Բաժիններ՝

Երեխաներիս երես չեմ տվել. Սամվել Կարապետյան

 

Սկիզբը՝ այստեղ.

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և ռուսաստանյան անշարժ գույքի արքաների վարկանիշային ցուցակի առաջատարներից Սամվել Կարապետյանը Forbes պարբերականի ռուսական բաժնի հետ զրույցում խոսել է ճգնաժամի և նոր նախագծերի մասին: Սամվել Կարապետյանը Forbes-ի ցանկում առաջին անգամ հայտնվեց 2010 թվականին՝ 750 միլիոն դոլար կարողությամբ: Այն ժամանակ նա ռուսաստանյան Forbes-ում 91-րդն էր, այսօր՝ 26-րդը: 2010 թվականից ի վեր Սամվել Կարապետյանին հաջողվել է բազմապատկել իր կարողությունը, իսկ 2014 թվականին Forbes-ն այս գործարարի կարողությունը գնահատել է 4.3 միլիարդ դոլար: Ո՞րն է Կարապետյանի հաջողության գաղտնիքը: Եթե կարճ ձևակերպենք՝ բանկերից վարկ չվերցնել, շեշտը դնել ոչ թե ծավալների, այլ՝ շահութաբերության վրա, և բոլոր որոշումներն ընդունել միանձնյա:

–  Պարոն Կարապետյան, Դուք մոսկովյան իշխանությունների հետ աշխատել եք Յուրի Լուժկովի օրոք, իսկ այժմ աշխատում եք Սերգեյ Սոբյանինի գլխավորած քաղաքապետարանի հետ։ Որո՞նք են սկզբունքային տարբերությունները՝ ներդրողների հետ հարաբերությունների համակարգում։

Կարդացեք նաև

– Այո, քաղաքապետարանի հետ աշխատել եմ և՛ այն ժամանակ, և՛ հիմա։ Կարևոր է այն, որ հատկապես այսօր են խաղի կանոններ հայտնվել։ Քաղաքային իշխանությունները շատ հստակ են որոշում՝ ինչի են ընդունակ ներդրողները, և հարաբերությունները ձևավորում են այդ շրջանակներում։ Ներկայիս քաղաքային իշխանությունն առանձնացրել է ներդրողների մի խումբ, որոնք ընդունակ են գումարներ դնել և զարգացնել քաղաքային տնտեսությունը։

– Սակայն Լուժկովի ժամանակ էլ նման ներդրողներ կային։ Ի՞նչն է փոխվել՝ չափանիշե՞րը։

– Ո՛չ, այն ժամանակ կարևոր էին ոչ թե ներդրողները, այլ, այսպես կոչված, միջնորդները՝ նրանց ներկայացնողները։ Նաև, նախկինում նշանակություն չուներ՝ դու ով ես։ Ու եթե կարողանայիր մուտք ունենալ «խողովակին», դրանից հետո այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում՝ ինչ կարող ես անել և ինչ չես կարող։

– Իսկ Դուք այդպիսի մարդիկ՝ միջնորդներ, չե՞ք ունեցել։

– Ոչ, ես լոբբիստներ երբեք չեմ ունեցել ու չեմ ունենա։ Մենք միշտ ինքներս ենք թիրախավորված մեր խնդիրները լուծել։ Եթե պետք է խնդիրը լուծել, ինքնուրույն եմ լուծում։ Ցանկացած մարդու հետ։ Եթե խոսքը կոնկրետ Մոսկվայի մասին է, ապա այսօր նման միջնորդներն ընդհանրապես բացակայում են կամ դաշտում չեն երևում։ Քաղաքապետարանն աշխատում է հստակ կանոններով։

– Կարո՞ղ եք ձևակերպել այդ կանոնները։

– Դրանք շատ են, բայց առաջին հերթին՝ կշեշտեմ հուսալիությունը, վճարունակությունը, չափազանց կարևոր է նաև նախագծերի իրականացման ժամկետը։ Եթե քեզ համար սահմանված է 2-3 տարի ժամկետ՝ ներդրում կատարելու և օբյեկտ կառուցելու համար, և դու այդ պատվերը որակով կատարում ես այդ ժամկետի մեջ, ուրեմն դու քաղաքի համար հուսալի գործընկեր ես: Ու հետագայում նույնպես քաղաքը քեզ կաջակցի։

– Ինչպե՞ս է կառուցված հողային հանձնաժողովի մեխանիզմը։ Հնարավո՞ր է ազդել որոշումների ընդունման վրա։

– Ոչ, դա բացառվում է։ Սա հենց այն է, ինչ ես անվանում եմ՝ «կառուցել ճիշտ համակարգ»։

Եթե նախագծի հայտը ճիշտ է ձևակերպված, ապա այն կդիտարկվի։ Դրական պատասխանի դեպքում բոլոր թույլտվություններն ավտոմատ ստացվում են։

– Հաջող պրոյեկտ ներկայացնելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞նչ է ցանկանում քաղաքապետարանը։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։

– Վերլուծում եմ։ Մենք մշտապես գնահատում ենք, թե յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածում ինչը կարող է հեռանկարային լինել քաղաքի համար, և շարժվում ենք՝ ըստ դրա։

– Քաղաքապետարանի ցանկությունների մասին չինովնիկների հետ անձնական զրույցներից չե՞ք իմանում։

– Բնականաբար, անձնական շփման բաղադրիչն առկա է թե՛ նրա, թե՛ մյուս դևելոփերների մոտ։ Սակայն մյուս կողմից՝ չի կարելի այն գերագնահատել։ Քաղաքապետն ունի ներդրումային հանձնաժողով, որտեղ մշտապես քննարկվում են հետաքրքիր նախաձեռնությունները։ Մենք մասնակցում ենք այդ երկխոսությանը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ինչ ուզես՝ կարող ես անել։ Կան խաղի կոշտ կանոններ։

Դուք չեք թաքցնում, որ «Տաշիրը» հայկական ընկերություն է։ Որքանո՞վ է համախմբված հայկական համայնքը Ռուսաստանում, Դուք օգնո՞ւմ եք մեկդ մյուսին։

– Մենք մեկս մյուսին օգնում ու աջակցում ենք, երբ դրա կարիքը կա։ Իսկ ամենակարևորը՝ երբեք չենք խանգարում։ Ես հպարտանում եմ, որ հայ եմ, հպարտանում եմ իմ ընտանիքով և բիզնեսով, որը ստեղծել եմ։ Մենք փոքր, բայց շատ հպարտ ու իմաստուն ազգ ենք։

Երբեք որևէ մեկի վրա չենք հարձակվել։ Հակառակը՝ միշտ փորձել ենք ու փորձում ենք գոյատևել՝ պահպանելով մեր ինքնատիպությունն ու եզակիությունը։ Ժամանակները, իհարկե, փոխվել են, խոսքը չի գնում գոյության պարզ ֆիզիկական պահպանման մասին, սակայն իրավիճակները տարբեր են լինում։ Մեր համախմբվածությունը մեզ թույլ է տալիս շատ բան անել թե՛ բիզնեսում, թե՛ կյանքում։ Ամեն ինչ կառուցվում է վստահության վրա, դրա համար էլ մեզ ոչ ոք երբեք չի խաբել, և մենք էլ չենք խաբել։ Ոչ մի դատական գործ չի եղել։ Գործարարները, ովքեր գոյատևել են այս տարիների ընթացքում, հասկանում են, թե բիզնեսի մեջ խոսքը որքան կարևոր է։ Մյուսները պարզապես չեն գոյատևել։

Ինչպես նշեցիք, Ձեր ընկերությունն ամբողջությամբ ձեռքի կառավարման վրա է։ Դա ծանրաբեռնված գրաֆիկ է։ Մտադիր չե՞ք բիզնեսը հանձնել մենեջերներին և հանգստանալ։

Անկեղծ ասած՝ դեռ ոչ։ Թեպետ կարծում եմ, որ ցանկացած մարդ վաղ թե ուշ գալիս է դրան, և հոգեբանորեն ես դրան պատրաստ եմ։ Ինձ դեռ հետաքրքիր է բիզնեսով զբաղվելը։ Անշարժ գույքն ամենադինամիկ ուղղությունն է, քանի որ մշտապես անհրաժեշտ է լինում ստեղծել ինչ-որ նոր, իրական, շոշափելի բան, որը երկար տարիներ կարող է ծառայել մարդկանց։ Այդ պրոցեսից ես մեծ հաճույք եմ ստանում։

– Կա՞ն մարդիկ, ում Դուք կկարողանայիք փոխանցել Ձեր գործերը։

– Կան, և նրանք արդեն սկսում են կառավարել բիզնեսները։ Ես ունեմ երկու որդի՝ 16 և 22 տարեկան։ Ունեմ 22 տարեկան դուստր։ Փոքր որդիս դեռ սովորում է ինստիտուտում, իսկ մեծս պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Դուստրս աստիճանաբար մտնում է ընտանեկան բիզնեսի մեջ։ Ինձ համար, բնականաբար, միանշանակ էր, որ իմ երեխաները կմտնեն իմ գործի մեջ։ Նրանք դա գիտեին, և կարևորը՝ ցանկանում էին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, նրանցից ոչ ոք անգամ վերացական կերպով իրեն այլ տեղ չէր պատկերացնում։ Նրանք ի սկզբանե գիտակցում էին, թե ինչով են զբաղվելու։

Խի՞ստ եք դաստիարակել նրանց։

– Կարծում եմ՝ ճիշտ եմ դաստիարակել, փոքրուց ստեղծվել է համապատասխան միջավայր։

Երես չեմ տվել։ Բացի այդ, կա նաև գեների գործոնը։ Երեխաներս ամեն ինչով ինձ նման են։ Ինքս երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը՝ ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Այսօր նայում եմ՝ նրանք էլ են այդպիսին։

Իսկ Ձե՞զ ինչպես են դաստիարակել, ի՞նչ ընտանիքից եք։

– Հայրս ամբողջ կյանքը նվիրել է երեխաների դաստիարակությանը։ Նա մանկավարժ էր և դպրոցի տնօրենի պաշտոնում ավելի քան 50 տարի մաթեմատիկա էր դասավանդում։ Մայրս անգլերենի ուսուցչուհի էր։ Ինտելիգենտ և շատ աշխատասեր ընտանիք, որոնցից ես շատ բան եմ վերցրել։ Ծնողներս ինձ համար հատուկ միջավայր էին ստեղծել, պատանեկության տարիներից սովորեցրել, որ կյանքում ամենագլխավոր բանը պարկեշտ մարդ լինելն ու խոսքին տեր լինելն է։

– Դուք այժմ խմբի միակ սեփականատե՞րն եք, թե՞ Ձեր երեխաներն արդեն մասնաբաժին են ստացել բիզնեսում։

Ես միակ սեփականատերն եմ՝ իմ երեխաների հետ։ Մեր բիզնեսն ընտանեկան է։

– Իսկ իրավաբանորեն դա ինչպե՞ս է ձևակերպված։ Ռեեստրում համապատասխան գրառումներ կա՞ն։

– Նրանք նոր-նոր են ասպարեզ դուրս գալիս, դրա համար այդ գրառումները շուտով կլինեն։

– Երեխաների մոտ ստացվո՞ւմ է։

– Ես կասեի, որ նրանց մոտ արդեն շատ հաջող է ստացվում։ Որդուս առաջին պրոյեկտը Միտիշչիում գտնվող առևտրի կենտրոնն է (200 հազար քմ մակերես, որի համար ներդրումը կազմում է շուրջ 200 միլիոն դոլար)։ Դա բացառապես նրա անձնական պրոյեկտն է՝ սկսած նախագծումից և հողի գնումից՝ մինչև օպերատիվ կառավարում։ Տեսնենք, թե ինչպես այդ ամենը կիրականացնի։ Դուստրս ղեկավարում է մեդիա-բիզնեսը և ժամանցային ինդուստրիայի ուղղությունը։ Նրա ղեկավարությամբ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի կինովարձույթի առաջատարը։ Իսկ կինոթատրոնները, իրենց հերթին, մեծ հաճախելիություն են ապահովում մեր առևտրային-ժամանցային կենտրոնների համար։

– Ո՞ր պահին Ձեզ հարուստ մարդ զգացիք։

– Նման պահ չի եղել։ Ես չունեմ զբոսանավեր կամ թանկարժեք նկարներ։ Իհարկե, շքեղությունն ինձ դուր է գալիս, սակայն երբեք դրա վրա չեմ սևեռվել ու դրանից պաշտամունքի առարկա չեմ սարքել։ Ամեն ինչ պարզ է. ինձ ինքնաթիռ էր դուր եկել՝ գնեցի։ Ոչ թե նրա համար, որ հայտարարեմ, որ ինքնաթիռ ունեմ։ Գլխավորն այլ բան է՝ ես զբաղվում եմ իմ գործով։ Ինձ համար ավելի կարևոր է՝ ոչ մի տեղ չձախողվել, տեղում չդոփել, և, թեկուզ փոքր քայլերով, բայց կայուն կերպով առաջ շարժվել։

– Բիզնեսում սխալներ ունեցե՞լ եք։ Եղե՞լ են այնպիսի որոշումներ, որ այսօր՝ ունենալով փորձ, կփոխեիք։

– Բացահայտ սխալներ չեն եղել։ Եթե խոսենք այն մասին, թե ինչը կճշգրտեի, ապա՝ ես չէի մտնի հյուրանոցային բիզնես։ Այդ ոլորտում շահութաբերությունը կամ շատ ցածր է, կամ չկա։ Մեզ է պատկանում «Մոսկվա-Սիթի» հյուրանոցային ցանցը։ Դրանք ժամանակակից բարձրակարգ հյուրանոցներ են, սակայն չեն ապահովում այնպիսի շահույթ, որոնց համար արժեր լուրջ միջոցներ ներդնել։ Երբ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, ես այլ արդյունքներ էի սպասում։ Վնասով աշխատող հյուրանոցներ չունենք, սակայն շահութաբերությունը, ընդհանուր առմամբ, ցածր է։

Չե՞ք ցանկանում ձերբազատվել այդ ակտիվներից։

Չենք վաճառի։ Հյուրանոցներն ինձ համար, այսպես ասենք, պրոյեկտներ են՝ հոգու համար։ Ռուսաստանում կան շատ շրջաններ, որտեղ մեր հյուրանոցները միակն են՝ իրենց սպասարկման մակարդակով և աստղերով։ Դրանց բացման արդյունքում զարգացել է թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջությունը։ Մեզ համար դա կարևոր է։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս