«Սա ավելի վատ է, քան հանցագործությունը. սա սխալ է»

Չկա բանական որևէ բացատրություն՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին անհրաժեշտ այս հրապարակային խայտառակությունը՝ նման ձևով վարկաբեկելով Գագիկ Ծառուկյանին՝ վարկաբեկել իշխանություններին և իշխանական կուսակցությանը՝ մինչև վերջ: Այս պատմության մեջ հետաքրքիրն այն դեմոնստրատիվությունն է, որով Սերժ Սարգսյանը փորձեց հաշիվ պահանջել Գագիկ Ծառուկյանից: Ակնհայտ է, որ դա կարելի էր անել «օրինականության» քողի տակ: Առանց աղմուկ հանելու՝ Հարկայինի աշխատակիցներին ուղարկել Ծառուկյանին պատկանող օբյեկտներ, ապա հայտարարել, թե, այսպես ու այսպես, հարկային դաշտում այսքան գումար է թաքցրել, պետությանն այսքան վնաս է հասցվել: Կամ՝ ԱԺ-ին կարգադրել բարձրացնել բացակայող պատգամավորների հարցը:

Արտակ Խաչատրյանի առևանգումից ու ծեծից հետո էլ Գագիկ Ծառուկյանի ելույթն ավելի հուժկու չէր, քան դրանից առաջ նրա ելույթները հանրահավաքներին: Այդ ելույթին էլ կարելի էր պարզապես չարձագանքել: Այնպիսի տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթը վաղուց արդեն գզրոցում էր դրել և սպասում էր հարմար առիթի՝ բոլորին սյուրպրիզ անելու:

Սյուրպրիզ էին նաև հանրապետականների ելույթները՝ ընդդեմ Ծառուկյանի: Նրանք՝ հանրապետականները, Գագիկ Ծառուկյանի տառաճանաչության մասին խոսելիս հասկանում էին՝ ավելի լավ է հիմարություն, անհեթեթություն ասել, քան լոյալ մնալ: Լոյալությունը կպատժվի, հիմարությունն ու ստրկամտությունը՝ ոչ:
Իշխանությունն անում է մի սխալ, հետո` մյուսը: Դահլիճում ոչ ոք չի ծափահարում, բոլորը բղավում են, անվայել խոսքեր ասում, բայց իշխանությունները բեմ են դուրս գալիս, խոնարհվում՝ կարծես ոչինչ չի եղել: ՀՀԿ-ն ցուցադրաբար խուլ է ձևանում:

Եվ ընտրվեց անհասկանալի մի ճանապարհ: Իբրև թե՝ Ծառուկյանին քաղաքական դաշտից հանելով՝ ճանապարհ են բացում Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այսինքն՝ իսկական քաղաքական գործիչների համար: Սա սոփեստություն է: Ս. Սարգսյանը դուրս է եկել Գագիկ Ծառուկյանի՞ դեմ, ուրեմն ընդդիմություն է արդեն Գ. Ծառուկյանը: Ավտոմատ: Եվ նշյալ քաղաքական գործիչներին, այդ թվում և՝ Հիմնադիր խորհրդարանին, գործունեության չափազանց փոքր, գրեթե անտեսանելի դաշտ է թողնվում:

Հիմա ծանոթ պարադոքսն է: Օլիգարխը դարձել է ընդդիմություն: Նրա պաշտպանությամբ հանդես են գալիս Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ընդդեմ գործող իշխանությունների, առաջին հայացքից, շատերը կմիանան ցանկացածին: Միայն թե գործող իշխանությունը չլինի:
Այնպես չէ, որ քաղաքականության մեջ էլ սրբերի ես փնտրում: Բոլորը ժամանակին սխալվել են: Սակայն հղում անենք Թալեյրանին. «Սա ավելի վատ է, քան հանցագործությունը: Սա սխալ է»:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին պայքարում էր հանուն իշխանափոխության, Ազատության հրապարակում «Ման-վել, Ման-վել» էր գոչում՝ նկատի ունենալով գեներալ Մանվելին:

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի հեղինակն էր, և տասը հոգու այն աշխարհ ուղարկեց ՝ առանց աչք թարթելու: Միայն թե արդար ընտրություններով հաղթած թեկնածուն (Լևոն Տեր-Պետրոսյանը) չգա իշխանության:

Գագիկ Ծառուկյանին պաշտպանում ենք ոչ թե` որովհետև Սերժ Սարգսյանը ոչ թե սխալ է ասում, այլ` որովհետև ասողն ինքն է: Ընդ որում, ասում է՝ խախտելով պարզ, բարեկրթության կանոնները: Ս. Սարգսյանի երկրորդ անգամ վերընտրվելը շատերս ենք հիշում՝ նախագահ ընտրվել էր կեղծիքներով, առաջին տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Շարունակությունը բոլորը գիտեն՝ ծոմապահություն, մոմավառություն՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի աղոթքների տակ:

Եվ հիմա ինչ-որ բան ցավալիորեն կրկնվում է. ԲՀԿ-ական պատգամավորները սպառնում են նստացույց ու հացադուլ անել Ազատության հրապարակում, եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից: Ավելի պարզ ասած՝ անձեռնմխելիությունից: Բայց Գագիկ Ծառուկյանն իրո՛ք բացակայել է ԱԺ-ից: Ընդ որում, չափազանց շատ: Խնդիրը, հասկանալի է, որ այլ հարթությունում է: Նրան չեն զրկում մանդատից՝ բացակայությունների պատճառով: ԱԺ-ում բացակայությունների, հիմարություններ դուրս տալու, լռելու համար մանդատից չեն զրկում:
Հացադուլը չափազանց թույլ ու հուսահատ քայլ է: Ինչպես ֆեյսբուքյան մի օգտատեր էր նկատել, հացադուլին հաջորդում է մոմավառությունը:

Փետրվարի 20-ի հանրահավաքը, որն անկասկա՛ծ բազմամարդ է լինելու, և այնտեղ բոլորին միավորելու է գործող իշխանություններից րոպե առաջ ազատվելու ցանկությունը, թերևս, ավելի սթափ արձագանքի իրականությանը: Իշխանությունն այս դեպքում ունի մի առավելություն. նա գիտի իր հաջորդ քայլը՝ ձերբակալել Գագիկ Ծառուկյանին, խաղաղ ցույցը ցրել այնպես, ինչպես Մարտի 1-ին: Ի դեպ, այս մասին առավել մանրամասն կարող են պատմել հենց հանրահավաքի բոլոր առաջնորդները: Գագիկ Ծառուկյանն այդ առումով պակաս շահեկան վիճակում է. նա գործնականում չի պատկերացնում իր հաջորդ քայլը:

Կա կարևոր մի հանգամանք. փետրվարի 20-ի հանրահավաքն ավելի մարդաշատ ու նպատակային կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե իշխանափոխությունից հետո որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Սակայն դա, գոնե Սերժ Սարգսյանին ուղղված պատասխանից, չէր երևում: Ծառուկյանն ակնարկել էր, որ իշխանափոխությունից հետո բյուջե է վերադարձնելու 2-3 իշխանավորի կողմից բյուջեից գողացված միլիարդավոր դոլարները: Այսինքն՝ իշխանությունից հրաժարվելու ցանկություն չունի:

Այնպես որ, ընտրության մեծ հնարավորություն չկա: Կա՛մ Սերժ Սարգսյան, կա՛մ Գագիկ Ծառուկյան (Ռոբերտ Քոչարյան):
Վերջը տխուր է, ինչպես Անդերսենի հեքիաթներում:

Տեսանյութեր

Լրահոս