Բաժիններ՝

Արցախի պետական համալսարանի ասպիրանտների թիվը նվազել է

Այսօր կայացել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստ, որը վարում էր ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախքան նիստի մեկնարկը, ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, Արցախի կրթության և գիտության զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, պետական համալսարանի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով է պարգևատրվել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։

Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել բուհի քաղաքաշինության ամբիոնի վարիչ Ռուդոլֆ Իսրայելյանը։ Նիստի օրակարգի համաձայն, 2013-2014 ուսումնական տարում կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը։ Ներկայացված տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում բուհը մասնագետներ է պատրաստել 33 մասնագիտությունների գծով։

Ի դեպ, մասնագիտությունների ցանկը կազմելիս համալսարանում հաշվի են առնվել պետական քաղաքականության առաջնահերթություններն ու աշխատաշուկայի պահանջները։ Համալսարանի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2666, որից առկա բաժնի ուսանողներ՝1469, որից 571-ն ընդգրկված է եղել անվճար ուսուցման համակարգում։ Մագիստրատուրայի ուսանողների թիվը կազմել է 547։

Ուսանողների 19 տոկոսը բակալավրիատում և 30 տոկոսը՝ մագիստրատուրայում տնտեսաիրավաբանական ֆակուլտետից են։ Մ.Մինասյանի խոսքով, նշված ժամանակահատվածում, պետհամալսարանի ասպիրանտների թիվը կազմել է 44։ Հատկանշական է, որ ընթացիկ տարում Մայր բուհի առաջին կուրսում ասպիրանտներ չկան, մինչդեռ 2013-2014 ուստարում 3-ն են եղել։

Վերջին տարիներին նկատվում է ուսանողների թվի կայուն նվազում,-ընդգծեց բուհի ռեկտորը՝հավելելով, որ 3 տարի առաջ ունեցած 4159 ուսանողի փոխարեն հաշվետու ժամանակշրջանում 3260 ուսանող որը 2 տոկոսով նվազել է։ Վերջին 5 տարիներին շրջանավարտների 25 տոկոսը տնտեսագետներ և իրավաբաններ են եղել։

5,8 տոկոսը՝ ֆիզիկներ և մաթեմատիկներ։ Անդրադառնալով ԱրՊՀ-ում հաշվետու ժամանակահատվածում ուսման առաջադիմության հարցին, Մ.Մինասյանը նշեց, որ առկա համակարգի ձմեռային քննաշրջանում բակալավրատում սովորող 1492, ինչպես նաև մագիստրատուրայում՝ 425 ուսանողների առաջադիմությունը կազմել է համապատասխանաբար՝ 85 և 92 տոկոս, իսկ գերազանցիկների թիվը համապատասխանաբար 183 և 79։

Առկա ուսուցման ամառային քննաշրջանին մասնակցած բակալավրիատից 1469, մագիստրատուրայից՝ 274 ուսանողի ընդհանուր առաջադիմությունը կազմել է համապատասխանաբար 87,5 և 98 տոկոս։ Պետական համալսարանում 2013- 2014 ուստարում կայացել են մեկ տասնյակից ավելի գիտաժողովներ։ Ձևավորվել է ուսանողական գիտական ընկերություն։ Ընդհանուր առմամբ ԱրՊՀ դասախոսները հրապարակել են 184 գիտական աշխատանքներ, որը նախորդ ուստարվա ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս