարեսկզբից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այնինչ ՀՀ ԵՏՄ անդամակցությունը, շատ պաշտոնյաների խոսքով, պետք է ամրապնդեր ՀՀ անվտանգությունը: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

Ինչպես ասել եմ, այսօր էլ կասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ և կարգավորեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Պատերազմը երբեք չի հանգեցնում խաղաղության, միայն բանակցություններն են խաղաղության հանգեցնում: Ուստի պետք է աշխատանքն ուղղել շփումների, բանակցությունների վրա` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:   Երբ մենք սկսում ենք շատ խոսել, սկսում ենք խոցել, վիրավորել, դա ոչ մի լավ տեղ չի տանում: Նույնը տեղի է ունենում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ, ինչը ոչ մի դրական զարգացման չի հանգեցնում, դա ակնհայտ է: Չպետք է արյունահեղություն լինի ոչ մի տեղ, դրա համար պետք են բանակցություններ, և մենք խաղաղության կողմնակիցն ենք: Դեպի խաղաղություն է գնում նաև մեր կառավարությունը:

Իսկ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ստանձնած պարտավորություններն ինչո՞ւ Ռուսաստանը չի կատարում:

– Ես, որպես վառ օրինակ՝ կմատնանշեմ Մերձդնեստրի հարցը: Երբ պատերազմ բռնկվեց Մոլդովայի և Մերձդնեստրի միջև, շատ մարդկանց արյուն թափվեց, եղբայրը դուրս եկավ եղբոր դեմ: Այդ պատերազմը կարողացավ կանգնեցնել Ռուսաստանը: Պայմանագիր ստորագրվեց Ուկրաինայի, Մոլդովայի, Մերձդնեստրի և Ռուսաստանի կողմից, սահմաններին տեղակայվեցին ռուսական զորքեր հենց խաղաղապահական առաքելությամբ: Կարծում եմ, որ երբ կողմերը չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, ապա դրա համար կան ռուսական խաղաղարար ուժերը, որոնք կարող են ապահովել խաղաղություն և կայունություն: Եթե այդ հարցում բոլոր կողմերը դիմեն Ռուսաստանին և խնդրեն, որ ՌԴ-ն հանդես գա այդ հակամարտությունում՝ որպես խաղաղապահ երկիր, ապա, ես կարծում եմ, որ ՌԴ-ն չի մերժի: Խաղաղության հաստատման հարցում ՌԴ-ն որևէ երկրի չի մերժել:

– Կողմերն այս պահի դրությամբ նման սցենարին դեմ են:

– Այդ դեպքում պետք է շարունակել բանակցությունները: Եթե այսօր այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվում, ապա ապագայում կպսակվեն, համոզված եմ, քանի որ կողմերն իրենք կհամոզվեն, որ խաղաղությանն այլընտրանք չկա:

Տեսանյութեր

Լրահոս