ՌԴ Գլխավոր դատախազությունում չգիտեն՝ երբ կպատասխանեն Գևորգ Կոստանյանի նամակին

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նամակի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:

Այս օրերին ՌԴ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հայտնվել է խուճապի մեջ, քանի որ բազմաթիվ հայկական լրատվամիջոցներ փորձում են պարզել, թե ե՞րբ և ինչպիսի՞ պատասխան է ստանալու Գևորգ Կոստանյանը:

«168.am»-ը երեկ առավոտյան մի շարք հարցերով դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը: Չստանալով պատասխան` հեռախոսազանգի միջոցով հնարավոր եղավ պարզել միայն այն, որ հայտնի չէ, թե Չայկան երբ կպատասխանի Կոստանյանին:

168.am-ի հետ զրույցում ՌԴ Գլխավոր դատախազության ԶԼՄ-ների հետ համագործակցության կառավարման բաժնի պետ Մարինա Գրիդնեվան ասաց, որ դեռ չունի որևէ պատասխան և հայտնի չէ` երբ կլինի:

Հարցին, թե նման դեպքերում ի՞նչ ժամկետներում է Դատախազությունը պատասխանում, պատասխանեց.

«Գիտե՞ք, նման դեպքեր նախկինում չեն եղել ու ես չեմ կարող ասել, թե երբ կլինի պատասխանը»:

Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորության օրը գյումրեցիների պահանջներին ընդառաջ գնալով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «տղամարադու խոսք» տվեց, որ իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի գործի վարույթը հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին և կդիմի ՌԴ գլխավոր դատախազին:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակով դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:

«Գևորգ Կոստանյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային», – նշել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:

Տեսանյութեր

Լրահոս