Բաժիններ՝

«Ռազմավարական դաշնակցի հետաքրքրություններն ու մտավախություններն էլ պետք է հաշվի առնվեն»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարմանը, և  թե ինչ է արվում  հայկական կողմից՝ խոչընդոտելու դրան, ասել է. «Մի կողմից մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր սուվերեն պետություն զենքի վաճառքի անխախտելի իրավունք ունի, բայցև կարծում ենք, որ ռազմավարական դաշնակցի հետաքրքրություններն ու մտավախություններն էլ  պետք է հաշվի առնվեն»:

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման  դեպքում Ռուսաստանի միջամտությանը կամ մասնակցությանը՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից, Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և,  բնակաբանաբար, դե յուրե համապատասխան պարտավորություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության հարցում: Բացի այս՝ ՌԴ-ն և ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ են, ինչը նշանակում է, որ գոյություն ունեն փոխադարձ պարտավորություններ հավաքական   անվտանգության և  բազմակողմանի հարաբերությունների  շրջանակում:

Ըստ այդմ՝ երկու երկրների  ԶՈՒ Գլխավոր շտաբերը մեկ անգամ չէ, որ համատեղ գործողությունների  օպերատիվ պլանավորում են իրականացրել՝ հաշվի առնելով  Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հնարավորությունը:

«Այսինքն՝ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կհետևի իր պարտավորություններին` 1997թ. օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 1995 թվականի մարտի 16-ի ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ և 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրերով»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Հարցին՝ հայկական ուղղաթիռի խոցման ողբերգական դեպքից հետո հայկական օդուժը կշարունակի՞ սահմանային  թռիչքները, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ռազմաօդային թռիչքները հայկական կողմի դեպքում ցուցադրական բնույթ չեն կրում, դրանք բաղադրիչ մասն են անվտանգային և սահմանային վերահսկման համալիր միջոցառումների, ուստի հայկական ուղղաթիռի հետ կատարվածը որևէ կերպ չի ազդի պաշտպանական խնդիրների կատարման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս