Բաժիններ՝

«Ցավոք, մեզ մոտ չկան մասնագետներ, որոնք կկարողանան զոմբիին բերել նորմալ վիճակի, որ նա խոսի». Ալեքսանդր Ամարյանը՝ Պերմյակովի մասին

«Զարմանում ես՝ մի բաժակ ջրի համար ինչպե՞ս կարող է մարդ գնալ ու 6 ամսական երեխային սպանել, եթե ջուրը դուրսն է. պարտադի՞ր էր ներս մտնել՝ սպանելու համար: Կամ մի բաժակ ջուր խմելու համար, չեմ կարծում՝ բազայից մարդը պետք է 4 կմ գա հասնի այդ տանը, որ այդտեղից ջուր խմի: Հոգետեռորի (психотерор) հետ կապված, ցավոք, մեզ մոտ չկան մասնագետներ, որ կարողանան համապատասխան սարքավորումներ հայտնաբերել, որ կարողանան զոմբիին բացահայտել, բերել նորմալ վիճակի, որ նա խոսի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Ա. Ամարյանի կարծիքով՝ չկա մարդ, որի վրա հնարավոր չլինի ազդել. եթե որոշվում է զոմբիացմամբ մեկի վրա հոգեբանական ճնշում գործադրել, ապա չկա մի այնպիսի մարդ, որի վրա չկարողանաս ճնշում գործադրել, բացի մի ենթախմբից՝ եթե այդ մարդը սարսափելի խմած վիճակում է գտնվում ու չի գիտակցում ոչինչ: Կա ազդեցության երկու տարբերակ. առաջինը՝ հոգետեռորի հիմքերն են, դա ձայնայինն է, վիզուալը, և երկրորդ տարբերակը՝ նոպայի հիմքի վրա է դրված: Նրա խոսքով՝ մարդու վրա գլխավորապես կարող են ազդել 3 գործոններով՝ տեսողությամբ, լսողությամբ և հոտի զգացողությամբ: Կա նաև «հոգեբանական մատրյոշկա»հասկացողությունը, երբ մեկ խաղալիքի մեջ կան էլի խաղալիքներ, այդպես էլ մարդն է՝ մարդու մեջ կարող է լինել մոտ 4-6 անձ:

«1969թ. Ֆիլիպինների նախագահի վրա մահափորձ էր կատարվել, և երբ մահափորձ անողին բռնեցին, հոգեբանները զգացին, որ այդ մարդու մեջ ինչ-որ տարօրինակություններ կան, ու պարզվեց, որ այդ մարդու մեջ 4 «Ես» կա, որից մեկը մարդասպանն է, մյուսը՝ ինքնասպանության գնացող մարդը: Այսինքն՝ մարդասպանին ծրագիրը տալիս են (իսկ ծրագիրը կարող են տալ նույնիսկ միայն մի հեռախոսազանգով), ծրագիրը կատարելուց հետո՝ նաև մի փոքր այլ ծրագիր՝ վերջում ինքն իրեն վերացնում է: Հիշենք բոլոր քաղաքական սպանությունները (Քենեդի, Մարտին Լյութեր Քինգ…) Նրանց մադասպանները եղել են անհատներ ու չեն գիտակցել, որ ինչ-որ մեկի ծրագրերն են կատարում»,- ասում է Ալեքսանդր Ամարյանը:

Գյումրիում տեղի ունեցած սպանդի մեջ հիմնական մեղադրվող Պերմյակովի հետ քննչական գործողությունների ընթացքից արված անձայն տեսանյութի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Ամարյանն ասաց. «Տեսանյութն ինձ ոչ մի բան չի ասում, որովհետև Պերմյակովին գնահատական տալու համար պետք է մի քիչ ավելի շատ նայել, իսկ այդ փոքր կտորները ցույց են տալիս մարդու միայն անջատված վիճակը: Իսկ այդ վիճակը կարող է լինել սթրեսից, շոկային իրավիճակից, կարող է՝ հենց առաջին օրը լավ ծեծած լինեն, կամ բռնելու ժամանակ դիմադրություն ցույց տված լինի՝ այդ ժամանակ ծեծած լինեն»:

Հրավիրված մյուս բանախոսը՝ հոգեբան Սամվել Խուդոյանը, կարծում է, որ այդպիսի ծրագրավորումներն առհասարակ բարդ գործընթացներ են: Դրա համար շատ միջոցներ են օգտագործվում, երկար ժամանակ է պահանջվում, ուլտրաձայներ են օգտագործվում, թմրանյութեր… Եվ մարդու «Ես»-ը փոխելուց հետո, զուտ սովորական մեթոդներով՝ հնարավոր չէ վերականգնել: Հիպնոսն օգտակար կարող է լինել, օրինակ, կոնկրետ իմ փորձառության մեջ մոտ մեկ տասնյակ դեպք է եղել, երբ մարդը մոռացել է իր հետ կատարված ամեն ինչ, նույնիսկ իր անունը չէր հիշում, բայց այստեղ խոսքն ինչ-որ կյանքի իրադարձությունից հետո է եղել: Եվ մի սովորական հիպնոսն անմիջապես ամեն ինչ վերականգնել էր: Իսկ այն դեպքում, երբ հատուկ ծրագիր է տրվում ու հատուկ նշվում է, որ լրիվ մոռացվի անցյալը, դա կատարվում է հատուկ նպատակով, որտեղ արգելափակված է հիշելու գործընթացը»,- ասում է հոգեբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս