Բաժիններ՝

Ձեռներեցները կսպասեն հուլիսի 1-ի՞ն

ՀՀ կառավարության՝ այսօր հապշտապ ընդունած որոշումը հակասական կարծիքների տեղիք է տվել փոքր ու միջին տնտեսվարողների շրջանում: Ոմանք ողջունում են այն ու տոնում միասնական ջանքերով ձեռք բերված «հաղթանակը», ոմանք էլ գտնում են, որ սա ընդամենը հերթական անգամ խնդիրը հետաձգելու և հետագայում որևէ խորամանկ լուծում գտնելու նպատակ ունի:

Գործադիրը, հիշեցնենք, այսօր նիստ էր հրավիրել՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ շրջանառության հարկի փոփոխությունների վերաբերյալ, և որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: «Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Անհատ ձեռներեց Հարություն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե շատ կուզենար, որ կառավարությունը վերջնական որոշում կայացներ և կրկին չհետաձգեր հարցի լուծումը: Ըստ նրա, դեռ քննարկումներ էին ընթանում, բայց, փաստորեն, գործադիրը որոշում է կայացրել: Կարապետյանի խոսքով՝ առայժմ իմաստ չունի շարունակել բողոքի ակցիաներն ու ցույցերը, որովետև շատ ցուրտ է, ավելի ճիշտ կլինի սպասել մինչև հուլիսի 1-ը, տեսնել, թե ինչ կառաջարկեն իրենց: Սակայն, Հ.Կարապետյանը շեշտեց, որ եթե մինչ այդ իրենց բավարարող հարցին լուծում չտրվի, ցույցերն անպայման կվերսկսեն: «Եթե ապահովեն փաստաթղթավորումը՝ նույն մաքսայինը, նույն խոշորը սահմանից, իհարկե, ավելի լավ, օրենքով կաշխատենք, բայց եթե լինի կամ ու կամ, միանշանակ պետք է կասեցնեք»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս