Չի բացառվում, որ «սև ցուցակներում» հայտնված հայ միգրանտները վերականգնեն ՌԴ մուտքի իրավունքը՝ տուգանք վճարելով. Յուրի Մոսկովսկի

168.am-ի զրուցակիցն է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությանը կից գործող հասարակական խորհրդատվական խորհրդի քարտուղար, «Հարևանության» միջազգային կապերի զարգացման հիմնադրամի նախագծերի տնօրեն Յուրի Մոսկովսկին

– Պարոն Մոսկովսկի, հույսեր կային, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի միգրանտները Ռուսաստանում արտոնություններ կստանան: Որոշակի արտոնություններ փաստաթղթային ձևակերպում արդեն իսկ ստացել են, բայց մեծ խնդիր են տարատեսակ խստացված, փոփոխված օրենքները, որոնց արդյունքում միգրանտները հայտնվում են «սև ցուցակներում»` զրկվելով ՌԴ մուտքի իրավունքից 3, 5, 10 տարով: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են հայտնվել այդ ցուցակներում և ինչպե՞ս կարելի է դուրս գալ ցուցակներից: «Սև ցուցակներում» հայտնված միգրանտները համաձայն են նույնիսկ տուգանքներ վճարել, կամ միգուցե ելքը ներում շնորհելն է, չէ՞ որ ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է:

– Ես կարծում եմ, որ ՌԴ մուտքի արգելքի արժանացած մարդկանց խնդիրը կլուծվի: Իսկ լուծման եղանակները մի քանիսն են, այդ թվում՝ նրանք, որոնք դուք մատնանշեցիք: Եղանակներից մեկը տուգանքների վճարումն է: Այս հարցը բարձրացվում է և այս պահին քննարկվում է Մոսկվայում: Կա գիտակցումը, որ մարդկանց պետք է հնարավորություն տալ տուգանք վճարել և ազատվել այդ ցուցակներում ներկայությունից: Սրան ավելացրած, դիտարկվում է նաև հետևյալը` պետք է վերանայել այն իրավախախտումների շրջանակը, որոնց դեպքում մարդիկ զրկվում են Ռուսաստան 10 տարով մուտք գործելու հնարավորությունից ավտոմատ կերպով: Այսինքն` պատժամիջոցն իրականում պետք է համապատասխանի կատարած իրավախախտման ծանրությանը: Օրինակ` ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած միգրանտները ևս հայտնվում են «սև ցուցակում»: Այսինքն` իրավախախտումների շրջանակը պետք է հստակեցվի և պարզեցվի, պետք է այն առավելագույն չափով մոտեցնել իրականությանը, իսկ ներկայումս օրենքի այս նորմը, իմ համոզմամբ, ծայրաստիճան պատժիչ է, քանի որ խախտման ծանրությունը պատժին չի համապատասխանում:

– Իսկ այն, տարբերակները, որոնց մասին խոսում եք, լրջորեն դիտարկվո՞ւմ են Դաշնային Միգրացիոն ծառայության կողմից:

– Ես այս պահին դա հստակ չեմ կարող ասել: Այս հարցը մտահոգում է ռուսաստանյան հասարակական կարծիքին, դա բարձրացվում է իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունների կողմից, բայց ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ամենը կսկսի կարգավորվել և փաստաթղթային ձևակերպում և օրենքի ուժ ստանալ: ԵՏՄ անդամ Հայաստանից տասնյակ-հազարավոր մարդիկ չեն կարողանում մտնել Ռուսաստան մանր իրավախախտումների համար, որը սխալ է և մեծ բացթողում: Ի դեպ, սա չի վերաբերում միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Ուկրաինայի քաղաքացիներին, նույնպիսի խնդիր նրանք ունեն, մարդիկ փախստականի կարգավիճակում են հայտնվել: Օրինակ` մարդը փախել է, որպեսզի հայտնվի Ռուսաստանում, պարզվում է՝ իր համար փակ է Ռուսաստանը՝ նախկինում իր կողմից արված ադմինիստրատիվ օրինախախտման կամ սխալի համար, շատ բարդ իրավիճակ է:

– Այս պահի դրությամբ, փաստորեն, արգելքը չեղարկելու եղանակ չկա՞:

– Արգելքը չեղյալ է համարվում բացառապես Դաշնային Միգրացիոն ծառայության կողմից, իսկ եթե արգելքի որոշումը դատարանն է կայացրել, ապա պետք է դիմել դատարան, քանի որ Միգրացիոն ծառայությունը չի կարող չեղարկել դատարանի որոշումը: Շատ փորձագետների և, իմ կարծիքով, ներկայիս օրենսդրությունը պետք է վերանայել: Խստացված օրենսդրության պահանջ կար, բայց այն ճիշտ չմշակվեց:

– Հետաքրքրական է նաև այն, թե արդյո՞ք Բելառուսի և Ղազախստանի միգրանտները հայտնվել են այդ ցուցակներում, թե՞ ոչ: Եթե նրանք չեն հայտնվել «սև ցուցակներում», ուրեմն գոնե այս տարվանից հայաստանցի միգրանտների նկատմամբ կիրառվող այս պատժիչ օրենքները պետք է մեղմացվեն:

– Բելառուսի մասին կարող եմ ասել, որ ի սկզբանե նման բան չի եղել, Ղազախստանի դեպքում էլ, ամենայն հավանականությամբ, չկան նման ցուցակներ: Ասեմ, որ այս համակարգը սկսեց աշխատել այն բանից հետո, երբ արդեն ձևավորվել էր Մաքսային միությունը: Պրակտիկան պետք է վերանայել, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է: Միայն մինչ նոր տարին մուտքն արգելվել էր 1 միլիոն 300 հազար մարդու համար: Սա մեծ թիվ է, ի դեպ, խոսքն արդեն ադապտացված, ինտեգրված մարդկանց մասին է: Բայց սա կտրուկ օրենսդրություն է, թեև համապատասխանում է համաշխարհային պրակտիկային: Ինչ-որ մի փուլում դա մեզ պետք էր անել, իսկ հիմա իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը տուգանքների սահմանումն է, տուգանքի չափը ևս կարող է քննարկվել, տարբեր թվերի մասին է խոսք գնում: Սա կարող է խնդրի լուծում լինել: Կան շատ դետալներ, որոնք պետք է հստակեցվեն: Կան քննարկումներ, և կարծում եմ, որ այդ առաջարկներն ընդունվելու են, ինչպես սովորաբար պատահում է: Հասարակությունը պահանջեց, միգրացիոն օրենսդրությունը խստացվեց, սակայն հիմա էլ ծայրահեղ է իրավիճակը, և սեղանին այլ առաջարկներ են դրվել:

 

Տեսանյութեր

Լրահոս