Նվիրաբերելով 500 դրամ՝ «Կյանք տուր նոր Հայի»

«Եթե ամբողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ի կապակցությամբ, բազմաթիվ կենդանի ծաղիկների հետ միասին, գնեն գեթ մեկ անմոռուկ և իրենց հարգանքը նաև այս ձևով արտահայտեն, մենք կունենանք գումարներ, որոնց շնորհիվ կծնվեն նոր և նոր բալիկներ»,- այսպես ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Թոխունցը՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի մեկնարկի ժամանակ:

Փետրվարի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է՝ օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցով: Համահայկական այս նախաձեռնությանը միանալու համար բավական է այցելել flowersoflife.am կայքը և գնել ընդամենը 500 դրամ արժողությամբ «Կյանքի Ծաղիկ»:

Նախաձեռնության հեղինակ-ղեկավարի՝ Քրիստինե Հարությունյանի խոսքով՝ Եղեռնի հետևանքների դեմ պետք է պայքարել գործնական քայլերով և օգնել այն բազմաթիվ ընտանիքներին, որոնք խնդիր ունեն հղիանալու հարցում և ֆինանսական սղության պատճառով չեն կարողանում վերարտադրողական բժշկության ծառայություններից օգտվել: Այդ ընտանիքների թիվը ՀՀ-ում կազմում է շուրջ 9000 զույգ: Իր տեսակով բացառիկ այս նախաձեռնության նպատակն է՝ Մեծ եղեռնից 100 տարի անց գործնական քայլերով պայքարել հետևանքների դեմ:

Kyanqi caxik (6)

Կարդացեք նաև

Kyanqi caxik (5)

Kyanqi caxik (1)

Kyanqi caxik (2)

«Ես ծնվել և մեծացել եմ Թիֆլիսում ու ինքս Եղեռնի գաղթականների ընտանիքից եմ: Փոքրուց միշտ շատ պատմություններ եմ լսել Եղեռնի հետ կապված. տատիկս Էրզրումից էր գաղթել Վրաստան, և միակ բանը, որը նա հնարավորություն էր ունեցել փրկել՝ մեզ հասած՝ 100 տարվա պատմություն ունեցող աղոթագիրքն է: Մեր ընտանիքը միշտ կարևորել է այն փաստը, որ հայը պետք է բազմանա, և շարունակականությունը միշտ լինի մեր ազգում»,- ասում է Քրիստինե Հարությունյանը:

Նախաձեռնության հեղինակ-ղեկավարը հենց ինքն էլ տարիներ առաջ առողջական խնդիրներ է ունեցել, և վիրահատությունից հետո բժիշկներն ասել են նրան՝ հնարավոր է՝ էլ երբեք երեխա չունենա. «Ես ինքս զգացել եմ այդ դժվար պահերը, բայց, փառք Աստծո, այսօր ես ունեմ 3 զավակ»: Այն ժամանակ Քրիստինե Հարությունյանը տեղյակ չէր, որ աշխարհում կան նոր տեխնոլոգիաներ, որոնք այսօր արդեն Հայաստանում են նաև կիրառվում: Նա նաև նշեց, որ իր միտքը՝ իրականացնել մի ծրագիր, որը կօգնի հայ ընտանիքին և երեխա ունենալու երջանկություն կպարգևի, «Արագիլ» հիմնադրամին ներկայացնելուց հետո շատ արագ է արձագանք ստացել, որի համար շնորհակալ է այսօր:

Kyanqi caxik (3)

Kyanqi caxik (8)

Kyanqi caxik (12)

«Շատ ուրախացա, որ Հայաստանում իսկապես գործում է այդ հիմնադրամը, և ասեմ՝ ներկայացնելուց հետո նրանք բավականին շուտ արձագանքեցին, որի համար շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև այն հնարավորության համար, որ այս բացառիկ ծրագիրը   կիրականացվի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև՝ ամբողջ աշխարհով մեկ: Ես այսօր կոչ եմ անում բոլորին՝ կյանք տալ նոր հային»,- ասում է Քրիստինե Հարությունյանը:

«Արագիլ» հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանն ակցիայի մեկնարկի ժամանակ իր երախտագիտության խոսքը հայտնեց Առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին՝ աջակցության համար, և վստահեցրեց՝ առանց նրա այս ծրագիրը դժվար թե կյանքի կոչվեր: Շնորհակալություններ հնչեցին նաև հովանավորների և բոլոր այն բժշկական կենտրոնների հասցեին, որոնց հետ համագործակցում են իրենք:

Ցանկացած անձ կամ կազմակերպություն, այսօր, անկախ նրանից՝ գտնվում է Հայաստանո՞ւմ, թե՞ ոչ, կարող է ցանկության դեպքում նվիրատվություն կատարել ֆոնդին, որն էլ կուղղվի հենց երեխաների լույս աշխարհ գալու նախաձեռնությանը: Ակցիան տևելու է մինչև ապրիլի 24-ը: Կազմակերպիչների խոսքով՝ այն եզրափակվելու է բավականին հետաքրքիր ծրագրով, որտեղ կլինեն նաև նոմինացիաներ՝ ամենաշատ ծաղիկ գնած պետությունը, անձը, կազմակերպությունը: Ի դեպ, ակցիայի կազմակերպիչները նաև նշեցին, որ ակցիայի մասին իմանալուց հետո հայկական որոշ ընկերություններ անմիջապես արձագանքել են ու մեծ գումարներ են նվիրաբերել: Նրանք բոլորն այսօր կոչ են անում՝ միանալ ու իրենց նվիրաբերած գումարների օգնությամբ «լույս աշխարհ բերել նոր Հայերի»:

Kyanqi caxik (10)

Կայքը բավականին մատչելի է, և վճարման գործընթացը բավականին հեշտ է, պարզապես հարկավոր է՝ այցելելով flowersoflife.am, սեղմել «նվրաբերել» կոճակը, այնուհետև մի քանի կոնտակտային տվյալներ լրացնել (էլեկտրոնային հասցե, քաղաք, պետություն): Վճարման համակարգը լրացնելուց հետո ձեր գումարները կփոխանցվեն «Արագիլ» հիմնադրամին, և դուք ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք ձեր անվանական «Կյանքի Ծաղիկը»:

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

Տեսանյութեր

Լրահոս