«Ավետիսյանների ընտանիքն ուղղակի որպես պատահական զոհ է վերցված. կարող էր լինել ցանկացած այլ ընտանիք»

Ինչպես հայտնի է, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներգրավվել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը ներկայացնում են Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր շահերը: Երեկ, պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախաքննության ընթացքը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ծանոթացել ենք, թե նախաքննության մարմնի կողմից ինչ փորձաքննություններ են նշանակված: Որքանով հնարավորություն եղել է, ծանոթացել ենք նաև նախաքննության ընթացքին վերաբերող այլ գործողությունների:

Իհարկե, երբ ուզում ենք լրացուցիչ հարցեր ճշտել, նախաքննության մարմինը հղում է կատարում նախաքննության գաղտնիքի պահպանման անհրաժեշտության վրա, բայց մենք արդեն իսկ գրությամբ հարցեր ենք բարձրացրել, ներկայացրել նախաքննության մարմնին, հարցերը շարադրել և հրապարակավ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ իրավահաջորդների և իրավահաջորդների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Դեռևս պատասխանի ենք սպասում: Այս պահին հստակ է մի բան. մեզ համար հասկանալի և հայտնի չէ, թե ինչու քրեական հետապնդում չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման փորձ կատարելու հիմքով, որի մասին առնվազն լրատվական միջոցներով տարածված նյութեր կան, և հերքում, որ այդպես է եղել, չկա քննչական մարմնի կողմից: Մեզ համար իրապես հետաքրքիր է և հարցման մեջ ներառել ենք հարցը, թե ովքեր են իրապես Պերմյակովին ձերբակալել և տեղափոխել ռուսական բազայի տարածք, որտեղ նա ներկայումս գտնվում է ռուսական իրավապահ մարմինների հսկողության տակ: Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինների տիրապետման տակ չի գտնվում Պերմյակովի քաղաքացիական համազգեստը, ավելի ճիշտ` հագուստը»: Իրավահաջորդի խոսքով՝ դա կարևոր է Պերմյակովի՝ տանը փոխվելու հանգամանքի ճշտման տեսակետից:

«Եթե ելնենք նախաքննության այն վարկածից, որ այս պահին Պերմյակովն է Ավետիսյանների սպանության մեջ հիմնական մեղադրյալը կամ կասկածյալը, ապա մարմնի տարբեր մասերի փորձանմուշներ պետք է վերցվեին՝ կրակոցների արգասիքների առկայությունը պարզելու համար: Ցավոք սրտի, մենք լսում ենք, որ այդ փորձանմուշները չեն վերցվել: Դա արդեն իսկ բավական լուրջ խոչընդոտ է այս պահին արդեն նախաքննության օբյեկտիվության ապահովման տեսակետից:

Կարդացեք նաև

Վերջիվերջո, հիմնական խնդիրը Պերմյակովի՝ ռուսական իրավապահ մարմիններից Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու հարցն է: Դրա հետ կապված` ունենք հարցադրումը՝ արդյոք մինչև հիմա քննչական մարմնի կողմից Պերմյակովի նկատմամբ խափանման միջոցի հարց առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Դա կարող էր լինել ստորագրությունը չհեռանալու մասին, որը քննիչն է կիրառում, կալանավորումը, որի համար քննիչը միջնորդություն պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության դատարան: Այսինքն՝ մի շարք ընթացակարգային և շատ կարևոր հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք հստակ պատասխաններ չունենք»,- ասաց նա: Նրա խոսքով՝ պահանջել են նաև ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների միջև ստորագրված փաստաթուղթը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ Վալերի Պերմյակովը գտնվել և գտնվում է ռուսական իրավապահ մարմինների հսկողության տակ, արդեն իսկ խոչընդոտ է հանդիսացել անհրաժեշտ ծավալով քննչական գործողություններ իրականացնելու համար:

Մեր հարցին, թե որն է իր և իր վստահորդի հիմնական պահանջը նախաքննության մարմնից, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ իրենց հարցերի պատասխանները ստանալուց հետո դրանց հիման վրա կորոշեն դա, ինչպես նաև միջնորդություններ կներկայացնեն:

Մեր հարցին, թե տուժողի իրավահաջորդը և ինքը՝ որպես նրա ներկայացուցիչ, հանցագործության կատարման պատճառների հետ կապված ի՞նչ վարկածներ ունեն, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Մինչ որպես իրավահաջորդի ներկայացուցիչ ընդգրկվելը՝ առիթ եղել է հրապարակային տարբեր վարկածներ առաջադրելու: Դա մնում է իմ հիմնական մոտեցումը, որ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն»:

Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում քննարկվող վարկածներից որևէ մեկը հետագայում պետք է գնահատվի` որպես հիմնական, և ըստ դրա` պետք է գնահատվեն ապացույցները. «Այդ ժամանակ ես կարող եմ ավելի հիմնավոր ներկայացնել, բայց կարծում եմ, ես ավելի հակված եմ, որ իրապես դա ահաբեկչական գործողություն է, և Ավետիսյանների ընտանիքն ուղղակի որպես պատահական զոհ է վերցված: Կարող էր լինել ցանկացած այլ ընտանիք»:

Ի դեպ, երեկ Ավետիսյանների հարազատները հավաքվել էին Շիրակի մարզի դատախազության մոտ և պահանջում էին տեղեկություններ հաղորդել գործի մասին: Սակայն Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նրանց հորդորել է դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ նշելով, որ օրենքով սահմանված ծավալով տեղեկությունները նրանց կտրամադրվեն: Նրա խոսքով՝ իրենք դատավարական ղեկավարում չեն իրականացնում այս գործի նկատմամբ, հետևաբար, ըստ նրա, հարազատների հարցերը տեղին չեն.

«Դուք ասում եք մի բան, որի երեսը մենք չենք տեսել: Այսինքն՝ եթե մենք այդ գործի երեսը չենք տեսել, նույնիսկ տեղյակ չենք՝ այդ գործը նախաքննության ինչ փուլում է գտնվում, ձեր հարցերին ի՞նչ պատասխան պետք է տանք»: Ավետիսյանների հարազատներն էլ պահանջում էին, որպեսզի իրենց պարզաբանումներ տա այն անձը, ով իրավասու է:

Ներկաներից մեկն էլ նշել է, որ հանցագործությունը կատարվել է Գյումրիում, և հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին պահում ռուսական ռազմաբազայում: Ի պատասխան` դատախազն ասել է, թե իրավական ընթացակարգերը հենց դրա համար են, գլխավոր դատախազը դիմել է ռուսական կողմին՝ սպանության գործը հայկական կողմին փոխանցելու միջնորդությամբ. «Հլը տեսնենք՝ ինչ է դուրս գալիս»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս