Բաժիններ՝

Ինչպես Կառլոս Մեծի սուրը: Երկար և տափակ

Որևէ կերպ թղթե շերեփի տրամաբանությունը կոտրել հայերս, կարծես, չենք կարողանում: Մեզ համառորեն թվում է, թե հրաշալի շարադասությամբ ու երկար տեքստերը, որոնց տալիս ենք «Հռչակագիր» նաիվ անվանումը, մոգական ազդեցություն են գործելու ընթերցողների վրա: Այսպիսով, արդեն հրապարակվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»:

Դրանով մենք՝ հայերս՝ «վկայակոչելով, ղեկավարվելով, հաշվի առնելով, շեշտելով, դատապարտելով, համարելով, արժևորելով՝ ոգեկոչում ենք, վերահաստատում, շնորհակալություն հայտնում, երախտագիտություն հայտնում, դիմում, դատապարտում, կոչ անում, զորակցում՝ հույս հայտնելով, հպարտությամբ արձանագրելով, որ հայ ժողովուրդը դրսևորեց, պահպանեց ու զարգացրեց, ստեղծեց, համախմբեց, իր արժանի ներդրումը բերեց…»: Եվ վերջին, հաղթական ակորդը՝ «Հայ ժողովուրդը դիտարկում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:

Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին՝ հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն (…) համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման»:
Ստորագրություն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ:

Ցանկացած «հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով» հայը, այդուհանդերձ, կարո՞ղ է ՀՀ նախագահի աշխատակազմից ակնկալել նման տեքստերի փոխարեն` ավելի պարզ, մեկ կամ երկու նախադասությամբ հստակ ձևակերպում՝ ո՞րն է «հայության դարավոր նվիրական նպատակը»: Ծովից ծով Հայաստա՞նը, մեր պատմական հողե՞րը, ազատագրված տարածքնե՞րը, գուցե շաքարավազի, վառելիքի մոնոպոլիա՞ն, պատգամավորի մանդատը կամ Երևան-Մոսկվա ինքնաթիռի միակողմանի տո՞մսը…

Եվ ապա գոնե առաջին քայլը ներկայացնել՝ ինչպե՞ս ենք հասնելու այդ դարավոր, ապա և` նվիրական նպատակի իրականացմանը:

Հռչակագրի տեքստն այնքան հիշեցնում է հայտնի մի պատմություն. սկսնակ մի գրող Բոմարշեին ներկայացնում է իր օպուսը, վերջինս, ընթերցելուց հետո, ասում է. «Ձեր գործն ինձ հիշեցրեց Կառլոս Մեծի թուրը»: Սկսնակը խանդավառված վերադառնում է տուն: Մինչև մի օր կարդում է, որ Կառլոս Մեծի սուրը երկար էր ու տափակ:
Ամենևին չնսեմացնելով Հռչակագրի գեղարվեստական արժեքը՝ համաձայնենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նման սենտիմենտալ տեքստերն այլևս ժամանակավրեպ են:

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի կարևոր հանգրվան է», «հայրենի սրբազան ժառանգություն» տիպի մտքերն արդեն մահու չափ ձանձրացրել են: Կոնկրե՛տ: Ի՞նչ ենք ակնկալում Ցեղասպանության ճանաչումից: Հողե՞ր: Բարոյական հատուցո՞ւմ, այսինքն՝ ներողությո՞ւն: Գուցե Ֆինանսական փոխհատուցո՞ւմ: Էականն ա՛յս բառերն են և նաև այն հիմքերը, որոնք կամրացնեն մեր վերոնշյալ պահանջների թիկունքը՝ իրավական փաստաթղթեր, հստակ ձևակերպված ու հիմնավորված պահանջ:

Թեև հնարավոր է, որ նման պահանջներ կան, սակայն հասարակությանը կոնսպիրացիայի նպատակներով չե՞ն հայտնում: Այս դեպքում ճիշտ է դիմել մասնագետի:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից եմ հետաքրքրվում՝ կա՞ կոնկրետ ձևակերպված, համակարգված պահանջ՝ ի՞նչ ենք, ի վերջո, ակնկալում Թուրքիայից: «Ինձ, համենայն դեպս, հայտնի չէ համալիր մի թղթածրար, որով մենք Թուրքիայից պահանջում ենք` ա) ֆինանսական փոխհատուցում՝ այս ու այս հիմնավորմամբ, բ) տարածքային փոխհատուցում, գ) գույքային փոխհատուցում՝ հիմնավորված, դ) հոգևոր փոխհատուցում: Եթե բոլոր կետերն առանձին-առանձին դիտարկենք, յուրաքանչյուր դրվագի մասին կան ուսումնասիրություններ, բայց մեր պետությունը չունի միասնական, իրավական, կուռ թղթածրար՝ ի՞նչ ենք ուզում Թուրքիայից, և որո՞նք են մեր պահանջի հիմքերը»:

Այս հարցն իրավունք ունի բարձրացնել մեզնից յուրաքանչյուրը (ի վերջո, Հռչակագիրը համայն հայության անունից է, այդ թվում՝ իմ և Ձեր)՝ եթե ինչ-որ մեկից ինչ-որ բան ենք ակնկալում, պահանջում, պիտի հստակ ձևակերպենք՝ ի՞նչ:

Հակառակ դեպքում՝ անհարմար վիճակի մեջ ենք հայտնվում: Ինչպես, օրինակ, Ռուբեն Մելքոնյանի բերած հետևյալ օրինակում. «Հիշենք Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայտարարություն-պահանջը Սսի կաթողիկոսական նստավայրը ետ ստանալու ուղղությամբ: Արամ կաթողիկոսը երկու անգամ հայտարարեց, թե դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելու գույքը: Հարց է առաջանում, ընդ որում, ոչ միայն հայկական, այլև թուրքական կողմի մոտ՝ ի՞նչ կապ ունի Թուրքիայի ՍԴ-ն գույքի հետ: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մենք այնքան էլ լավ չենք պատկերացնում՝ ո՛ր դեպքում ո՛ր ատյանին պետք է դիմենք և ինչ հերթականությամբ:

Եվ եթե մենք պահանջատեր ենք, ինչո՞ւ ենք պահանջում միայն Սիս քաղաքի նստավայրը, գուցե պահանջենք Կիլիկիո կաթողիկոսության ո՞ղջ գույքը: Բայց այստեղից հռետորական հարց՝ արդյոք ունե՞նք մենք այդ թղթածրարները, թե քանի՞ եկեղեցի և եկեղեցապատկան որքա՞ն գույք ունենք ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում»:

Շատ կարևոր հարցադրում է. աշխարհիկ պետությունը չունի հստակ ձևակերպված ուղերձ՝ ի՞նչ է ուզում և ի՞նչ ճանապարհով: Սակայն ունենք նաև հոգևոր իշխանություն, բազմաթիվ ուսանողներ, որոնք հոգևոր կրթություն են ստանում ճեմարաններում և կարող են այդ ուսումնասիրությունները ստանձնել: Ունե՞նք ամբողջական ցանկը՝ ի՞նչ ունենք մենք ժամանակակից Թուրքիայի սահմանում, նկատի ունեմ՝ եկեղեցիներ և եկեղեցապատկան հողեր:

Ուսումնասիրվա՞ծ են Մայր Աթոռի արխիվային նյութերը: Եթե ոչ, ինչ-որ բան սկսում է չափազանց անլուրջ թվալ: Սա էլ Օսմանյան Թուրքիայի արխիվները չեն, որ դժգոհենք, թե թուրքերն այն թաքցնում են կամ ոչնչացրել են ինչ-ինչ փաստաթղթեր: Եվ կամ էլ՝ օսմաներենի մասնագետներ չունենք:

Բայց, միևնույն է, թղթե շերեփի ռոմանտիզմը մեզ անհամեմատ հարազատ է հրեաների պրագմատիզմից: Հետաքրքիր զուգահեռ տարավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հրեաների Հոլոքոստի հետ: «Ոչ մի պետություն Հոլոքոստը չի ճանաչել, ոչ մի նախագահի ուղերձում «Հոլոքոստ» տերմինի ֆետիշացմամբ չեն զբաղվել, և երբևէ չեմ լսել, որ նշվի Հոլոքոստի 50-ամյա կամ 70-ամյա տարելիցը: Բայց փոխարենը` գիտենք, որ հրեաները ստացել են Հոլոքոստի փոխհատուցում, և Հոլոքոստը համաշխարհայնորեն դատապարտելի արարք է»: Վե՛րջ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս