Քաջարան ԲԿ-ում կատարված ուսումնասիրության արդյունքում ևս 13-ի մոտ հայտնաբերվել է հեպատիտ Ց

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։

Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն։ Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց։ Վիճակագրական տվյալներով` սուր կլինիկական ձևերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում։ Բոլոր վարակակիրները գտնվում են «Նորք» իֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական և բիոքիմիական լավացում։ Նախարարի հանձնարարությամբ` յուրաքանչյուր հիվանդի համար մշակվել է գործելակարգով հաստատված բուժման սխեմա, անհրաժեշտ ախտորոշման և դեղորայքի ցանկ։

Նախարարությունը հորդորում է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին մինչև փետրվարի վերջը ներկայանալ հետազոտության Քաջարանի ԲԿ կամ «Նորք» իֆեկցիոն հիվանդանոց։

Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներին հանձնարարեց կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի և վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սաքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին և մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել։

Միաժամանակ, հանձնարարեց բժշկական ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ամիս սահմանել ամենօրյա ամենաբարձր մակարդակի հսկողություն՝ մինչև նոր պատասխանատուները լիովին կյուրացնեն գործընթացը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս